Նոտարը պետք է լինի ոչ միայն լավ իրավաբան, այլև որոշակի առումով՝ նաև լավ հոգեբան: Վստահ է Երևան քաղաքի «Արաբկիր» նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյանը:
Նրա խոսքերով՝ առօրյա աշխատանքում լինում են խնդիրներ՝ կախված քաղաքացիների իրավագիտակցության պակասից: Ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները ժառանգություն ձևակերպելուց առաջ, ինչպիսի՞ն պետք է լինի նոտարը և ինչքանո՞վ են նոտարի գործունեության նպաստում համակարգում ներդրված նորարարությունները:
Մանրամասները՝ «Հայաստանի նոտարները» նախագծի հերթական հարցազրույցում:
Նախագիծն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀՀ նոտարական պալատի համագործակցության շրջանակներում:
– 1986 թվականին ավարտել եք ԵՊՀ- իրավագիտության ֆակուլտետը, ինչու ընտրեցիք հենց այս ոլորտը:
– Ճիշտն ասած, այն ժամանակ, նորավարտ մասնագետներին գործուղում էին համապատասխան հաստատություններ՝ աշխատելու: Այն ժամանակ այնպես չէր, որ նորավարտ մասնագետն ինքն էր միանշանակ ընտրում, թե որ ոլորտում պետք է աշխատի: ԵՊՀ-ն ավարտելուց հետո ինձ գործուղեցին ԱՆ և ես աշխատանքի նշանակվեցի նոտարական համակարգում. ես մտադրված չընտրեցի նոտարի մասնագիտությունը, սակայն՝ չեմ զղջում, քանի որ իմ աշխատանքն ինձ դուր է գալիս, ես ինձ պահանջված և լավ եմ զգում:
– 1987 թվականից աշխատել եք Արմավիրի նոտարական գրասենյակում՝ որպես պետական նոտար: Փաստորեն դուք աշխատել եք, պատերազմական և այսպես կոչված՝ մութ ու ցուրտ տարիներին, փորձենք հասկանալ՝ ինչ դժվարություններ եք ունեցել այդ տարիներին և այսօր:
– Ասեմ, որ ժամանակը կապ չունի, այն ժամանակ էլ մարդն ուներ իրավական խնդիրներ, այսօր էլ՝ ունի: Գուցե այն ժամանակվա խնդիրներն այլ բնույթի էին, ներկայումս՝ այլ, սակայն դա առավելապես պայմանավորված է եղել նախկին և ներկայիս գործող օրենսդրության տարբերություններով և ոչ այնքան պատերազմական իրավիճակով: Այդ տարիներին, /ինչպես և այսօր/ ես նույն կերպ մարդկանց ընդունել եմ, իմ իրավասության սահմաններում փորձել եմ նրանց իրավական խնդիրներին ճիշտ իրավական լուծում տալ. այս առումով՝ ես առանձնակի բարդություն չեմ զգացել: Ես հանրային ծառայություններ մատուցող անձ եմ. ամեն օր ընդունում եմ քաղաքացիների, և ի պաշտոնե պարտավոր եմ յուրաքանչյուրի իրավական խնդրին իմ իրավասության սահմաններում լուծում տալ:
– Ես այս երկու օրվա ընթացքում փորձում էի հարցազրույց ունենալ, նկատեցի, որ աշխատանքները ծանր են, գրասենյակ մտնելիս նաև նկատեցի, որ քաղաքացիները շատ են: Խնդրում եմ նկարագրել՝ նոտար և քաղաքացի փոխհարաբերություններում, ինչպիսին պետք է լինի նոտարը:
– Եթե նոտարը լավ իրավաբան և ինչ որ առումով հոգեբան չեղավ, նա չի կարող այդ մասնագիտությամբ աշխատել՝ դա մասնագիտությունն է թելադրում: Նոտարի ծառայություններից օգտվում են ամենատարբեր բնագավառի և կրթության և տարբեր տարիքային խմբերի պատկանող մարդիկ: Հետևապես նոտարը պետք է կարողանա վերջիններիս լիարժեք խորհրդատվություն տրամադրել՝ յուրաքանչյուրին յուրովի մոտեցում ցուցաբերելով: Բացի այդ նոտարն առնչվում է գրեթե բոլոր օրենքների հետ, հետևաբար նոտարը պարտավոր է լավ իրավաբան լինել՝ իմանալ գործող օրենքները: Եթե նոտարը լավ մասնագետ չեղավ, չի կարող աշխատել: Ինձ համար կարևոր է, մարդկանց ճիշտ ուղղորդելը և վերջիններիս խնդիրներին ճիշտ լուծումներ տալու հարցում աջակցելը: Որքան շատ մարդու եմ կարողանում իմ իրավասության շրջանակներում օգտակար լինել, այնքան ինձ բավարարված եմ ինձ զգում որպես ոլորտի մասնագետ:
– Շատ հաճախ քաղաքացիների մոտ առաջանում են խնդիրներ օրենսդրությանը ոչ լիարժեք տիրապետելու հետևանքով: Ի՞նչ պետք է քաղաքացիները նախապես իմանան, որպեսզի հետագայում նոտարին դիմելիս խնդիրներ չառաջանան:
– Գիտե՞ք՝ որքան քաղաքացին տեղեկացված լինի, իսկ հասարակությունը՝ զարգացած, այնքան հեշտ է աշխատել: Դիտարկենք՝ ժառանգություն ձևակերպելը, որը նոտարի ամենահիմնական գործառույթներից մեկն է. ժառանգական գործերը թերևս ամենաբարդն են. Օրինակ՝ երբեմն մարդկանց մոտ լինում է թյուր կարծիք, որ եթե ամուսինը մահացավ, ապա նրա ժառանգությունը փոխանցվելու է կնոջը կամ ընտանիքի մյուս անդամներին, սակայն շատերը չգիտեն, որ օրենքի համաձայն՝ քաղաքացին հարազատի մահվանից հետո ժառանգության համար պետք է նոտարին դիմի վեցամսյա ժամկետում, հակառակ դեպքում՝ բաց է թողնում օրենքով սահմանված ժամկետն ու երբեմն ստիպված է լինում՝ իր իրավունքը վերականգնել դատական կարգով: Այսպիսով՝ տեղեկացված լինելու հանգամանքը շատ կարևոր է:
– Ներդրվել է էլեկտրոնային նոտար համակարգը, այն որքանո՞վ է հեշտացնում ձեր աշխատանքը:
– Ի՞նչ խոսք, տեսանելի և շոշափելի զարգացումներ կան բոլոր բնագավառներում, նաև՝ նոտարիատում: Չես համեմատի նախկին նոտարիատը այսօրվանի հետ:
– Ինչո՞ւ:
– Նախ նշեմ, որ նախկինում նոտարիատը պետական էր, 2003թ.-ից փոխվեց համակարգը՝ դարձավ ինքնաֆինանսավորվող: Էլեկտրոնային համակարգի ներդրումը Նոտարիատում հնարավորություն տվեց մարդկանց ավելորդ քաշքշուկներից զերծ պահել: Շնորհիվ ներդրված էլեկտրոնային առցանց համակարգերին մուտք ունենալու հնարավորության՝ այսօր մենք՝ նոտարներս, ազատորեն կարողանում ենք ՀՀ ԱՆ Պետական ռեգիստրից, ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, ՀՀ ոստիկանության անձնագրային բաժնիններից և Ճանապարհային ոստիկանության ծառայությունից ստանալ տվյալ գործարքի համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ազատելով քաղաքացուն հիշյալ կառույցներ այցելելու և գործարքի համար պահանջվող տեղեկատվությունը պահանջելու “հոգսից”: Այսպիսով՝ նոր համակարգը բազում առավելություններ է տալիս քաղաքացուն. մասնավորապես՝ մի շարք կառույցներ այցելելու փոխարեն՝ այցելել նոտարական գրասենյակ, որտեղ նոտարն ինքն է հավաքագրում տվյալ գործարքի համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ առցանց եղանակով (օրինակ, եթե նախկինում անշարժ գույքի հետ կապված գործարքներ իրականանցնելու համար՝ անձը ստիպված էր լինում դիմել Անշարժ Գույքի Կադաստրի Պետական կոմիտեին, որպեսզի ստանա անշարժ գույքի նկատմամբ եղած սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը, այնուհետև՝ այցելել նոտարական գրասենյակ, կնքել անհրաժեշտ գործարքը և այնուհետև դրանից բխող իրավունքները ներկայացնել պետական գրանցման Կադաստրում, ապա այժմ անձի փոխարեն նոտարն ինքը կարող է առցանց եղանակով դիմել և ստանալ վերոհիշյալ տեղեկանքը, վավերացնել անհրաժեշտ գործարքը, այնուհետև առցանց եղանակով դիմել և Կադաստրից ստանալ համապատասխան իրավունքների գրանցումը հավաստող իրավունքի վկայականը՝ կրճատելով անձի գործողությունները մի քանի անգամ): Ես համոզված եմ, որ մոտ ապագայում Էլեկտրոնային նոտար համակարգն ընդլայնվելու է՝ հնարավորություն տալով նոտարներին մուտք գործել նաև այլ պետական կառույցների էլեկտրոնային բազաներ՝ ՔԿԱԳ մարմիններ, Ազգային Արխիվ, Դեպոզիտարիա և այլն: Վերը նշվածը կնպաստի տեսանելի բարելավել նոտարական համակարգի աշխատանքը՝ ի շահ քաղաքացիների:
– Դուք նաև ՀՀ նոտարական պալատի էթիկայի հանձնաժողովի նախագահն եք: Ի՞նչ գործունեություն եք իրականացնում:
– Ցանկացած մասնագիտություն կամ պաշտոն թելադրում է վարքագծի որոշակի կանոններ, որոնք տվյալ մասնագետը կամ պաշտոնյան պարտավոր է պահել՝ իր մասնագիտական և պաշտոնեական գործունեության ամեն քայլափոխի ժամանակ: Նոտարական պալատի Էթիկայի հանձնաժողովի ամբողջ գործունեության նպատակը նոտարի դերի և հեղինակության բարձրացումն է: Իր գործունեությանն առնչվող բոլոր հարաբերություններում նոտարը պարտավոր է իրեն ճիշտ դրսևորել և թույլ չտալ օրենքի և նոտարի վարքագծի խախտում կամ դրսևորել սխալ պահվածք՝ աշխատավայրում և աշխատավայրից դուրս: Մարդը պետք է իմանա, որ ինքը գործ ունի նոտարի հետ՝ այսինքն իրավաբան մասնագետի, ով շղթայված է պարտադիր պահպանման ենթակա վարքագծի նորմերով: Նոտարի խոսքից, պահվածքից և շփման ձևից վերոհիշյալը պետք է ակնառու լինի: Նոտարների կողմից՝ վերոհիշյալ պատշաճ վարքագծի ապահովման և նոտարական գործունեության հասարակական-իրավական բնույթի ու պատասխանատվության, ինչպես նաև նոտարի մասնագիտական պարտքի կատարմանը ներկայացվող պահանջների հստակ գիտակցումն ապահովելու համար էլ մշակվել են Նոտարական Էթիկայի կանոնները: ՀՀ-ում գործող նոտարների կողմից հիշյալ կանոնների պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթը պատկանում է Նոտարական պալատի էթիկայի հանձնաժողովին: Հանձնաժողովի գործառույթները և գործունեության նպատակները առանձին ծավալուն թեմաներ են, որոնք պատրաստ եմ հնարավորինս մանրամասն ներկայացնել մեր հաջորդ հարցազրույցի ժամանակ:
Հարցազրույցը և լուսանկարները Գևորգ Թոսունյանի
Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան
Կարդացեք նաև`
«Տարիների փորձը նոտարին հոգեբան է դարձնում»
Ինչո՞ւ է նոտարը արտասվել առաջին անգամ աշխատասենյակ մտնելիս
ՀՀ նոտարական պալատի նախագահը` անձական և գործնական հաջողությունների մասին
«Կարելի է ասել, որ միայն քահանայի ու նոտարի մոտ է քաղաքացին իր սիրտը բացում». Գյումրիի նոտար
«Նոտարը կեղծ գործարքներ կնքելու և գումարներ աշխատելու համար չէ». Աստղինե Սարգսյան
«Նոտարն ավելի մեծ առաքելություն ունի, քան կնիք դնելն է». Մարինե Մանուկյան