Վերաքննիչ ատյանը սրբագրում է ստորադաս ատյանի սխալները. ազատության մեջ գտնվող չորս երեխաների հոր պատմությունը

«Կալանավայրում շատը նեղվում էի նրա համար, որ էրեխեքը մենակ էին մնացել: Գիտեք, որ էրեխեքի մոտ մայր չկա, մեկը անչափահաս է, մեկը  բանակում է հիմա: Լուրջ հիվանդություններ ունեն: Դե ես էլ ծնող եմ, նեղվում եմ»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմում է չորս երեխայի հայր, 50-ամյա Դավիթ Մնացականյանը: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնված ժամանակ նա այլ խնդիրներ չի ունեցել, թե խցակիցները, թե ՔԿՀ աշխատակիցները լավ են վերաբերվել իրեն. «Էստեղ էլ են մարդիկ, էնտեղ էլ են մարդիկ: Ես չէի պատկերացնում, որ կարող է էսպես լիներ, դե կյանք է, ոչ մեկ չի սպասում, «գարանտիա չկա, որ նման բան չի պատահի: Էնտեղ էլ իրար հետ հաց ենք կիսել»:

Սաթենիկը, Մանասն ու Տաթևիկը, երբ հայրը կալանավայրում էր, ինքնուրույն ենն հոգացել իրենց ապրուստը: Տաթևիկը 17 տարեկան է, երկվորյակներ Մանասն ու Մնացականը՝ 18, Սաթենիկը՝ 19-ը: Մնացականը բանակում է ծառայում: Նրա երկվորյակ եղբորը՝ Մանասին բանակ չեն զորակոչել՝ առողջական խնդիրների պատճառով: Սոցիալական վատ պայմանների հետևանքով առողջական խնդիրներ ունեն նաև աղջիկները:Still0322_00000-copy

Դավիթ Մնացականյանի բացառիկ դատական գործին ավելի վաղ էինք անդրադարձել. առաջին ատյանի դատարանը համագյուղացուն դանակահարելու համար Մնացականյանին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման և նրա հանդեպ խափանման միջոց ընտրել՝ կալանավորումը:

«Ճիշտ է, դեպքը պատահել էր, բայց մենք բարիշել էինք, իրար հետ լավ հարաբերությունների մեջ ենք, բարևում ենք, հարգում ենք իրար: Պաշտապան չուզեցա վերցնել էդ պահին: Հանրային պաշտպան տրամադրել էին, փոշամանեցի, չվերցրեցի: Մտածում էի՝ պաշտպանն ի՞նչ եմ անում, հարց են տալիս, հարցին պատասխանում էի: Դատավարությունը շարունակվում էր, շարունակվում էր, հետո ես էլ չհասկացա, թե ինչ եղավ»,- Մնացականյանի համար էլ է անսպասելի եղել դատավճիռը. գործում առակա էին մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ, ծանրացուցիչ հանգամանքներ չկային, մեղադրողն էլ միջնորդել էր պայմանական պատիժ նշանակել:

Այս դատավճիռ հրապարակումից հետո միայն գործով պաշտպան ներգրավված փաստաբան Դանիել Գևորգյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ ընտրված պատիժը պայմանականորեն չկիրառելու պահանջով: Նույնաբովանդակ բողոք է ներկայացրել նաև մեղադրող Ա. Սահակյանը: Վերաքննիչ դատարանը մարտի 15-ին բողոքները բավարարեցին և հենց դատարանի դահլիճում Մնացականյանը կալանքից ազատ արձակվեց:

«Շնորհակալ եմ, որ հաշվի առան իմ էրեխեքի էս վիճակը: Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր մտան մեր դրության մեջ: Եկա, հասա իմ երեխեքին, նրանց կողքին եմ»:

Վերաքննիչ դատարանը մինչ խորհրդակցական սենյակ անցնելը Դավիթ Մնացականյանին  հարցեր էր ուղղում ընտանիքի սոցիալական վիճակի մասին. դատավորներին մասնավորապես հետաքրքրում էր, թե արդյո՞ք հնարավոր չէր արդեն իսկ մաշված, ցրտից ու քամիներից չպաշտպանող տնակը քարապատել, որքա՞ն հող ունեն, որքա՞նն են մշակում և այլն:

Արդեն իսկ անմխիթար վիճակում գտնվող տնակում այս ընտանիքն ապրում է 20 տարի: Բակում քարեր են թափված. Դավիթ Մնացականյանը պատմում է, որ ցանկանում էին փոքր տուն կառուցել, բայց համագյուղացու հետ կապված դեպքը պատահեց:

Տնակին հարակից հողամասն է՝ ապրուստի միակ միջոցը. «Ամառը որ գալիս է, ապրում ենք, պոմիդոր, վարունգ, խաղող: Մի տարի լավ է լինում, մի տարի՝ վատ: Անցած տարի խաղողը շատ էր, բայց արժեք չուներ, 50 դրամով չէին առնում: Մի կերպ գոյատևեցինք: Էնքան եկամուտ չի լինում, որ կեսը պահես, մի բան սարքես, եղածը հազիվ հասցնում ես, որ տկլոր, սոված չմնան»:PANO_20160321_143809-copy

Իր չորս երեխաներին Դավիթ Մնացականյանը միայնակ է մեծացրել: Երեխաները փոքր են եղել, երբ կինը թողել-հեռացել է ու չի ցանկացել կապ ունենալ ընտանիքի հետ.

«Գնացել էի գործի, եկա, տանը չէր: Էրեխեքին թողել էր քրոջս մոտ, գնացել էր: Ճիշտ է նեղ էինք ապրում, բայց իմ էրեխեքին ես չէի թողի, ես պահեցի: Էն պստիկ աղջիկս 8 ամսական էր, կաթ էր ուտում: Փորձեցի, երկու անգամ էրեխեքին տարա իր մոտ, որ գոնե կաթ ուտող էրեխուն իր մոտ վերցներ, բայց… Էրեխեքին հետս տարել եմ դաշտ, իրենք քնել են «պալատկի»  տակ, ես բերք եմ հավաքել, քաղհան եմ արել, ջրել եմ, վարունգ-պոմիդոր ենք ծախել, յոլա գնացել»:

Դավիթ Մնացականյանն էլ սրտի հետ կապված խնդիրներ ունի. կալանավորումից հետո վիճակն ավելի է սրվել. «Փորձում եմ շատ չմտածել: Մինչև հիմա մենակ եմ եղել. մարդ հիմա մենակ իրեն չի կարողանում պահել, բայց հասկանում եք, չորս երեխա… Էլի գոհ եմ Աստծուց, որ ողջ-առողջ ենք: Էրեխեքն էլ մեծանում են, օգնում ենք իրար…»: Ու թեև ընտանիքի ծանր պայմաններին, հայրը մտածում է, որ երեխաներից գոնե մեկը կրթություն ստանա. « Մի բան կանեմ, որ Տաթևիկս սովորի: Քույրական է ուզում սովորի…»:

Մինչ վերաքննիչ ատյանի որոշումը, մեր նախորդ հրապարկման մեջ անդրադառնալով այս գործին, նշել էինք, որ Դավիթ Մնացականյանն ու չորս երեխաները սպասում են վերաքննիչ դատարանի մարդասիրական մոտեցմանը: Այսօր արդեն ազատության մեջ և իր երեխաների կողքին գտնվող հայրը վառ օրինակն է, որ դատավճիռները սրբագրվում են. կադրային փոփոխությունները արդյունավետ ազդեցություն են ունենում դատական համակարգի վրա:

Աստղիկ Կարապետյան

Տեսանյութն ու լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել