«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14–րդ հոդվածի համաձայն կարգավորվում են այդ հարցի կապակցությամբ ծագող իրավահարաբերությունները։
Այսպես, սպառողների իրավունքների խախտման համար վաճառողը (արտադրողը, կատարողը) կրում է օրենքով և (կամ) պայմանագրով նախատեսված պատասխանատվություն:
Սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման լրիվ չափով` չհաշված սույն օրենքով կամ պայմանագրով սահմանված տուժանքը (տուգանքը):
Տուժանքի (տուգանքի) վճարումը և վնասների հատուցումը վաճառողին (արտադրողին, կատարողին) չի ազատում սպառողի նկատմամբ բնեղենով պարտավորությունները կատարելու պարտականությունից:
Վաճառողը (արտադրողը, կատարողը) ազատվում է պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ պարտավորությունների կատարումը կամ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքի (աշխատանքի, ծառայության) օգտագործման, պահման և փոխադրման սահմանված կանոնների խախտման կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով:
Ի դեպ, հավելենք, որ տուժանքի (տուգանքի) վճարման մասին սպառողի պահանջները պետք է բավարարվեն վաճառողի (արտադրողի, կատարողի) կողմից` կամավոր կամ դատական կարգով: