Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել

«Գում»-ի շուկայի մսի տաղավարների 80 տոկոսը գտնվում է բարձր ռիսկային գոտում, ավելին՝ ռիսկի հայտնաբերված մակարդակը չի երաշխավորում սպառողների առողջության ապահովումը: Այս մասին դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին հայտարարություն է տարածել ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնը:

Թե ինչ քայլեր է արել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս խնդրի մասին, լրագրողների համար պարզաբանել է Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

«Վերջին երկու ամիսների ընթացքում ավելի քան 8 հանդիպում է կազմակերպվել ծառայությունում, ինչպես սեփականատերերի, այնպես էլ իրավաբանական անձանց հետ, ովքեր պայմանագրային հիմունքներով վարձակալել են և իրականացնում են մսի վաճառք: Համաձայն ծառայության կողմից տրված հանձնարարականների, արդեն իսկ շինարարական աշխատանքներ են իրականացվում Խորենացի փողոցում և մենք հունվարի 15-ից սկսած արդեն պետք է իրականացնենք դիտարկումներ, որպեսզի հասկանանք՝ այն պարտավորությունները որոնք որ իրենք են ստանձնել՝ կապված վերանորոգման աշխատանքների և շինարարական աշխատանքների իրականացնում են, թե՝ ոչ»,-հայտնեց Դանիելյանը:

Նա նաև նշեց, որ մսի վաճառքի այն կետերը, որոնք որ չեն իրականացնի համապատասխան շինարարական աշխատանքներ և չեն լինի նորմերի սահմաններում, ապա տվյալ տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը կարգելվի: Որպես առաջնային պահանջ կդիտարկվի այն, որ բաց պայմաններում մսի վաճառք չիրականացվի, ներսում սառնարանային պայմաններ լինեն, մշտական հոսող տաք և սառը ջուր, սանիտարահիգիենիկ վիճակ:

«Միաժամանակ ծառայությունը միջնորդել է նաև քաղաքապետարանին և Ջրային պետական կոմիտեին, որպեսզի ջրահեռացման հարցերը կազմակերպվեն և համապատասխան շինթույտվությունների հետ կապված պրոցեսը դյուրացվի, որպեսզի հնարավորինս շուտ իրականացնեն աշխատանքները»-հավելեց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետը:

Նրա խոսքով վաճառքը կսկսեն այն տնտեսվարողները, ովքեր նորմերին համապատասխան շինարարական աշխատանքներ կիրականացնեն, իսկ ժամանակը կախված կլինի հենց իրենցից:

Նյութը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ գործարկվող «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանականերում՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի գործընկեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ա.Չ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել