Արաբկիր տարածքի նոտար Սյուզաննա Նազինյանի մոտ միշտ կասկած են հարուցել այն քաղաքացիները, ովքեր գրասենյակ են գալիս աշխատանքային օրվա ավարտին և խնդրում հրատապ կարգով կարևոր գործարքներ հաստատել: Նոտարն ասում է, որ նման դեպքերում չի շտապում և միշտ ստուգում է փաստերը, իր փորձառությունը ցույց է տվել, որ խարդախները հաճախ են այսկերպ կեղծ գործարքներ անում. «Մեր պրակտիկայում եղել են կեղծ սեփականության վկայականներ կամ միասնական տեղեկանքներ, երբ փորձել են կեղծ փաստաթղթերով մեկ այլ անձի գույքը վաճառել, եղել են նաև ամուսնության կեղծ վկայականներ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նոտարի խոսքերով՝ որպես կանոն այս գրասենյակ դիմում են ժառանգական հարցերով, մյուս կողմից էլ քաղաքացների շրջանում այս ոլորտում իրազեկվածության պակաս կա. հանգուցյալի հարազատները ժառանգության հարցերով դիմում են սահմանված ժամկետից ուշ՝ վեց ամիսն անց:
Եթե նոտարների համար այս ոլորտում իրազեկվածության պակասն է խնիր, ապա քաղաքացիները դժգոհում են թարգմանիչների աշխատանքից: Մեր զրուցակիցը փոխանցեց, որ ոլորտը կարգավորված չէ, գնեն էլ՝ անկայուն:
Այս համակարգում առկա պրակտիկ և օրենսդրական խնդիրների մասին զրուցել ենք նոտարի հետ:
– Ի՞նչ խնդիրներ կան նոտարական համակարգում, որոնք դուք կառանձնացնեք։
– Խնդիրներ առաջանում են հիմնականում քաղաքացիների իրավագիտակցության ցածր մակարդակաի պատճառով, օրինակ՝ հաճախ քաղաքացիները դիմում են ժառանգական հարցերով՝ բաց թողնելով ժամկետը, խոսքը վեցամսյա ժամկետի մասին է։ Այս խնդիրը միշտ կա, թեև ամեն օր քաղաքացիներին նախազգուշացնում ենք։
– Իսկ Ձեր նոտարական գրասենյակում իրազեկվածությունն ապահովվա՞ծ է։
– Այո, ամբողջությամբ պատերին փակցրված են սակագները և այլն, նույնիսկ բողոքների դեպքում համապատասխան պաստառներն են փակցրված, որ քաղաքացիներն իրազեկված լինեն։
– 2014թ․ ներդրվեց էլեկտրոնային նոտար համակարգը, ներկայումս դուք մուտք ունեք մի շարք մարմինների բազաներին, որքանո՞վ է դյուրինացվել ձեր աշխատանքը։
– Մեր աշխատանքը բավականին դյուրինացվել է, դյուրինացվում է նաև քաղաքացու աշխատանքը, այն առումով, որ այլևս ստիպված չեն լինում փաստաթղթերի համար այս կամ այն մարմնին դիմել, միանգամից մեկ պատուհանի միջոցով կարողանում է նոտարն այդ հարցերը լուծել։ Մենք կարողանում ենք տեսնել գրանցված մահը, ամուսնությունները, ինչպես նաև հետախուզվող անձնանց բազային ենք միացել, կտակների բազան է ամբողջությամբ թարմացվել և այլն։
– Իսկ սակագների արժեքը բարձրացե՞լ է։
– Ոչ սակագները որևէ ձևով չեն փոխվել, կառավարության որոշումով հստակ սանդղակներով տրված են։ Ավելի գումար գանձելը հնարավոր չէ, որովհետև պատին փակցրված է ամենը, բացի այդ քաղաքացիները նախապես մոտենում են ու ճշտում գինը, իսկ գործարքից հետո մենք ՀԴՄ ենք տրամադրում, այսինքն՝ որևէ հավելյալ գումար գանձելը անհնար է։
– Քաղաքացիները ձեզ դժգոհե՞լ են սակագներից։
– Դրանց բարձր լինելու հետ կապված չեն դժգոհում, համենայն դեպս մեր գրասենյակում նման խնդիր չի եղել, հիմնականում թարգմանիչների ու թարգմանությունների համար են դժգոհում՝ նշելով, որ գները բավականին բարձր են։
– Այդ ոլորտը, նկատի ունեմ նոտարական թարգմանություններ դաշտը բազմազա՞ն չէ, որն էլ իր հետ կբերի մրցակցություն և գների իջեցում։
– Ամեն մի թարգմանիչ ինքն է որոշում, թե որքան գումար գանձի իր կատարած աշխատանքի համար, ամեն դեպքում նոտարն ունի միայն 500 դրամ գանձելու պետական տուրք և նույնքան ծառայության վճար, ինչը չես կարող ասել թարգմանչի դեպքում։ Հիմնականում դժգոհությունն առաջանում է տարբեր գների առնչությամբ, մեկ տեղ անձնագիրը թարգմանում են մի գնով, մեկ այլ տեղ՝ ուրիշ գնով։
– Ի տարբերություն նոտարների գործունեությանը, թարգմանիչների աշխատանքը կարգավորված չէ օրենսդրությամբ, այդպե՞ս չէ։
– Այո, նրանց աշխատանքը կարգավորված չէ ու դրա կարիքն ունի։
– Որոշ նոտարներից դժգոհություններ եմ լսել՝ կապված հարկումների հետ, նշվում է, որ նոտարներն ամենաբարձ հարկվող սուբյեկտներից են, դուք ի՞նչ եք կարծում այս խնդրի վերաբերյալ։
– Բնականաբար բավականին բարձր է, նույնիսկ ամենաբարձրն է, հատկապես հաշվի առնելով այն հանագամանքը, որ նոտարը գործում է ինքնաֆինանսավորմամբ՝ տարածքի վարձակալում, կոմունալ վճարումներ, այդ ամենից զատ հարկվում է նաև 20 տոկոս շրջանառության հարկ։ Շատ նոտարներ վնասով են աշխատում։
– Մարզերո՞ւմ է սուր այդ խնդիրը։
– Ոչ միայն, նաև Երևանում, հատկապես, եթե տարածքը վարձակալված է։
– Քաղաքացիները, որպես կանոն ի՞նչ հարցերով են ձեզ դիմում։
– Ինձ մոտ մեծամասամբ ժառանգական հարցերով են դիմում ։
– Նախորդ տարի ընդունվեց Նոտարիատի մասին նոր օրենքը, որը մի շարք նորամուծություններ է բերելու, մասնավորապես իրավաբանական փաստի հաստատումը, նոտարների նկատմամբ պատասխանատվության մեխանիզմները։ Արդյոք իրավաբանական փաստի հաստատում դուք իրականացրել եք և ի վերջո՝ ի՞նչ է լուծել այս օրենքը։
– Այդ առումով բավականին թեթևացվել է քաղաքացու հոգսը, այլևս դատարան չի դիմում, դիմում է նոտարին և նոտարը մեկ պատուհանի սկզբունքով հաստատում է իրավաբանական փաստը և այլն։ Հետաքրքիր է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը բավականին հաճախ էին դիմում փաստի հաստատման համար, բայց դրանից հետո դեռևս չեն դիմել։ Բացի այդ, պատասխանատվություն է սահմանվել անզգուշությամբ նոտարի կողմից քաղաքացուն վնաս պատճառելու համար, եթե նախկինում միայն դիտավորյալ պատճառված վնասի համար էլ, հիմա փոխվել է, նոտարը անզգուշությամբ պատճառված վնասի համար գույքային պատասխանատվության է ենթարկվում։
– Ձեր պրակտիկայում նման նախադեպ եղե՞լ է, որ անզգուշությամբ անձին վնաս պատճառեք։
– Ոչ, չի եղել։
– Մեր երկրում գրեթե ոլորտ չկա, որը զերծ չլինի կոռուպցիայից, ի՞նչ կասեք ձեր ոլորտի մասին։
– Կոռուպցիոն ռիսկեր գրեթե չկան, այն առումով, որ ամբողջը փակցրված է պատերին, քաղաքացիներն իրազեկ են, եթե նախկինում նոտարը ՀԴՄ չէր տրամադրում, հիմա դա պարտավոր է անել։
– Ասում եք՝ գրեթե կոռուպցիոն ռիսկ չկա, ենթադրում եմ, որ որևէ չափով ամեն դեպքում կա, ինչի՞ մասին է խոսքը։
– Այսպես ասեմ՝ քաղաքացիները հաճախ դիմում են խորհրդատվության համար, նոտարը ևս իրավունք ունի խորհրդատվության համար պահանջել համապատասխան վճար, պարզապես մեր հասարակությունում դեռևս պատրաստ չէ նոտարին խորհրդատվության համար վճարելու, երբ ասում ենք, որ խորհրդատվությունը վճարովի է, այնպես չէ, որ նոտարը պարտավոր է անվճար փաստաթղթերը ստուգել և այլ գործառույթներ իրականացնել, նշում են, որ այլևս չեն ցանկանում պայմանագիր կազմել։ Ամեն դեպքում, երբ նրանք գնում են իրավաբանական խորհրդատվության ցանկացած իրավաբանի կամ փաստաբանի մոտ, նրանք պատրաստ են ցանկացած ձևով վճարել, սակայն ոչ նոտարին։ Նման դեպքերում, երբ անձն ասում է, որ ի վիճակի չէ վճարելու, քանի որ գործարքը տեղի չի ունցել, մենք գումար չենք էլ պահանջում։ Կառավարության կողմից սահմանված կարգով նոտարն իրավունք ունի փաստաթղթեր կազմելու և այլ աշխատանքների իրականացնելու համար 5-10 հազար դրամ գումար գանձել:
– Նոտարի աշխատանքում, չի բացառվում, որ ռիսկային իրավիճակներ լինեն, երբ անձիք փորձ խարդախության գնալ, նման դեպքերի առնչվե՞լ եք:
– Շատ հաճախ մեզ բերում են լիազորագրեր Ռուսաստանից, որոնք կեղծված են, նման դեպքերում մենք հնարավորություն ունենք զանգահարելու և ճշտելու, թե արդյոք այդ լիազորագրերը վավերացրել են մեր ռուս գործընկերները, թե՝ ոչ։ Եղել են դեպքեր, երբ նրանք հաստատել են, որ նման լիազորագիր չի բավարարվել։
– Այդ պարագայում արդյոք համագործակցո՞ւմ եք ոստիկանության հետ։
– Այո, մեր պրակտիկայում եղել են կեղծ սեփականության վկայականներ կամ միասնական տեղեկանքներ, երբ փորձել են կեղծ փաստաթղթերով մեկ այլ անձի գույքը վաճառել։ Որպես կանոն այդ անձիք գալիս են օրվա վերջ՝ ժամը 18։00-ի մոտ, և ցանկանում են շատ արագ գործարքը վավերացնել, ինչը կասկած է հարուցում, սակայն ներկայումս էլեկտրոնային նոտար համակարգի միջոցով բավականին այդ ամենը պարզելը։ Նույնը ամուսնության կեղծ վկայականներ են ներկայացրել և այլն։ Նման դեպքերը շատ են։
– Անցնենք անձնական բնույթի հարցերին՝ ինչո՞ւ որոշեցիք հենց նոտարի մասնագիտությունն ընտրել։
– Երևի թե դա մանկության երազանք է եղել, հիշում եմ՝ բավականին վաղ հասակում, երբ դեռ 6 տարեկան էի, գործի բերումով եղել եմ նոտարի մոտ, տեսել, թե ինչպես էր նոտարը բացատրում քաղաքացիներին իրենց իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիները գոհունակությամբ դուրս են գալիս, հենց այս հանգամանքն էլ ինձ ոգևորեց։
– Արդյոք նոտարի աշխատավարձը բավակա՞ն է, որ անձը արժանավայել կենցաղ ունենա։
– Բավականին հարաբերական է պատասխանը, այն կարծրատիպերը, որ եթե անձը նոտար է, ուրեմն բավականին բարձր գումար է վաստակում, նման բան չկա, հատկապես մեր պարագայում, երբ հարկերը բարձր են։
– Ի՞նչ եք սիրում անել ազատ ժամանակ։
– Հիմնական ժամանակը անցկացնում են երեխայիս հետ։
– Մե՞կ երեխա ունեք։
– Այո, որդի ունեմ։
– Քանի՞ տարեկան է։
– Շուտով վերց տարեկան կդառնա։
– Այսինքն՝ դեռ չի կողմնորոշվել մասնագիտության հարցում։
– Որոշել է նկարիչ դառնալ, դեռ նման որոշում ունի (ժպտում է)։
Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի
Լուսանկարները՝ հեղինակի
Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան
Կարդացեք նաև՝
Նոտարների կողմից վճարվող հարկը ամենաբարձրն է․ պալատի նախագահ
Նոտարական համակարգում գրեթե չկա կոռուպցիա. նոտար Լիլիթ Մուրադյան
«Տարիների փորձը նոտարին հոգեբան է դարձնում»
Ինչո՞ւ է նոտարը արտասվել առաջին անգամ աշխատասենյակ մտնելիս
ՀՀ նոտարական պալատի նախագահը` անձական և գործնական հաջողությունների մասին
«Կարելի է ասել, որ միայն քահանայի ու նոտարի մոտ է քաղաքացին իր սիրտը բացում». Գյումրիի նոտար
«Նոտարը կեղծ գործարքներ կնքելու և գումարներ աշխատելու համար չէ». Աստղինե Սարգսյան
«Նոտարն ավելի մեծ առաքելություն ունի, քան կնիք դնելն է». Մարինե Մանուկյան