Աշխատանքային իրավունքներից՝ նպաստի հատկացման խնդիրներ. իրավաբանների պարզաբանումները

Իրավաբան.net-ն մշտապես «Facebook.com» սոցիալական ցանցի և էլեկտրոնային փոստի միջոցով տարաբնույթ հարցեր է ստանում օգտատերերի կողմից: Հարցերին պատասխանել են ՀԵԻԱ իրավախորհրդատուները:

Հարց – ՀՀ քաղ. դատ օր.-ի 30-րդ հոդվածի համաձայն՝ համապատասխանողները կարող են գործը վարելը հանձնարարել իրենցից մեկին: Այդ հանձնարարությունը ինչպես է կատարվում, գրավո՞ր, բանավոր, նոտարական վավերացմամբ լիազորագրո՞վ, թե այլ կերպ:

Պատասխան – Հանձնարարության պայմանագիրը կնքվում է այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրա: Հանձնարարության պայմանագիրը կնքվում է գրավոր: Վերը շարադրված հոդվածից ելնելով, այն դեպքերում, երբ համապատասխանողները գործը վարելը հանձնարարում են իրենցից մեկին, ապա պետք է կնքվի հանձնարարության պայմանագիր քաղ. օրենսգրքի 782 հոդվածի պայմաններին համապատասխան:

Հարց – Աշխատել եմ սուպերմարկետում, գիշերային ժամին գինովցած հաճախորդի հետ կոնֆլիկտ եղավ, ինձ ասացին, որ թեկուզ ինձ հարվածեն, ես իրավունք չունեի ոչինչ ասելու: Ինձ ասացին, որ հաճախորդն ունի անսահման իրավունք, իսկ աշխատողը՝ ոչ մի: Հիմա չեն ցանկանում ինձ հետ վերջնահաշվարկ կատարել: Արդյոք իրավունք ունեն իմ 23 օրվա աշխատանքի դիմաց գումար չտալ՝ համարելով, որ տուգանում են ինձ:

Պատասխան – ՀՀ Սահմանադրությանբ` բոլորը հավասար են օրենքի առջև և առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով: Ձեր գործատուի նման պահանջները, խոսքերը ոչ մի իրավական նորմով նախատեսված չեն, ավելին մարդու իրավունքների տիպիկ ոտնահարում օրինակ են: Եթե Ձեր գործատուն իր նախաձեռնությամբ ցանկանում է աշխատանքային պայմանագիրը լուծել, այն պատճառով որ վեր է դասել հաճախորդի իրավունքները Ձեր իրավունքներից, ապա դա ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 114-ի 4 մասի 4 կետի համաձայն հանդիսանում է արգելք և գործատուն չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը: Եթե, այնուամենայնիվ, Ձեզ հեռացնեն աշխատանքից դուք կարող եք դիմել դատարան և վերականգնել Ձեր աշխատանքը և խախտված իրավունքները: Ինչ վերաբերվում է նրան, որ ձեզ հետ չեն ցանկանում վերջնահաշվարկ կատարել և գումար չտալ Ձեզ` Ձեր կատարած 23 օրվա աշխատանքի դիմաց, ապա անկախ նրանից, թե ում նախաձեռնությամբ է լուծվում աշխատանքային պայմանագիրը ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 130-ի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:

Հարց – Ի՞նչ կարգով է կատարվում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելն ու ո՞ր երկրներ կարող է անձը դիմել նոր քաղաքացիություն ստանալու համար:

Պատասխան – Քաղաքացիության մասին ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն: Ընթացակարգը իրականացվում է հետևյալ կերպ. օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին պետք է դիմի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան եզրակացությամբ փաստաթղթերն ուղարկվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Եթե քաղաքացին գտնվում է ՀՀ տարածքում, ապա պետք է դիմել ՀՀ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում փաստաթղթերն ուղարկվում են ՀՀ արտաքին գործերի նախարարություն` համապատասխան եզրակացության ստանալու նպատակով: Այնուհետ փաստաթղթերն ուղարկվում են Ազգային անվտանգության ծառայություն` համապատասխան եզրակացության ստանալու նպատակով: Համապատասխան եզրակացությունը ստանալուց հետո ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ նախագահի աշխատակազմ, իսկ քաղաքացին ծանուցվում է, որ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Նախագահի աշխատակազմ: Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ՀՀ նախագահը ստորագրում է հրամանագիր՝ քաղաքացիությունը դադարեցնելու մասին: Հրամանագիրը ուղարկվում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով քաղաքացին իրազեկվում է ՀՀ Նախագահի հրամանագրին: Դիմելու առումով կարող եք դիմել ցանկացած պետության իրավասու մարմնին քաղաքացիություն ստանալու համար։

Հարց – Մենք բազմիցս դիմել ենք հետծննդաբերական նպաստ 18000 ՀՀ դրամ ստանալու համար, սակայն ամեն անգամ մի պատճառաբանությամբ մերժում են։ Այս անգամ էլ գործատուն մեզ ուղարկեց գրանցման հետ կապված հարցեր լուծելու՝ պատճառաբանելով, որ ես գրանցված չեմ ամուսնուս հասցեով, դա արեցինք, սակայն հիմա էլ պնդում են, որ մեր հասցեում, մեր հետ չբնակվող այլ մարդիկ են գրանցված, խնդրում եմ պարզաբանել, եթե ես միայն աշխատանքիս համար եմ նպաստ ստանալու արդյոք անհրաժե՞շտ է իմ գրանցումը կամ այդպիսի փաստաթղթեր:

Պատասխան – Հայաստանի Հանրապետության կառավարություն 18 նոյեմբերի 1992 թվականի N 584 որոշման համաձայն` Հղիության և ծննդաբերության նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բուժհիմնարկների կողմից սահմանված կարգով տրված հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը: Այլ փաստաթղթեր չեն կարող հիմք ծառայել նպաստ վճարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել