Ինչո՞ւ է նոտարը արտասվել առաջին անգամ աշխատասենյակ մտնելիս

41 տարի համակարգում. «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ռոզա Սահակյանը 1974 թվականից աշխատել է այս մասնագիտությամբ: Նա հիշում է, որ առաջին անգամ աշխատասենյակ մուտք գործելով չի կարողացել արցունքները զսպել: Նոտարը պատմում է, որ խորհրդային տարիներին իրավագիտության ֆակուլտետների շրջանավարտները չէին հետաքրքրվում այս մասնագիտությամբ: Ի՞նչ է փոխվել ներկայումս նոտարական համակարգում, ինչո՞ւ է նոտարը արտասվել մտնելով իր աշխատասենյակը, ի՞նչ դիրքորոշում ունի նա նոտարական ծառայությունների վարձավճարների չափսերի մասին և ինչպիսի՞ն է տիկին Սահակյանն ընտանիքում: Այս և այլ հարցերի պատասխանները կգտնենք «Հայաստանի նոտարները» նախագիծի հերթական հարցազրույցում:

Ե՞րբ եք մտել այս համակարգ:

1974 թվականից աշխատում եմ՝ որպես նոտար, սկզբում Սպանդարյան շրջանի նոտարական գրասենյակ էր սա կոչվում, այնուհետև անվանվեց Կենտրոն» նոտարական գրասենյակ: Այսինքն՝ մոտավորապես 41 տարի աշխատում եմ որպես նոտար:

41 տարի համակարգում, քիչ բան չէ: Խնդրում եմ՝ հակիրճ ներկայացնել նոտարի մասնագիտությունը, ինչո՞ւ ընտրեցիք հենց այն ու արդյոք այս մասնագիտությունը կարո՞ղ է մարդուն բարեկեցիք կյանքով ապահովել:

Իհարկե, այն ժամանակ երբ ես ավարտում էի համալսարանը, 1974 թվականն էր, եթե անկեղծ լինեմ՝ ոչ մեկը չէր ցանկանում նոտար աշխատել: Նոտարի դերը հասարակությունում և ընդհանրապես՝ քաղաքացիաիրավական հարաբերություններում, հեղինակավոր չէր: Բոլորը ձգտում էին դատարան, դատախազություն, փաստաբանական հաստատություններ, այնպես ստացվեց, որ ես նոտարական համակարգն ընտրեցի, և մինչև այսօր աշխատում եմ այստեղ: Երբեք չեմ փոշմանել: Նշեմ, որ այնպիսի օր չկա, որ ինձ չզանգահարեն երիտասարդ նորտարներն ու խորհուրդ չհարցնեն, ես պատրաստ եմ երիտասարդներին ամեն ինչով օգնելու: Նաև նշեմ, որ օրենքով նշված է նոտարի պաշտոնավարման տարին 65 տարի, կարծում եմ, որ այն պետք է հանել, եթե նոտարը 10 տարվա ընթաքում որևէ կարգապահական տույժի չի ենթարկվել, արժանացել է պարգևների և այլն, կարելի է թույլ տալ, որ նրա աշխատանքային կյանքը որոշակի չափով բարձրացվի, որովհետև ես արդեն այդ շեմին եմ:

Բայց ուզո՞ւմ եք համակարգում մնալ:

Իհարկե, ես փորձ ունեմ, եթե իմ դուռը բացեցին ու նայեցին, ես արդեն գիտեմ՝ նա խարդախ է, թե՝ ոչ:

Ասացիք, որ ավելի երիտասարդներին խորհուրդներ եք տալիս, ո՞րն է Ձեր հիմնական ու առաջնային խորհուրդը:

Նախ առաջին հերթին, երբ երիտասարդները գալիս են ինձ մոտ ստաժավորման, ասում եմ՝ Ձեր առաջին առաքելությունը մարդկանց նորմալ ընդունելն է ու նրանց նորմալ վերաբերվելը: Նրանց պետք է դիտարկել՝ որպես ծնող, եղբայր կամ քույր: Երբեք չի կարելի կոպտել քաղաքացուն, հետաձգել նրա աշխատանքներն: Միշտ պետք է ընդառաջել:

Դուք պրակտիկայում զգացել եք նաև այն բոլոր բարեփոխումները, որ տեղի են ունեցել նոտարական համակարգում: Ինչպե՞ս կգնահատեք դրանք ներկայիս փուլը:

Խորհրդային տարիներին բոլոր նոտարական գրասենյակները գտնվում էին շատ վատ վիճակներում՝ քանդված կամ կիսաքանդ, որևէ մեկը ուշադրություն չէր դարձնում դրանց վրա: Երբ ես եկա այստեղ աշխատանքի, առաջին օրը մտա այս գրասենյակ, ես անկեղծա ասած՝ հուզվեցի ու լացեցի, որովհետև մտածեցի, որ ես այսքան տարիներ սովորել եմ ու գարշահոտության մեջ պետք է աշխատեմ: Սա մի օրինակ: Ընդհանուր ասեմ, որ ես անգամ համեմատության եզրեր չեմ կարողանում գտնել ներկայիս և նախկին նոտարական համակարգերի միջև, որովհետև այսօր նոտարը հասարակության մեջ մեծ դեր է կատարում: Քաղաքացիական իրավահարաբերությունների մեջ չկա այդպիսի մի բնագավառ, որտեղ նոտարի կարիքը չլինի: Ամենաբարդ գործողությունները նոտարը կատարում է: Նոտարի կատարած աշխատանքի շնորհիվ որոշակի իմաստով նաև բեռնաթափվում են դատարանները: Եվ վերջապես՝ մարդը գործարք է կատարում, որ գնա տուն և հանգիստ քնի: Պետք է աչալուրջ լինել և ուշադիր, գործին նվիրվել, որևէ սխալ չանել, որ մարդը հանգիստ գնա ու քնի՝ ասելով, որ օրինակ՝ ձեռք բերեց իր ունեցվածքը:

Այսօր օրենսդրական փոփոխություններ են իրականացվում, բացի այդ ներդրվում է էլեկտրոնային նոտար համակարգը: Ինչպե՞ս է Ձեր վերաբերմունքն այս խնդիրներին:

Ես ասացի, որ նույնիսկ համեմատության եզրեր չեմ կարող գտնել: Այսօր իհարկե նոտարիատն լրիվ այլ համակարգ է: Դու կարող ես էլեկտրոնային եղանակով ոստիկանության բազայից քաղաքացու տվյալները իմանալ, հարցումներ ստանալ, կարող ենք էլեկտրոնային ռեգիստրի կայք մտնել՝ պարզելու, թե տվյալ կազմակերպությունը իրոք գոյություն ունի, ինչ պարտքեր կան և այլն: Այն ժամանակ, անգամ դեպքեր էին եղել, որ մարդիկ խաբում էին, հնարավոր չէր խարդախների գործողությունները կանխել: Իսկ այսօր բավականին փոխվել համակարգը: Այդ համակարգի ձևավորման, զարգացման համար մեծ դեր ունեն նաև Արադարադատության նախարարությունն ու նոտարական պալատը: Պալատը գերազանց է աշխատում: Նոր ընտրված նախագահն ու նոտարական հանձնաժողովը գերազանց աշխատում են, ամեն ինչ անում են, որ մեր աշխատանքը թեթևացնա, իսկծառայությունները դառնան ավելի մատչելի՝ որդեգրելով մեկ պատուհանի սկզբունքը:

Փետրվարի 19-ին կառավարության քննարկման թեման էր նոտարական ծառայունների վարձավճարները:

Ես հետևել եմ քննարկումներին: Խոսքը հետևյալ հանգամանքի մասին էր, որ կտակման արժեքը 7000 դրամ է, որից 5000-ը ծառայությունների վճարն է, իսկ 2000 ՀՀ դրամը՝ պետական տուրքն է: Եթե քաղաքացին կտակի գործարքը կնքելուց հետո փոշմանել է ու գալիս է այն վերացնելու, ապա դա կարժենա 12 000 ՀՀ դրամ: Տարբերությունը սա է: Մինչ այս ՍԴ-ն ընդունել է, որ կտակը վերացնելու վերաբերյալ դիմումը, որ մենք նախկինում հաստատում էինք ընդամենը 1000 ՀՀ դրամով: ՍԴ-ն այդպիսի մի նոտարական գործով ընդունել է, որ դիմումը գործարք է ու պետք է գործարքի բնույթ տալ, իսկ դա նշանակում է 12 հազար ՀՀ դրամ: Հիմա, օրինակի համար, թոշակառու տարեց կին է եկել և դժվարանում է այդ գումարը տալ: Այո, երբեմն զիջումների եմ գնում, բայց ինչն է խնդիրը, եթե 7000 դրամ տալիս է կտակ պատրաստելու համար, իսկ 12 հազար ՀՀ դրամով վերացնում, ըստ իս՝ դա ճիշտ չէ:

Վարչապետը նաև հորդորեց, որ քայլեր ձեռնարկվեն նվազեցնելու ծառայության գումարը:

Կարծում եմ, որ քննարկման ընթացքում պետք է իջեցնել, որովհետև մարդիկ ստիպված ասում են, որ եթե վերացնելը 12 հազար ՀՀ դրամ արժի, ապա ավելի լավ է նոր կտակ անեմ՝ 7000 դրամով:

Գործնականից անցնենք անձնականին: Խնդրում եմ ներկայացնել Ձեր ընտանիքը:

Ես ամուսնացած եմ ունեմ 7-ը թոռ և մեկ ծոռնիկ: Թոռնիկներիցս մեկը, ով իմ անվանակիցն է, սովորում է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսում, ենթադրում եմ, որ նա էլ կընտրի նոտարի մասնագիտությունը: Ամուսինս ֆիզիկոս է, իսկ տղաս՝ իրավաբան, սակայն մասնագիտությամբ չի աշխատում, աղջիկս բժշկուհի է:

Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:

Անկեղծ ասած՝ ես շատ սիրում եմ երաժշտությունը, միշտ տուն գնալիս թոռնիկս ինձ համար դաշնամուր է նվագում: Բացի այդ, այսօր գիրք նվիրելու օրն է, ես շատ եմ սիրում Թումանյան կարդալ, նամանավանդ այս քաղաքական իրադարձություններից հետո աշխատում եմ կարդալ Հովհ. Թումանյանի հառաչանքը, որում այնպիսի մտքեր կան, որ ներկայումս շատ արդիական են:

Հարցազրույցը` Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի

Լուսանկարներից մի քանիսը`  Ռոզա Սահակյանի անձնական արխիվից 

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Կարդացեք նաև`

ՀՀ նոտարական պալատի նախագահը` անձական և գործնական հաջողությունների մասին

«Կարելի է ասել, որ միայն քահանայի ու նոտարի մոտ է քաղաքացին իր սիրտը բացում». Գյումրիի նոտար

«Նոտարը կեղծ գործարքներ կնքելու և գումարներ աշխատելու համար չէ». Աստղինե Սարգսյան

«Նոտարն ավելի մեծ առաքելություն ունի, քան կնիք դնելն է». Մարինե Մանուկյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել