Գույքային խնդիրներից՝ ամուսնալուծություն. իրավաբանի պարզաբանումները

Իրավաբան.net-ն մշտապես «Facebook.com» սոցիալական ցանցի միջոցով տարաբնույթ հարցեր է ստանում օգտատերերի կողմից: Հարցերին պատասխանել է ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ, իրավաբան Առնոլդ Վարդանյանը:

Հարց – Կա հողատարածք, որի համասեփականատերերից մեկը ես եմ: Կարո՞ղ եմ տարածքային կադաստրային բաժանմունքից տեղեկություններ իմանալ սեփականության վկայականի վերաբերյալ և հարկ եղած դեպքում արխիվից այն վերցնել:

Պատասխան – Այո կարող եք, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական եկամուտների կոմիտեի տարածքային բաժանմունքը, ինչպես և յուրաքանչյուր մարմին ելնելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածից, ինչպես նաև ՀՀ «տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից:

Հարց – ՀՀ Պոլիկլինիկաներում մեծահասակների դեպքում ամբուլատոր քարտից (анкета) քաղվածք վերցնելը վճարովի՞ է, թե՝ ոչ: Սա այն դեպքում, երբ քաղվածքը պետք է տրամադրվի ՀՀ ռազմաբժշկական հանձնաժողով (ուղեգիրն առկա է):

Պատասխան – անկախ այն հանգամանքից թե ամբուլատոր քարտից քաղվածքը պետք է տրամադրվի ցանկացած ինչպիսի մարմին, այն տրամադրվում է անվճար հիմունքներով Հայաստանի Հանրապետության բոլոր վարչատարածքային միավորների պոլիկլինիկաներում:

Հարց – ՀՀ քաղաքացին հիմնադրել է կազմակերպություն ՍՊԸ և նշանակվել իր հիմնադրած ՍՊԸ-ի տնօրեն: Նույն քաղաքացին գործունեությունը իրականացնում է իրեն պատկանող տարածքում: Հարցս հետևյալն է՝ պետք է արդյո՞ք քաղաքացին իրեն պատկանող անշարժ գույքի օգտագործման համար կնքի գույքի անհատույց օգտագործման պայմանագիր իր և իր որպես ՍՊԸ ի տնօրենի միջև և դա վավերացվի նոտարի կողմից, ինչպես նաև ստանա պետական գրանցում կադաստրում:

Պատասխան – Ոչ, միևնույն անձը ինքն իր հետ (միջև) գործարք չի կարող կնքել: Դուք, Ձեր նշած ընթացակարգով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կարող եք կնքել բացառապես այլ քաղաքացիաիրավական սուբյեկտի հետ՝ եթե Ձեր նշած տարածքը նրան տրամադրելու կամահայտնություն հայտնեք:

Հարց – Ես 6 տարի է, ինչ ամուսնացած եմ ու արդեն 2 տարի է ամուսնուցս առանձին եմ ապրում, երեխայի ծնունդից հետո արդեն 1.3 ամիս է անցել, նախկին ամուսնուս ծնողները երեխայիս չեն եկել տեսնեն, չեն զանգել ու ոչնչով չեն օգնել, իսկ ամուսնուս ես չէի արգելում, երբ ցանկանում էր տեսնել, թողնում էի, իսկ հիմա մեր մեջ կոնֆլիկտ կա, նա ցանկանում է երեխային տանել իրենց տուն: Ի՞նչ ելքեր կան, որ արգելում են երեխային նրանց տուն տանել, բացի այդ, եթե մենք մենակ հայրություն ենք ճանաչել, ես կարո՞ղ եմ ազգանունը փոխարինեմ իմ ազգանունով:

Պատասխան – Նախ տեղեկացնեմ, որ ամուսնուց առանձին ապրելը չի դադարեցնում Ձեր և Ձեր ամուսնու միջև առկա ամուսնական իրավահարաբերությունը և եթե ցանկանում եք, ապա կարող եք դիմել ՔԿԱԳ (ԶԱԳՍ) ամուսնալուծության պահանջով (եթե առկա է ամուսինների փոխհամաձայնությունը, եթե ոչ ապա դիմեք դատարան): Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ երեխան ունի իր ծնողներից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք, նույնիսկ ծնողների միջև ամուսնության դադարեցումը չի հանգեցնում այդ իրավունքի դադարեցման, բացառությամբ այն դեպքերի երբ այդպիսի շփումը բացասաբար է անդրադառնում երեխայի նկատմամբ և վնասում նրա շահերին: Ինչ վերաբերվում է ազգանուն փոխելուն, ապա եթե ծնողները ապրում են առանձին, և ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, այդ հարցը լուծվում է` հաշվի առնելով մյուս ծնողի կարծիքը: Մյուս ծնողի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե` Ձեր մատնանշած հանգամանքներում, նա, առանց հարգելի պատճառների, խուսափում է երեխային դաստիարակելուց ու պահելուց:

Հարց – Ես լսել եմ, որ համատիրություններին բնակչի պարտքն ունի այսպես կոչված հնության ժամկետ (ներողություն եմ խնդրում, եթե ձևակերպումն այնքան էլ կոռեկտ չէ).ավելի կոնկրետ՝ գոյացած պարտքը 3 տարի հետո զրոյացվում է: Շատ կուզենայի իմանալ, թե որ հոդվածում է սա ամրագրված:

Պատասխան – Որպես այդպիսին՝ Ձեր կողմից մատնանշված իրավակարգավորմամբ մեխանիզմ գոյություն չունի, թե՛ «Համատիրության մասին», թե՛ «բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքներով համատիրության անդամը համատիրության պարտավորությունների համար կրում է պատասխանատվություն` համատիրության հանդեպ իր ունեցած պարտավորությունների չափով, որոնք պարտավորվում է կատարել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել