Բացառիկ դեպք դատարանում. միջնորդություն՝ լրագրողին արգելել լուսաբանել նիստը

Խուլիգանության մեջ մեղադրվող 30-ամյա Ռ.Գ-ի գործով այսօրվա դատական նիստին  բացառիկ դեպք տեղի ունեցավ. ամբաստանյալը հրաժարվեց ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, թե չի ցանկանում, որ դատական նիստը լուսաբանվի:

Մինչ այս,  նրա պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանին միջնորդեց թույլ տալ իր պաշտպանյալին ցուցմունքը լրացնելու, քանի որ նախորդ դատական նիստին նրա ցուցմունքը որոշակիորեն հուզական էր՝ պայմանավորված անձնական բնույթի հանգամանքներով: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Այնուհետև պաշտպանը հայտնեց, որ ամբաստնյալը ցանկանում է դատարանին ներկայացնել նաև լուսանկարներ և տեսանյութ, որոնք վերաբերում են դեպքի վայրում՝ շենքի դիմացի զրուցարանում գտնվողների վարքագծին, դեպքի օրը տուժող անչափահաս տղայի վնասվածք ստանալուն և նրան օգնություն ցուցաբերելուն: Այդ նյութերը ցուցադրելու համար անհրաժեշտ է համակարգիչ, և  դահլիճ համակարգիչ բերելու համար կարճաժամկետ ընդմիջում հայտարարվեց:

Ընդմիջման ավարտից հետո դատախազը նույնպես միջնորդություն ներկայացրեց. նա իր խոսքում նշեց, թե նախորդ նիստին ամբաստնյալի կողմից տրված ցուցմունքն իր մոտ կասկած է առաջացրել նրա մեղսունակ լինելու վերաբերյալ և միջնորդում է դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել նրա նկատմամբ: Սակայն դատարանն այս միջնորդությունն առանց քննության թողեց, քանի որ դատախազը փորձագետներին ուղղված հարցերը գրավոր չէր ներկայացրել:

Այնուհետև, Ռ.Գ-ն մինչ ցուցմունք տալը դատարանին միջնորդեց նիստերի դահլիճում գտնվող Իրավաբան.net-ի թղթակցին արգելել լուսաբանել նիստը, քանի որ չի ցանկանում, որ իր ցուցմունքը ինտերնետում հայտնվի: Նա իր խոսքում նշեց, թե նաև նախորդ նիստերից առաջ խնդրել է մեզ՝ չգրել իր տվյալները, սակայն մենք գրել ենք: Սակայն, ինչպես նկատելի է նույնիսկ այս հրապարակման մեջ նրա անունը, ազգանունը գրված չէ և գրված չի եղել նաև նախորդ հրապարակներում, քանի որ հարգել ենք իր խնդրանքը:

Դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հայտնեց, որ որևէ լիազորություն չունի լրագրողի մասնագիտական գործունեությունը սահմանափակելու համար, և ցուցմունք տալ-չտալը իր հայեցողությունն է: Ռ.Գ-ն ասաց, թե կարող է ցուցմունքի գրավոր տարբերակը տրամադրել դատարանին, սակայն դատարանն ասաց, որ այն պետք է հրապարակիվ, հակառակ դեպքում ընդունել չի կարող: Ռ.Գ.-ն հրաժարվեց ցուցմունք տալ:

Իրավաբան.net-ի թղթակիցը նախագահող դատարավորին հայտնեց, որ դուրս է գալիս դատարանի դահլիճից, քանի որ զուտ մարդկայնորեն հասկանում է, որ ամբաստանյալի ցուցմունք տալը բխում է հենց նրա իսկ շահերից, մինչդեռ ինքն իրավունք ունի շարունակելու ներկա գտնվել նիստերի դահլիճում: Դատարանն ասաց, որ սա մեր հայեցողությունն է:

Նշենք նաև, որ այս գործը Իրավաբան.net-ի ուշադրության կենտրոնում է, քանի որ  նախաքննության և դատաքննության ընթացքում առաջին ատյանի դատարանը 3 անգամ բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը` Ռ.Գ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Եվ երեք անգամ էլ դատախազի բողոքի հիման վրա` վերաքննիչ դատարանը  բեկանել է առաջին ատյանի որոշումը և անձը նորից կալանքի տակ է վերցվել:

Եվ արդեն չորրորդ անգամ, Իրավաբան.net-ի բավականին մեծ արձագանք ստացած հրապարակումից հետո,  առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշումը երբ նորից բողոքարկվել էր դատախազի կողմից, վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի պահանջը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել