Հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումն ու գործունեությունը շատերի մոտ հակասական կարծիքներ առաջ բերեց: ՀԵԻԱ Շիրակի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Գայանե Գևորգյանի կողմ է, որ ՀԿ ներկայացուցիչները ոչ թե լինեն երկու, այլ հինգ և ոչ թե դիտորդի կարգավիճակով, այլ անմիջական մասնակցի, քանի որ նրանք ավելի շատ փորձագիտական հմտություններ կարող են ունենալ ավելի շատ կգտնեն հիմքեր և ավելի հեշտ կլրացնեն բացերը:
«Հասարակական կազմակերպություններից շատերը վախենում են, որ եթե դիտորդի կարգավիճակից ավելի գործող դաշտ տեղափոխվեն կավելանա պատասխանատվությունը, բայց ես կարծում եմ, որ անկախ նրանից, թե տվյալ անձը որ ոլորտն է ներկայացնում` ՀԿ-ներից է, թե կառավարությունից , եթե աշխատում է խորհրդում պետք է պատասխանատվություն ունենա կայացրած որոշումների և շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ»,- նշեց տիկին Գևորգյանը:
Անդրադառնալով ռազմավարությանը՝ նա ասաց. «Ըստ էության՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն կարողանա ազդել որոշումների կայացմանը, այսինքն՝ ռազմավարության ծրագրերը ինչ կարգով ներկայացվելու են հենց այդ կարգով էլ կգործեն, իսկ ես կարծում եմ, որ պետք է հաշվի առնել նաև մնացած անդամների կարծիքները, որոշումները դնել հանրային քննարկման: Կողմ և դեմ քվեարկելով՝ ավելի արդյունավետ կլինի, քանի որ տարբեր ոլորտների ներկայացուցիչները կկարողանան ավելի ամբողջական լուծումներ գտնեն խնդրի լուծման համար»:
Նա նաև նշեց, որ խորհրդի գործունեությունը ունի դրական կողմեր, բայց բացեր գերակշռող են. «Գործունեության աշխատանքներն ավելի շատ դեկլարատիվ բնույթ են կրելու, այսինքն՝ եթե խորհուրդը կատարի որոշումներ՝ ելնելով նախարարության գործունեությունից՝ փաստաթղթային ամրագրողի կարգավիճակ ձեռք կբերի, իսկ ամրագրման արդյունքում բացասական հետևանքների համար պատասխանատվության, պատժի կամ գործունեության հետ կապված փոփոխությունները բաց են մնացել և ըստ էության կստացվի, որ խորհուրդը չի կարողանում շարունակել գործունությունը կամ կշարունակի նույն կերպ աշխատել: Կարծում եմ, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավվածությունը կարող է փոխել շատ բան` հանրային վերահսկողություն մտցնել, ստիպել, որպիսի բացասական երևույթներին տրվի անհրաժեշտ լուծում»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:
Լիլիթ Շաբոյան