Նորություններ

Դատարանի կողմից կայացվել է վճիռ, որով բավարարվել է իմ հայցը: Պատասխանող կողմը հրաժարվում է դատական ակտը կամովին կատարելուց: Ինչիպիսի իրավունքներ ունեմ այս դեպքում:


Հարգելի° ընթերցող,


Այն դեպքում, երբ դատարանը կայացրել է դատական ակտ ձեր իրավունքների պաշտպանության և/կամ վերականգման վերաբերյալ, գործով պատասխանողի վրա դրվում է պարտավորություն որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ: Պատասխանողի կողմից դատարանի վճիռը կամովին չկատարելու դեպքում, իրավունք ունեք դիմելու դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` դատական ակտն ի կատար ածելու վերաբերյալ: Այս դեպքում, դուք օրենքով սահմանված կարգով պետք է դիմում ներկայացնեք ակտն ընդունած առաջին ատյանի դատարան` կատարողական թերթ ստանալու խնդրանքով: Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

Կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը: Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

Կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն կնքել հաշտության համաձայնություն, կատարողական թերթով իրավունքները փոխանցել մեկ այլ անձի, ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ, անել միջնորդություններ, մասնակցել կատարողական գործողություններին, տալ բանավոր և գրավոր բացատրություններ, ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել փաստարկներ և նկատառումներ, առարկել կատարողական վարույթին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների և նկատառումների դեմ, հայտնել բացարկներ, բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները, օգտվել սույն օրենքով իրենց վերապահված այլ իրավունքներից: Ընդ որում, կատարողական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են կատարել ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքի պահանջները:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել