3 տարի կալանքի տակ գտնվող երիտասարդ կինը հումանիզմի կարիք ունի

30-ամյա Էդիտան շուրջ 3 տարի կալանքի տակ է՝  «Հայբիզնեսբանկ»-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեղադրանքով: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև նրա ամուսինը՝ Տիգրան Հովհաննիսյանը: Իսկ նրանց մանկահասակ որդուն տատիկն է խնամում:

Շուրջ 2 տարի տևող դատավարության ընթացքում Էդիտայի շահերի պաշտպան, փաստաբան Սիմոն Ամիրխանյանը միջնորդել է երիտասարդ կնոջ հանդեպ խափանման միջոց կալանքը վերացնել՝ հաշվի առնելով, որ նա մեղքն ընդունել է, ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, զղջացել է, համագործակցել է նախաքննական մարմնի հետ՝ հանցագործությունը բացահայտելու համար,  դրական է բնութագրվում, ունի մշտական բնակության վայր, նախկինում արատավորված չի եղել, և ի վերջո, ներկայացվել են բազմաթիվ փաստաթղթեր՝ առանց ծնողական խնամքի մնացած  մանկահասակ երեխայի առողջության վատթարացման վերաբերյալ:

Մոր և հոր խնամքից զրկված լինելը, մոր անհետանալը խորը հոգեական ընկճվածության, տագնապների ու վախերի պատճառ է դարձել: Երեխան հոգեբանի և նյարդաբանի մշտական հսկողության տակ է: Նա վախենում է, որ մի օր, ինչպես մայրը, տատիկն էլ կհեռանա իր մոտից ու այլևս չի վերադառնա: Մոր կալնավորումից հետո երեխայի մոտ սկսվել են նկատվել զարգացման շեղումներ: DSC08722-copy

Խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունները մերժվել են: Այժմ պաշտպանը միջնորդել է մեղմ պատիժ նշանակել՝ հաշվի առնելով վերոհիշյալ մի շարք մեղմացուցիչ հանգամանքներն ու ծանրացուցիչ հանգամանքների բացակայությունը. նրա պաշտպանական ճառի մի զգալի մասը վերաբերում էր 4-ամյա երեխայի բժշկական հետազոտություններին, եզրակացություններին, փաստաթղթերին: Երբ պաշտպանը թվարկում էր երեխայի ախտորոշումները, դահլիճում նստած տատիկը լուռ արտասվում էր:

Պաշտպանական կողմը միջնորդել է ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս կիրառել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ պայմանական ազատ արձակելով և փորձաշրջան նշանակելով, կամ Քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածը՝ նախատեսվածից մեղմ պատիժ նշանակել՝ հաշվի առնելով  մեղմացուցիչ հանգամանքներն ու այն, որ այս կինը բարոյական աջակցության և մարդասիրության կարիք ունի:

Մինչ ամբաստանյալի աթոռին հայտնվելը Էդիտան աշխատել է «Հայբիզնեսբանկ» ընկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ: Եղել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ, աշխատելիս է եղել թեկնածուական թեզի վրա, հրապարակել գիտական հոդվածներ: Գործի նյութերի համաձայն՝ ամուսինը զբաղվելիս է եղել ավտոմեքենաների առուվաճառքով, մեծ պարտքեր է ունեցել, պարտատերերի կողմից սպառնալիքներ են եղել ընտանիքի հանդեպ. սպառնալիքներից խուսափելու համար նույնիսկ բնակության վայրն են փոխել:

DSC08724-copy

Էդիտայի ձեռագործ աշխատանքներից

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Էդիտան   հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին, իր լիազորությունները հիշյալ ընկերության շահերին հակառակ օգտագործելով, օգտվելով իր վերադասների կողմից վերահսկողության բացակայության հանգամանքից, երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ:

Ի դեպ, բանկից ներկայացվել է փաստաթուղթ, որ վերոնշյալ գումարների գերակշիռ մասը վերականգնվել է և բանկը գործով անցնող վեց ամբաստանյալի հանդեպ ունի ընդհանուր շուրջ 20 հազար դոլարի պահանջ: Ի դեպ, այս մասով պաշտպանները խնդրել են բանկի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը այս գործի շրջանակներում թողնել առանց քննության:

Արարքը կատարել է ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնության գալով: Դատավարության ընթացքում բազմիցս նշվել է, որ հանցագործությունը կատարել է մշտական սպառնալիքների, սարսափի ազդեցության տակ` փորձելով փրկել երեխային ու ամուսնուն` մարելով վերջինիս կուտակած պարտքերը:

Ներկայումս գործի դատավարությունը ավարտական փուլում է. մեկ շաբաթ անց, ամենայն հավանականությամբ, արդեն կհրապարակվի դատավճիռը: Մեղադրող դատախազը միջնորդել է Էդիտայի հանդեպ որպես պատիժ նշանակել ազատազրկում 5 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առադրված Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի, 1-ին կետով (համակարգչային տեխնիկայի օգնությամբ հափշտակությունը, պատիժ է սահմանվում 4-8 տարվա ազատազրկում) և 214-րդ հոդվածի 2-րդ մասով (լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է առավելագույնը 4 տարի ժամկետով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել