Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ինչպես նաև այլ օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքներն այսօր ուժի մեջ մտան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս օրենքները ստորագրել է 2015թ. դեկտեմբերի 30-ին, նույն օրը դրանք հրապարակվել են պաշտոնական տեղեկագրում: Այս տեղեկատվությունը հաստատեցին նաև Արդարադատության նախարարությունից:
Նշենք, որ այս փաթեթով փոփոխվում է տուգանքների համակարգը, մասնավորապես առավել արդյունավետ կգործի նախազգուշացման ինստիտուտը, ինչպես նաև խստացվում են որոշ իրավախտումների համար նախատեսված վարչական տույժերը:
Նոր փոփոխությունների մասին այսօր հայտարարությամբ է հանդես եկել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հայտարարության մեջ ասվում է.
«Տուգանքների այսպես կոչված, «համաներման» և մյուս իրավակարգավորումների մասին
Հարգելի´ գործընկերներ այսօրվանից ուժի մեջ է մտնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը, ուստի ցանկանում եմ ձեր ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ուժի մեծ մտած օրենքներով սահմանված իրավակարգավորումների վրա:
1. Նոր իրավակարգավորումը հնարավորություն է ստեղծում ամենաշատ տարածումն ունեցող մի շարք իրավախախտումների համար, /ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը, խաչմերուկների անցման կանոնները խախտելը, երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, վարորդների կողմից կանգառ կատարելու կամ կայանելու կանոնները խախտելը և այլն,/ կիրառել ոչ թե տուգանք այլ՝ նախազգուշացում:
2. Այսուհետ՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտում չի համարվում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով և այն չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը:
3. Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցը վարելու դեպքում, ինչպես նաև մգեցված ապակիներով երթևեկելու համար սահմանվել է խրախուսական նորմ, որով անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ կամ տեղում կամ 24 ժամվա ընթացքում վերացնում է խախտման հատկանիշները:
4. Խստացվել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված տուգանքները:
5. այսպես կոչված «համաներումը»՝
ա) 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016 թվականի հունվարի 11-ից հետո ՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասից և կատարողական ծախսերից, այսինքն՝ վճարվում է միայն տուգանքի մայր գումարը:
բ) 2015 թվականի հունվարի 9-ից մինչեւ 2016 թվականի հունվարի 11-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016թվականի հունվարի 11-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից: Նկատի ունենալով, որ նշված ժամանակահատվածում կայացված ակտերի զգալի մասը ուղարկված չեն հարկադիր կատարման՝ կատարողական գործողությունների կատարման համար սահմանված ծախսերի վճարելու պարտականություն չի առաջանում, սակայն եթե ակտը ուղարկված է հարկադիր կատարման, այս պարագայում կվճարվի տուգանքի մայր գումարը և կատարողական ծախսերը՝ առանց ավելացված մասի»:
Մանրամասն տեղեկություններ կգտեք տեսանյութում և ստորև բերված նյութում`
Կարդացեք նաև` Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդներին