Ինձ հետաքրքիր է, կարող է արդյո՞ք նվիրատուի ցանկությամբ վերացվել նվիրատվության պայմանագիրը և ո՞րն է նվիրատվության ու կտակի միջև տարբերությունը:
Հարգելի° ընթերցող,
Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմին (նվիրառուին) անհատույց, որպես սեփականություն հանձնում կամ պարտավորվում է հանձնել գույք, կամ իրեն կամ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է կամ պարտավորում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորություններից: Նվիրատվությունը համարվում է անհատույց գործարք, քանի որ նվիրատուն նվիրաբերվող գույքի դիմաց որևէ հատուցում չի ստանում: Ընդ որում, կարևոր օրենսդրական պահանջ է, որ նվիրատուն պետք է լինի իրավունակ և գործունակ, այսինքն` ունակ լինի ստանձնելու իրավունքներ և պարտականություններ, կրելու պատասխանատվություն իր կատարած արաքների համար: Որոշ դեպքերում հնարավոր է, որ նվիրատուն ցանկություն հայտնի վերացնել նվիրատվությունը: Այս հարցը ունի իր իրավական կարգավորումը: Այսպես, նվիրատուն կարող է վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ: Եթե նվիրառուն դիտավորությամբ կյանքից զրկում է նվիրատուին, ապա դատարանով նվիրատվությունը վերացնելու պահանջի իրավունք են ձեռք բերում նվիրատուի ժառանգները: Նվիրատուն իրավունք ունի դատական կարգով պահանջել վերադարձնելու նվիրատվության առարկան, եթե նվիրառուի վերաբերմունքը նրան նվիրված գույքի նկատմամբ դրա անդառնալի կորստի սպառնալիքներ է ստեղծում: Իսկ ի՞նչ վերաբերում է նվիրատվության և կտակի տարբերությանը, ապա առաջնային պետք է նշել, որ կտակը դա միակողմանի գործարք է, եթե միայն կտակարարի համաձայնությունն ու ներկայությունը բավական է կտակի կազմման համար, ապա նվիրատվության պայմանագրի դեպքում և° նվիրատուի, և° նվիրառուի ներկայությունը պարտադիր է, այնուհետև, նվիրատվության պայմանգիրը ուժի մեջ է մտնում և սկսում է գործել կնքման պահից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, իսկ կտակը` կտակարարի մահից հետո: