ՀԿ-ները հայց են ներկայացրել ընդդեմ Հրայր Թովմասյանի

Այսօր` սեպտեմբերի 27-ին, ժամը 15:30,Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն` ք. Մասիս, Հերացու 26/37) տեղի կունենա «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» հկ-ներն ընդդեմ Հրայր Թովմասյանի գործով առաջին դատական նիստը: Հկ-ները հայց են ներկայացրել արդարադատության նախկին նախարար, այժմ` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի դեմ` նշելով, որ վերջինս արատավորել է իրենց գործարար համբավը և պահանջել հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցել 1 մլն դրամ:

Նախապատմությունն այն է, որ 2016 թ. մարտի 30-ին, ընտրական նոր օրենսգրքի շուրջ 4+4+4 ֆորմատով կայացած հանդիպման ժամանակ, ի պատասխան «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի այն պնդմանը, թե «անձամբ մեր կարծիքով, օրինակ` դիտորդական կազմակերպությունները ևս կարծում են, որ իշխանությունը կեղծել ա ընտրությունները, Հրայր Թովմասյանն ասել է. «Դիտորդական կազմակերպությունները…դեմագոգ ու կիսագրագետ ու անգրագետ են ու դրսից սնվող»: Հայցվոր կազմակերպությունների փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Քրիստինա Գևորգյանն իրենց հայցում նշել են, որ Թովմասյանի այս արտահայտությունը հրապարակային է (հանդիպմանը ներկա են եղել 12-ից ավելի մասնակիցներ) և գիտակցված, քանի որ որպես իրավաբան` վերջինս չէր կարող չգիտակցել իր հայտարարությունների արատավորող բնույթը:

Հիշեցնենք, որ Թովմասյանի դեմ հայց ներկայացրած կազմակերպությունները արդեն տևական ժամանակ է, ինչ դիտարկում են ՀՀ-ում ընթացող ընտրությունները:

ԻԵՄ հանրային կապերի պատասխանատու

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել