Զինապարտ ՀՀ քաղաքացիների անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար դիմելիս նախկինում մինչև 50 տարեկան անձանցից պահանջվում էր զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք: ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում հստակեցվել է գործընթացը և միասնական վարչարարություն կիրառելու նպատակով որոշվել վերը նշված փաստաթղթերը զինապարտ քաղաքացիներից պահանջել մինչև 35 տարեկանը, եթե կդիմեն անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար:
Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն
Վարչարարության փոփոխությունը վերաբերում է անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու գործընթացին:
Նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալու համար դիմելիս վերը նշված փաստաթղթերը պահանջվում են մինչև 50 տարեկանը լրացած զինապարտ ՀՀ քաղաքացիներից:
Այս մասին Իրավաբան.net–ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանից:
Իրավաբան.net-ը նախկինում անդրադարձել էր այս խնդրին և ուրախ ենք, որ մեր կողմից խնդրի բարձրաձայնումից հետո այն որոշակի լուծում է ստացել: