Ռուզաննա Խաչատրյանն՝ ընդդեմ լրատվամիջոցի. տրվեցին բացատրություններ, եղան հայտարարություններ

«Լավ նիստ էր, պետք է ուսանողներ կանչեիք, որ նստեն ու հետևեն ընթացքին, ծանոթանան օրինակելի նիստին»,- Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի հայցի քննությունն այսօր ավարտելով նշեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանը, ով ի դեպ, հենց այս նույն դատարանի նախագահն է:

Իսկ այսօրվա նիստը մեկնարկեց բացատրությամբ: Փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ լրագրող Սյուզաննա Սիմոնյանի իրավունքների պաշտպանը նշեց, որ եղել են որոշ հրապարակումներ՝ ինչպես հայցվորի անձնական կյանքի, այնպես էլ ավտովթարի վերաբերյալ, ինչն էլ հիմք է հանդիսացել վիճարկվող նյութի հրապարակման համար: Կողմը գտնում է, որ հրապարակումը եղել է ողջամիտ: Ըստ Լուսինե Հակոբյանի՝ նախորդող է եղել «Հժամ.ամ» կայքի հրապարակումը, բացի այդ հենց Ռուզաննա Խաչատրյանն է հոդվածին նախորդող ժամանակահատվածում արել ֆեյսբուքյան գրառում՝ նշելով, որ կան խոսակցություններ իր անձի շուրջ ու որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են. «Սա ամբողջությամբ տեղավորվում է ՄԻԵԴ-ի սահմանած ողջամիտ հրապարակում հասկացության մեջ, թեև այդ վթարի փաստի վերաբերյալ ապացույց չունենք, բայց մենք ունեցել ենք բավական հիմք ենթադրելու, որ կարող ենք անել նման հրապարակում»,- ավելի ուշ մեզ ասաց փաստաբանը:

Նա նաև շեշտեց, որ հոդվածը վերաբերել է հանրային կարևորությանը, հանրային դեպքերը, նրա խոսքերով, այդ հետաքրքրասիրության նկատմամբ պետք է հանդուրժողական լինել:

«Հոդվածով այնպես չէ, որ թիրախավորվել է Ռուզաննա Խաչատրյանը կամ Սեյրան Օհանյանը, հանրային կարևորության, հանրային դեպքերի հանդուրժողականության պահանջի վերաբերյալ հոդված է գրվել, նրանք հանդես են եկել որպես օրինակներ՝ նույն Ռուզաննա Խաչատրյանը, Սեյրան Օհանյանը, կար նաև Բիլ Քլինթոնը, Կարլա Բրունին, Անգելա Մերկելը, լրագրողն իր թեզն է փորձել ներկայացնի ու հանրային քննարկում ծավալի»,- ասաց մեր զրուցակիցը:

Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը մի քանի հարցեր ուներ պատասխանողին, նա հետաքրքրվեց նյութի մեջ հղումի առկայության մասին և այլ հարցեր ուղղեց, լսելով պատասխանները՝ եզրահանգեց. «Պատշաճ հղում չկա, այն փաստերը, որ կողմը նշել է վթարի հետ կապված, դա հենց հոդվածագրի կողմից նշված փաստեր են համարվում, մանրամասն անդրադարձել ենք իրավական հիմնավորումներով, հետևաբար հոդվածագիրն է պատասխանատու այդ ամենի համար»,- ասաց պարոն Մեժլումյանը:

Ըստ փաստաբանի՝ լրատվամիջոցը նախապես ծանոթ լինելով Ռուզաննա Խաչատրյանի հերքումներին պարտավոր էր միջոցներ ձեռնարկել՝ պարզելու համար այդ տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, թե՝ ոչ, որից հետո միայն հրապարակեր նյութը. «Ի դեպ, Վճռաբեկ դատարանի նման նախադեպային որոշում կա, որով պատասխանող կողմը էլի «Հրապարակ օրաթերթն» էր, որը էլի նույն ոճով կողմից ճշտել է, որ իրականությանը չեն համապատասխանում այդ տեղեկությունները, սակայն հրապարակել է ու Վճռաբեկ դատարանը գտել է, որ այստեղ խախտում կա, քանի որ այդ տեղեկություն ճշտելը ձևական բնույթ չպետք է կրի»,- նիստից հետո Իրավաբան.net-ի լրագրողին ասաց փաստաբանը:

ՀՀ գլխավոր դատախազությունը նոյեմբերի 6-ին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում` վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների կողմից այդ դեպքը թաքցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին, ուստի նոյեմբերի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Լուսինե Հակոբյանն, անդրադառնալով այս հանգամանքին, ասաց. «Մարդիկ պետք է գնան և քրեական իրավունք ուսումնասիրեն, ո՞նց կարելի է լրագրողական հոդվածը դիտարկել որպես սուտ մատնություն, այդ դեպքում զրպարտության ապաքրեականացման իմաստը որն էր, որ հիմա էլ սուտ մատնության համար պետք է լրագրողներին քրեական պատասխանատվության ենթարկե, թող նման բոլոր հրապարակումները դիտարկեն սուտ մատնություն և լրագրողներին քրեական պատասխանատվության ներկայացնեն»,- մեզ ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ օրաթերթի և լրագրող Սյուզաննա Սիմոնյանի դեմ հայց է ներկայացվել այն բանի համար, որ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, իրավունքը խախտող փաստացի անճշտություններ է հրապարակել: Տիկին Խաչատրյանը պահանջում է, որ նյութը ջնջվի, իսկ պատճառված վնասը՝ հատուցվել, ինչպես նաև հրապարակել հերքումը:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել