Իրավաբան.net-ն մշտապես «Facebook.com» սոցիալական ցանցի միջոցով տարաբնույթ հարցեր է ստանում օգտատերերի կողմից: Այսուհետ՝ մենք պատասխանները կհրապարակենք կայքում: Հարցերին պատասխանել է ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ, իրավաբան Առնոլդ Վարդանյանը:
Հարց – 23 տարեկանը լրացած երկկողմանի ծնողազուրկ անձը կարո՞ղ է բուհում անվճար սովորել:
Պատասխան – Ոչ, քանի որ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները:
Հարց – Ինձ տուգանել են 20 հազար դրամով՝ կարմիր լույսով անցնելու համար: Ես գտնում եմ, որ տուգանքը սխալ է՝ կապված այլ մեքենայի սխալի պատճառով ու այժմ ուզում եմ բողոքարկել, բայց նախ կուզեի հստակեցնել՝ արդյոք արժե՞ բողոքարկել, թե՞ ոչ:
Պատասխան – Անձի դատական բողոքարկման իրավունքը Սահմանադրորեն ամրագրված և սահմանափակման ոչ ենթակա իրավունքների շարքին է դասվում և երբ անձը գտնում է, որ տեղի է ունեցել իր իրավունքների խախտում, ապա իրացնելով իր Սահմանադրական իրավունքը դիմում է դատարան, Ձեր դեպքում ելնելով նշածս հանգամանքներից եթե գտնում եք, որ խախտվել է Ձեր իրավունքը, ապա դիմեք վարչական դատարան և վիճարկեք դատական կարգով Ձեր նկատմամբ կայացված վարչական ակտը:
Հարց – Եթե 18 տարեկան տղան, որն արդեն զորակոչվել է բանակ, բայց ունի երկու երեխա, ապա ազատվո՞ւմ է բանակից:
Պատասխան – Եթե զինակոչիկը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ձեռք է բերել զինվորական ծառայությունից ազատվելու և զորակոչից տարկետում ստանալու իրավունք՝ Ձեր դեպքում ընտանեկան դրության բերումով երկու և ավելի երեխա ունենալու դեպքում, արձակվում և հաշվառվում են որպես պահեստազորայիններ` մեկամսյա ժամկետում: Զինծառայողներին արձակելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:
Հարց – Թույլատրվում է արդյոք միաժամանակ գրանցվե՞լ և աշխատել 2 տեղ:
Պատասխան – Այո թույլատրվում է և համարվում է համատեղությամբ աշխատանք, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն՝ համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքային ժամանակից դուրս, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է: Աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ: Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ: Համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:
Հարց – Արդյոք ազդո՞ւմ է համաներումը այն մարդու վրա, ով արդեն մեկ անգամ ստացել է համաներում, սակայն այժմ այլ հոդվածով է դատապարտված:
Պատասխան – Հարցի պատասխանը կախված է կիրառվելիք համաներման ակտի բովանդակությունից, եթե Ձեր նշած «այլ հոդվածը» ներառված է համաներման ակտում, ապա սահմանափակումը կիրառվել չի կարող, քանզի համաներման ակտը կրում է նորմատիվ բնույթ:
Հարց – Եթե իմ տրանսպորտային միջոցի խախտման արձանագրությունը ստացել եմ 3 տարի հետո, սա ուժի՞ մեջ է, թե կարող եմ բողոքարկել:
Պատասխան – Վարչական բողոքը կարող է բերվել կայացված վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում: Ձեր հարցի պատասխանը կախված է այն հանգամանքից, թե երբ եք ծանուցվել տրանսպորտային միջոցի խախտման արձանագրության առկայության մասին, հենց այդ պահից էլ սկսվում է Ձեր բողոքարկման ժամկետը:
Հարց – Ես գնել եմ մեքենա, սակայն ոստիկանությունում ձևակերպում չի արվել: Այժմ մեքենայի սեփականատերը մահացած է, իսկ ժառանգները չեն ցանկանում բացել ժառանգություն, պատճառաբանելով, որ ժառանգներից երկուսը գտնվում են արտասահմանում, և նրանց հետ դժվար է կապ հաստատել, նույնիսկ լիազորագիր չեն կարող ուղարկել: Ի՞նչ կարող եմ անել ես այս պարագայում:
Պատասխան – Քանի որ Ձեր տրանսպորտային միջոցի առքուվաճառքը կատարվել է առանց օրենքով սահմանված ընթացակարգի պահպանման, ապա ակնհայտ է, որ Դուք որևէ իրավունք չունեք այդ գույքի նկատմամբ: Ինչ վերաբերվում է տրանսպորտային միջոցը որպես ժառանգություն ընդունելու հանգամանքին, ապա նախ նշեմ, որ ժառանգություն չբացելու պատճառաբանությունը տեղին չէ, քանի որ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, այսինքն՝ խնդիրը կայանում է ժառանգությունը ընդունելու մեջ, որի իրավասությունը պատկանում է բացառապես ըստ օրենքի ժառանգներին, եթե իհարկե չկա կտակ: