«Ինչպե՞ս կարելի է կնոջը բերել, որ իր համաձայնությունը տա». նոտարի խնդրանքին զարմանքով էին արձագանքում Գավառում

 ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նոտար Նունե Մանուչարյանը գրեթե հավասարապես աշխատել է Գեղարքունիքի մարզում՝ Գավառի տարածաշրջանում: Նոտարն ասում է, որ երկու մարզերի բնակիչների միջև իրավագիտակցության ակնառու տարբերություն կար: Տիկին Մանուչարյանի հետ զրուցել ենք տարբեր հարցերի շուրջ՝ սկսել նրա աշխատանքային գործունեությունից և ավարտել նոտարական համակարգի բարելավման վերաբերյալ հարցով:

Ի՞նչն էր խորհրդային տարիներին զավեշտալի թվացել նոտարի համար այդ ժամանակ որպես «Կամոյի» շրջան հայտնի՝ Գավառում: Ի՞նչ խնդիրներով են հաճախ դիմում նոտարին և ինչո՞ւ է գնալով բարդանում այս աշխատանքները: Մանրամասները կարդացեք «Հայաստանի նոտարները» նախագիծի հերթական հարցազրույցում:

Նախագիծն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀՀ նոտարական պալատի համագործակցության շրջանակներում:

– 1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել եք ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը: Տարբեր նոտարներ ինձ հետ հարցազրույցում ասել են, որ խորհրդային տարիներին սեփական նախաձեռնությամբ չէին ընտրում աշխատավայրը, այլ միանգամից բուհից գործուղում էին նրանց: Ձեր պարագայում նույնպե՞ս այսպես եղավ:

– Այո, ավարտելով համալսարանը գործուղվել եմ Կամոյի շրջան՝ 1989թ. նշանակվել եմ աշխատանքի այն ժամանակ Կամոյի անվան նոտարական գրասենյակում, ներկայիս՝ «Քյավառում», ինչպես ասում է ժողովուրդ: Այստեղ գործունեություն եմ ծավալել շուրջ 13 տարի: 2003թ.-ից արդարադատության նախարարի հրամանով տեղափոխվել եմ Կոտայք նոտարական տարածք:

– Իսկ չե՞ք փոշմանել, որ հենց այս աշխատանքը Ձեզ բաժին ընկավ:

– Բոլորովին, ես շատ սիրում եմ իմ մասնագիտությունը, սիրում եմ նախ իմ ժողովրդին, հետո ինձ համար այս աշխատանքը կյանքի իմաստ է դարձել, օգնելով մարդկանց՝ ես ինձ լավ եմ զգում:

– Ի՞նչ տարբերություն կարող եք նշել երկու նոտարական գրասենյակների միջև:

– Կամոյի շրջանի ժողովուրդն ավելի ավանդապաշտ ժողովուրդ էր, մինչդեռ այստեղ՝ Աբովյանում մարդիկ բազմաբնույթ են, տարբեր տեղանքներից են նրանք եկել՝ կան Բաքվից, Կիրովաբադից, Ղարաբաղից, տարբեր են նաև բնավորությունները: Գավառում մի բնավորության ու տիպի մարդիկ էին՝ նույն տարածքում ապրող, նույն ավանդույթներով ու սովորույթներով:

– Ի դեպ, ես Գավառում հաճախ եմ առիթներ ունեցել զրուցել քաղաքացիներ հետ: Ըստ էության՝ այնտեղ կարծրատիպային մտածելակերպն արմատացած է, ընդ որում՝ դա վնասում է նաև կանանց իրավունքներին: Նման խնդիր արձանագրե՞լ եք:

– Իհարկե, երբ առաջին տարիներին աշխատում է այդ շրջանում, խնդրում էի տղամարդ բնակիչներին իրենց կնոջը հետ ներկայանալ գրասենյակ, որպեսզի գործարքի համար համաձայնություն ձեռք բերվի, նրանք շատ խիստ զարմանում էին՝ ասելով, թե ինչպե՞ս կարելի է կնոջը բերել, որ իր համաձայնությունը տա: Հետագայում սովորեցին այդ պայմանին:

– Ասացիք՝ Կոտայքի մարզում տարբեր բնույթի մարդիկ են: Ինչպիսի՞ն է նրանց իրավագիտակցության մակարդակը:

– Իմ կարծիքով՝ իրավագիտակցությունն այս տարածաշրջանի ժողովրդի մեջ ավելի բարձր է: Մարդիկ առավել գրագետ են ու իրազեկ իրենց իրավունքներին: Մնացած բոլոր բացերը մենք աշխատում ենք լրացնել: Այդ տեսանկյունից մենք զգալիորեն բարձրացրել ենք մարդկանց իրավագիտակցությունը: Օրինակ՝ ժառանգությունների հետ կապված խնդիր կար, եթե նախկինում ժառանգություն ձևակերպելու համար մարդիկ միշտ գալիս էին մահից 6 ամիսն անցնելուց հետո, և մենք ստիպված էինք նրանց խնդրել, որ դատական կարգով վերականգնեն ժամկետը, սակայն ներկայումս կատարված աշխատանքների արդյունքում մարդիկ տեղյակ են, որ հանգուցյալի մահից հետո մինչև 6 ամիսը պետք է դիմել նոտարական գրասենյակ, բացել ժառանգական գործ, այնուհետև 6 ամիսն անց՝ երբ ցանկանան, ներկայանալ ու ժառանգական գործն ավարտին հասցնել:

– Եթե նայենք վիճակագրությանը, ապա հիմնականում ի՞նչ խնդիրներով են նոտարական գրասենյակ դիմում:

– Տնտեսական վիճակի վատթարացման հետ կապված շատացել են փոխառության պայմանագրերը, գրավները՝ թե՛ բանկերի, թե՛ ֆիզիկական անձանց միջև: Նույն պատճառով ավելացել են ժառանգների միջև վեճերը, հիմա բոլորը ցանկանում են ժառանգություն ստանալ, ժառանգների միջև վեճերը կանխելու համար շատ աշխատանքներ ենք տանում: Աշխատում ենք խուսափել դատական վեճերից: Նոտարի աշխատանքը նաև դատական վեճերի կանխումն է, որը մենք հաջողությամբ անում ենք:

– Շատ հաճախ մարզային նոտարներից դժգոհություններ են լինում, որ այս աշխատանքը չի ապահովում իրենց կեցությունը. հաճախորդներն են քիչ: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

– Երևի առավել հեռավոր շրջաններում այդ խնդիրը կա: Մեր շրջանում գործարքներն ավելի շատ են ու մարդիկ կարողանում են վճարել նոտարներին:

– Նոտարը պետք է նաև հոգեբան լինի. շատ եմ լսում նման պնդում: Համամի՞տ եք և ի՞նչ խնդիրներ եք հիմնականում ունենում աշխատանքի ժամանակ:

– Այո, ոչ միայն լավ մասնագետ, այլ նաև հոգեբան, որ կարողանա քաղաքացիների ծանր հոգեվիճակի մեջ մտնել: Մենք աշխատում ենք անել ամեն ինչ օրենքի շրջանակներում, և դիրքորոշմամբ, որ մարդը գոհ հեռանա, աշխատում ենք հիմնականում վարվել այնպես, որ այս դժվար կյանքում մարդիկ գոնե մեզնից գոհ մնան:

– Ի՞նչ է ձեզ տալիս էլեկտրոնային նոտար համակարգը:

– Մենք տվյալներ ենք ստանում անձնագրային բաժնից, ՃՈ-ից, միացած ենք պետական ռեգիստրին, կադաստրին և ՊԵԿ-ին, կարողանում ենք առցանց հաշվետվություններ ուղարկել ու ստանալ: Այս համակարգը դյուրացնում է աշխատանքը և այն դարձնում առավել արագ ու որակյալ: Իհարկե, թերություններ կան, բայց ապագայում կուղղվեն: ԱՊՀ երկրներում այդ փորձն առկա է, վերջերս ես գործուղվել էի Ղազախստան, այս երկրում առավել շատ էին այդ ցանցերը, օրինակ՝ ունեին անգործունակների, պարտատերերի և մահացածների ցանց: Տարբեր օգնող ցանցեր կան այլ երկրներում, մեզ մոտ համակարգը նոր է ներդրվում և հուսով եմ՝ ապագայում մենք կունենանք օժանդակող ցանցեր, որոնց միջոցով էլ կաջակցենք մարդկանց:

– Ձեր ընտանիքում նույնպես ապագա իրավաբաններ կա՞ն:

– Ոչ, ես ինքս չէի ցանկանա, որ երեխաներս իրավաբան լինեն, նրանք այլ մասնագիտություններ են ընտրել: Մենք բոլորս խստապահանջ ենք նախ մեր նկատմամբ ու այդ նույնը աշխատել եմ սերմանել երեխաներիս մեջը, կարծում եմ՝ ինձ դա հաջողվել է:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Կարդացեք նաև`

Եթե իմ դուռը բացող չլինի, իմ ծառայությունից ոչ ոք չօգտվի, նշանակում է՝ ես իզուր եմ աշխատում. նոտար Վերա Աբաջյանը

«Տարիների փորձը նոտարին հոգեբան է դարձնում»

Ինչո՞ւ է նոտարը արտասվել առաջին անգամ աշխատասենյակ մտնելիս

ՀՀ նոտարական պալատի նախագահը` անձական և գործնական հաջողությունների մասին

«Կարելի է ասել, որ միայն քահանայի ու նոտարի մոտ է քաղաքացին իր սիրտը բացում». Գյումրիի նոտար

«Նոտարը կեղծ գործարքներ կնքելու և գումարներ աշխատելու համար չէ». Աստղինե Սարգսյան

«Նոտարն ավելի մեծ առաքելություն ունի, քան կնիք դնելն է». Մարինե Մանուկյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել