Օրենքով նախատեսվել է մինչև 82 միլիոն դրամի չափով փոխհատուցում

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հատուցման գումարները վճարվում են հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 1-ից հետո հետևյալ նվազագույն չափերով.

1) զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում`

ա. պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողին` 82.000.000 դրամ,

բ. պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձին` 70.000.000 դրամ,

գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին` 58.000.000 դրամ.

2) առողջությանը պատճառված վնասի հետևանքով`

ա. պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի առաջին խմբի հաշմանդամության դեպքում` 82.000.000 դրամ,

բ. պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի առաջին խմբի հաշմանդամության դեպքում` 70.000.000 դրամ,

գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի առաջին խմբի հաշմանդամության դեպքում` 58.000.000 դրամ,

դ. պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 53.000.000 դրամ,

ե. պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 41.000.000 դրամ,

զ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 29.000.000 դրամ:

Նշված գումարները վճարվում են հետևյալ պայմաններով.

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված գումարից 10.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը` ամսական հավասար վճարներով` 20 տարվա ընթացքում.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերում նշված գումարից 5.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը` ամսական հավասար վճարներով` 20 տարվա ընթացքում:

Եթե Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի երեք կամ ավելի` 18 տարին չլրացած երեխաներ կամ 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը, ապա սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարվող ամսական հավասար վճարին ավելացվում է ամսական լրացուցիչ 100 հազար դրամ: Սույն մասով սահմանված լրացուցիչ գումարի վճարումը դադարեցվում է սույն մասով սահմանված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքը վերանալու, ինչպես նաև հատուցման գումարների վճարման ժամկետը լրանալու կամ հատուցման գումարների վճարման հիմքը վերանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սույն մասի դրույթները կիրառվում են նաև այն դեպքում, երբ սույն մասով սահմանված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքը ծագում է Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվանից հետո: Սույն մասի կիրառման նպատակով`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավարություն) սահմանում է սույն մասում նշված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքերը և դրանց փոփոխման մասին տեղեկությունները բացահայտելու, հավաքելու, մշակելու, համապատասխան պետական մարմիններին և Հիմնադրամին տրամադրելու կարգը, ինչպես նաև սույն մասի 3-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված փաստերի հաստատման նպատակով ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը և ներկայացման կարգը, ներկայացված փաստաթղթերի հիման վրա որոշում ընդունելու կարգը.

2) Հիմնադրամը սահմանում է սույն մասում նշված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքերի վերաբերյալ տեղեկությունների հաշվառման կարգը.

3) եթե զինծառայողի կապակցությամբ տեղի է ունեցել սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված Հատուցման դեպքը, ապա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով այլ բան ապացուցված չլինելու պարագայում համարվում է, որ զինծառայողն ունի 18 տարին չլրացած երեք կամ ավելի երեխա, նաև այն դեպքում, երբ առկա են սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված բոլոր հանգամանքները միաժամանակ, կամ առկա է սույն կետի «դ» ենթակետում նշված հանգամանքը`

ա. երրորդ երեխան կենդանի ծնվել է Հատուցման դեպքը տեղի ունենալու օրը ներառող ամսվան հաջորդող ինն ամսվա ընթացքում,

բ. բժշկական ախտորոշման տվյալներից հետևում է, որ ծնված երեխան սաղմնավորվել է մինչև Հատուցման դեպքը տեղի ունենալու օրը,

գ. Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվան նախորդող` ոչ պակաս, քան ինն ամսվա ընթացքում անընդմեջ երեխայի մայրը հանդիսացել է զինծառայողի կինը, և Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ երեխայի մոր և զինծառայողի միջև ամուսնությունը դադարեցված չի եղել ամուսնալուծության հիմքով, և Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվան հաջորդող ինն ամսվա ընթացքում` որևէ ժամանակահատվածում, երեխայի մայրը կրկին ամուսնացած չի եղել,

դ. եթե առկա են հատուցման գումար վճարելու` սույն օրենքով սահմանված բոլոր այլ հիմքերը, բացակայում են սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում կամ դրանցից մեկում նշված հանգամանքները, սակայն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ ծնված երեխան հանդիսանում է զինծառայողի երեխան:

4. Սույն հոդվածում նշված հատուցման գումարների չափերը Հիմնադրամի խորհրդի որոշմամբ կարող են ինդեքսավորման արդյունքներով ավելացվել` կախված Հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքներից:

5. Կախված Հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքներից` Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կայացնել որոշում`

1) հատուցման գումարների վճարումը նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված 20 տարվա ավարտից հետո շարունակելու վերաբերյալ: Սույն մասում նշված դեպքում վճարման ենթակա հատուցման գումարների չափը և վճարման ժամկետները սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.

2) իր սահմանած որոշակի եղանակներով (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձևով օգնություն, այլ եղանակ) և ժամկետներում հատուցում վճարել նաև Հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:

Եթե հատուցման վճարը նշանակելուց հետո նույն զինծառայողի կապակցությամբ տեղի է ունենում սույն օրենքով սահմանված Հատուցման դեպքի փոփոխություն, ապա շահառուին (շահառուներին) նոր Հատուցման դեպքի հիմքով վճարման ենթակա և նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքի հիմքով արդեն իսկ վճարված գումարների միջև տարբերությունը վերահաշվարկվում է` Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով: Եթե սույն մասում նշված վերահաշվարկի արդյունքներով պարզվի, որ`

1) նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով շահառուին (շահառուներին) վճարված գումարի չափը հավասար է նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա գումարի չափին կամ գերազանցում է դրան, ապա նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա հատուցման գումարը համարվում է վճարված, և նոր Հատուցման դեպքով վճարում չի կատարվում.

2) նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա գումարի չափը գերազանցում է նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով շահառուին (շահառուներին) արդեն իսկ վճարված գումարի չափը, ապա շահառուին (շահառուներին) վճարվում է նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա և նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով արդեն իսկ վճարված գումարների միջև տարբերությունը:

Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` Հատուցման դեպքի փոփոխություն է համարվում`

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված ժամկետում և պատճառով մահանալը.

2) զինծառայողին անհայտ բացակայող համարելուց դադարելը և այդ զինծառայողին առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը.

3) զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխությունը:

 Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել