«Տարիների փորձը նոտարին հոգեբան է դարձնում»

ՀՀ Արդարադատության Նախարարության Երևան քաղաքի «Աջափնյակ» նոտարական տարածքի մուտք գործելիս քաղաքացիները առաջարկեցին ուշադրություն դարձնել անմխիթար պատերին և սենյակային վատ պայմաններին, մինչդեռ ծառայությունների որակի մասին այլ պատկեր էր: Շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հետ զրույցում պարզվեց, որ ծառայությունների որակը անմխիթար պայմանների հակապատկերն է. նրանք մեզ փոխանցեցին, որ գոհ են սպասարկման որակից:

Նոտարի մասնագիտության, նոտարական գրասենյակի վատ պայմանների և ծառայության որակի մասին զրուցել են «Աջափնյակի» նոտար Ռոզա Առաքելյանի հետ: Մանրամասները՝ «Հայաստանի նոտարները» նախագծի հերթական հարցազրույցում:

– Տիկին Առաքելյան, Դուք ավարտել եք ԵՊՀի իրավագիտության ֆակուլտետը խորհրդային տարիներին:

– Այո, 1981 թվականին:

– Առիթ եմ ունեցել շփվելու Ձեր սերնդի նոտարների հետ, ովքեր նշել են, որ այդ տարիներին նոտարի մասնագիտությունն, այսպես ասեմ՝ այնքան էլ «մոդայիկ» չէր: Համամի՞տ եք արդյոք այս մտքի հետ ու ինչո՞ւ որոշեցիք հենց նոտար դառնալ:

– 1981թ.-ին, երբ ավարտում էի համալսարանն, յուրաքանչյուր ոք չէր կարող ազատորեն դիպլոմ ստանալ և ինքնուրույն ընտրել իր աշխատավայրը, համալսարանն սեփական նախաձեռնությամբ էր նշանակումը կատարում, ընդ որում՝ նշանակում էր այնտեղ, ուր ազատ հաստիք կա: Ես, հաշվի առնելով իմ բնավորությունն ու էությունը, ցանկանում էի որևէ կազմակերպությունում իրավապաշտպան կամ փաստաբան լինել, որովհետև նստակյաց աշխատանքը ինձ համար չէր: Այդուհանդերձ ստացվեց այնպես, որ համալսարանն ավարտելու ժամանակաշրջանում, ինձ ուղարկեցին արդարադատության նախարարության իրավասության տակ, որտեղ էլ առաջարկեցին որպես նոտար աշխատել՝ Արագածի շրջանում, բնականորեն համաձայնվեցին:

– Չե՞ք փոշմանել կատարվածի համար:

– Ոչ, ես իմ աշխատանքը սիրում եմ:

– Բայց, այն նստակյաց է:

– Այո, սակայն ես այն սիրում եմ, քանի որ ավելի շատ գնահատում եմ, որ մարդը կարողանում է օգտակար լինել բնակչությանը, ես բավականին լավ եմ ինձ զգում, երբ քաղաքացիները գոհ են մնում սպասարկումից: Բացարձակապես չեմ փոշմանել:

– Իսկ հիմա նոտարի մասնագիտությունը «մոդայի՞կ» է:

– Գուցե «մոդայիկ» բառը չօգտագործեմ, բայց այն լուրջ մասնագիտություն է: Պետք է հմուտ լինես այս աշխատանքում, քանի որ պահանջները հիմնովին փոխվել են. խորհրդային տարիներին սեփականության իրավունքով սակավ գույք էր պատկանում քաղաքացիներին, ուստի նոտարների աշխատանքային ծավալը քիչ էր, իսկ հիմա փոխվել են քաղաքացիական հարաբերություններն և աշխատանքի ծավալը, բացի այդ նոտարի աշխատանքի պահանջներն են ավելացել: Այնուամենայնիվ այսօր որպես նոտար աշխատել ցանկացողները շատ են: Ամեն ինչից զատ, սա նաև հարգալից աշխատանք է, մենք ամեն օր արժանանում ենք քաղաքացիների հարգանքին, գովասանքին և իհարկե՝ մերժելու դեպքում մարդիկ նաև զայրանում են: Այդուհանդերձ, նրանք մեծամասամբ հասկանում են, որ նոտարն օրենքին հակառակ ոչինչ չի կարող անել և մերժում է օրինական ձևով:

 – Առցանց և մեկ պատուհանի սկզբունքով գործող էլեկտրոնային նոտար համակարգ նորամուծություն է նոտարական ծառայության ոլորտում: Ի՞նչ է այն փոխել ձեր գործունեության մեջ և ինչքանո՞վ է բարձրացրել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

– Բավականին դյուրին է դարձել և՛ մեր, և՛ քաղաքացիների աշխատանքը: Մինչ այս մենք քաղաքացիներին խնդրում էինք տարբեր մարմիններից բերել փաստաթղթեր, այժմ կարողանում ենք այդ փաստաթղթերը որոշակի չափով ստանալ էլեկտրոնային կարգով: Իհարկե, համակարգը դեռ լիարժեք չի գործում, դեռևս ամբողջական տեղեկատվությանը մեզ հասանելի չէ, սակայն ժամանակի ընթացքում այս խնդիրը նույնպես կլուծվի:

– Ի՞նչ հացերով են հաճախ դիմում նոտարին, որո՞նք են գերակշռում:

– Գերակշիռ մասը ժառանգությունների հետ կապված հարցերն են: ԶԼՄ-ների միջոցով մենք ծանուցեցինք հասարակությանը, որ պետք է ժառանգության համար նոտարին դիմել հանգուցյալի մահից հետո 6 ամսվա ընթացքում, որպեսզի ժառանգության ժամկետ բաց չթողնվի և հետագա բարդույթներից քաղաքացիները խուսափեն: Հիմա առկա է դրական տեղաշարժ: Բացի այդ, քաղաքացիները դիմում են անշարժ գույքի, լիազորագրերի, համաձայնությունների և ստորագրությունների:

– Արդյոք նոտարի մասնագիտությունը հնարավորությո՞ւն է տալիս ապահովել սեփական անձի և ընտանիքի բարեկեցիկ կյանքը:

– Մենք ունենք նոտարական գրասենյակներ ու նոտարներ, որ անգամ գրասենյակը չեն կարողանում պահել, հատկապես շրջաններում, որովհետև գործարքների քանակն քիչ է: Գյուղական վայրերում աշխատող նոտարները բավականին քիչ գումար են ստանում, որպեսզի կարողանան ապահովել իրենց ընտանիքի բարեկեցիկ կյանքը: Մայրաքաղաքում դա թերևս բավարարում է, որ անձը կարողանա մարդավայել ապրել:

– Դուք նաև Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերի հանձնաժողովի նախագահն եք: Ի՞նչ գործառույթներ է իրականացնում այս հանձնաժողովը:

– Հանձնաժողովը մեկ տարվա պատմություն ունի, այն ուսումնասիրում է նոտարական պրակտիկան, վեր է հանում հարցեր, որոնք խնդրահարույց են: Օրինակ՝ կա բաց օրենքում և բաց պրակտիկայում: Իրավաբանությունն առաձգական հասկացություն է, ուստի մենք աշխատում ենք, որ իրավական դաշտում եղած բացերը, իսկ բացեր իրականում կան, հանձնաժողովը վեր հանի ու միասնական որոշում կայացնի:

– Հանձնաժողովի վերջին նիստին ի՞նչ խնդիրներ են վեր հանվել ու արդյոք դրանց լուծում տրվե՞լ է:

– Մենք այսօր ունենք հանձնաժողովի նիստ, այն կապված է բազմաբնակարան շենքերի պայմանագրերի հարցի հետ: Քննարկում ենք օրենքը, որպեսզի կարողանանք ունենալ պայմանագրերի և ակտերի ձևեր:

– Ձեզ այցելում են տարաբնույթ մարդիկ, ի՞նչ մոտեցում եք ցուցաբերում նրանց հետ շփման ժամանակ:

– Տարիների փորձը նոտարին հոգեբան է դարձնում, անգամ մեկ հայացքից երևում է, որ անձն ունի խնդիրներ, եթե կարողանաս վեր հանել այդ խնդիրը, բնականորեն հարկավոր է մեղմ, հանգիստ և օրենքով բացատրել: Վերջում զայրացած մարդը հանգիստ շնորհակալություն է հայտնում և դուրս է գալիս:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Կարդացեք նաև`

Ինչո՞ւ է նոտարը արտասվել առաջին անգամ աշխատասենյակ մտնելիս

ՀՀ նոտարական պալատի նախագահը` անձական և գործնական հաջողությունների մասին

«Կարելի է ասել, որ միայն քահանայի ու նոտարի մոտ է քաղաքացին իր սիրտը բացում». Գյումրիի նոտար

«Նոտարը կեղծ գործարքներ կնքելու և գումարներ աշխատելու համար չէ». Աստղինե Սարգսյան

«Նոտարն ավելի մեծ առաքելություն ունի, քան կնիք դնելն է». Մարինե Մանուկյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել