ՀՀ նոտարական պալատի նախագահը` անձական և գործնական հաջողությունների մասին

«Իրավաբանությունը ընտանեկան մասնագիտություն է»,- ասում է ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը: Նրա ընտանիքի անդամները գործող և սկսնակ իրավաբաններ են: Տիկին Հարությունյանը անձնականից անցում կատարելով աշխատանքային կյանքին` շեշտեց, որ 2014 թվականը կարևոր ձեռքբերումների տարի էր: Նոտարական պալատի կատարված աշխատանքների, օրենսդրական փոփոխությունների և հետագա անելիքների մասին կարդացեք «Հայաստանի նոտարները» նախագիծի հերթական հարցազրույցում:

Նախագիծն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀՀ նոտարական պալատի համագործակցության շրջանակներում:

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովը, որտեղ Դուք ներկայացրեցիք 2014 թվականի  գործունեության հաշվետվությունը: Ի՞նչ կարևոր հաջողություններ եք գրանցել այս տարվա ընթացքու, որո՞նք են եղել բացթողումները:

2014թ.-ի ձեռքբերումը կարելի է համարել այն, որ մենք ընդունեցինք նոր խմբագրությամբ կանոնադրություն, որով նախատեսվեց ունենալ նոտարական պալատի աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնող հանձնաժողովներ: Նաև հարկ եմ համարում ընդգծել հետևյալ կարևոր աշխատանքները` ՀՀ նոտարական պալատը միջոցներ ձեռնարկեց ընդլայնելու համագործակցության շրջանակը միջազգային նոտարական կառույցների հետ, պաշտոնապես բացվեց ՀՀ նոտարական պալատի գրասենյակային նոր տարածքը, նոտարական պալատը շահագործման հանձնեց իր ինտերնետային կայքը` Notarius.am-ը: Ամփոփելով` հարկ եմ համարում նշել, որ թվարկված ձեռբերումները դրական լինելով հանդերձ պետք է կրեն շարունակական բնույթ, քանի որ որդեգրված քաղաքականությունը ոլորտի զարգացման առումով պահանջում է էլ ավելի մեծ ջանքեր և նվիրվածություն:

Մշակվում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն օրենսդրական փաթեթը, ինչի՞ն է այն միտված և որո՞նք են օրեսնդրական բացերը:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական մեծ փաթեթը դեկտեմբերի 26-ին ներկայացվել է ՀՀ կառավարություն: Նոտարական պալատը նախագծի հետ կապված մի շարք առաջարկություններ է ներկայացրել, որոնք բխում են հենց պրակտիկայից և հնարավորություն կտան ավելի արդյունավետորեն իրացնել քաղաքացիների իրավունքները: Գործելու է մեկ պատուհանի սկզբունքը, այսինքն` քաղաքացին կդիմի միայն նոտարական գրասենյակ և անհրաժեշտություն չի առաջանա, որպեսզի նա տարբեր մարմիններից հավաքագրի տեղեկատվություն:

Ի՞նչ առաջնահերթություններով եք սկսելու 2015 թվականը:

Նոտարական պալատն իր առջև բազմաթիվ խնդիրներ է դրել: 2015թ.-ի առաջին եռամսյակում կստեղծվեն նոտարական պալատի հանձնաժողովները և կհաստատվեն դրանց ծրագրերը: Ակտիվ փոխհարաբերություն է նախատեսվում Լատինական նոտարիատի միջազգային միության հետ, ծրագրվում է միության հետ համատեղ սեմինար-քննարկումներ իրականացնել Հայաստանում, որը երբևէ չի եղել: Մենք կունենանք հյուրեր տարբեր երկրներից, որոնք իրենց փորձով կկիսվեն Հայաստանի նոտարների հետ:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից 2013 թվականին Հայաստանի նոտարական գրասենյակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ պալատում առկա են հետևյալ առանցքային խնդիրները` հաստատված սակագների և քաղաքացիների մուծած գումարի չափի անհամապատասխանություն, քաղաքացիների վճարումները հավաստող ֆինանսական փաստաթղթերի չտրամադրում և այլն: Ի՞նչ լուծումներ են տրվել այս խնդիրներին:

2013թ. ընթացքում ՀԵԻԱ կատարված մոնիթորինգը իրականում շատ կարևոր էր նոտարական ծառայությունների դիմաց գանձվող համապատասխան վճարների հետ կապված խնդիրների բացահայտման առումով, այս տեսանկյունից ուժեղացվել է վերահսկողությունը. յուրաքանչյուր նոտարական գրասենյակում` տեսանելի վայրերում փակցված են կառավարության որոշման սահմանաչափերը, բացի այդ փակցրվել են նոտարական պալատի թեժ գծի հեռախոսահամարները: Փորձը ցույց է տալիս, որ բավականին քչացել են նման ահազանգերը, ինչը կարող ենք արձանագրել որպես դրական միտում, սակայն խնդիրն իսպառ վերացված և ամբողջովին լուծված չէ: 2015թ. մենք հետամուտ ենք լինելու այն նվազագույնի հասցնելու:

Նոտարների որակավորման ստուգման քննություններն առանցքային նշանակություն ունեն այս համակարգ մուտք գործող անձանց համար: Որակական փոփոխություններ կա՞ն այս քննությունների անցկացման հարցում` համեմատած նախորդ տարիների հետ:

Այո, եթե նախկինում նոտարի թեկնածուն համապատասխան ստաժավորում էր անցնում նոտարական գրասենյակում և տալիս էր 8 խնդիրներից կազմված քննություն, ներկայումս փոփոխվել են այդ քննության կարգը, դարձվել է եռափուլ: Ներդրվել են նաև հոգեբանական բանավոր քննությունները, սա շատ կարևոր է, այն իմաստով, որ մարդը կարող է ունենալ իրավական գիտելիքներ, սակայն պատրաստ չլինել ճիշտ ընկալել քաղաքացու կամքը: Նոտարին դիմում են բավականին գերատեսչությունների հետ առնչված և զայրացած քաղաքացիներ, նոտարը պարտավոր է արագ ընկալել քաղաքացու կամքը ու ճիշտ առաջարկություններ ներկայացնել:

Ինչպե՞ս կգնահատեք Նոտարական պալատի նախկին նախագահի` Մամիկոն Ասլանյանի գործունեությունը:

Նոտարական պալատի նախկին նախագահի պաշտոնավարման ընթացքում ես եղել եմ վարչության անդամ, դա մեր թիմն է եղել, ես բարձր եմ գնահատում նրա գործունեությունը: Նրա պաշտոնավարման ընթացքում հարաբերություններ ձևավորվեցին մի շարք միջազգային և արտերկրի նոտարական կազմակերպությունների հետ, ՀՀ նոտարական պալատն արդեն կարողացավ ճանաչվել:

Ո՞րն է ըստ Ձեզ նոտարի առաջին ու ամենակարևոր առաքելությունը:

Նոտարի ամենակարևոր առաքելությունը քաղաքացիաիրավական վեճեր թույլ չտալն է, այսինքն` ճիշտ իրավական խորհրդատվություն ցուցաբերել` պահպանելով էթիկայի կանոնները:

Գործնականից անցում կատարենք անձնականի: Այստեղ` այս սենյակում, Դուք սահմանափակված եք պաշտոնական լիազորություններով ու պարտականություններով, իսկ ինչպիսի՞ն եք Դուք տանը: Պատմեք ընտանիքից:

Ես ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ` աղջիկ և տղա: Տղաս արդեն սովորում է Ռուսաստանի համալսարաններից մեկում, իրավաբան է, աղջիկս 16 տարեկան է, նա նույնպես որոշել է մեր մասնագիտությամբ շարունակել: Մեր ընտանիքն իրավաբանների ընտանիք է` ամուսինս նույնպես այս մասնագիտությունն ունի, մենք փորձում ենք երեխաներին ուղղորդել, որպեսզի իրենք ինքնուրույն որոշում կայացնեն և ստիպված չլինեն շարունակելու այն մասնագիտությունն, ինչ մենք ենք ընտրել, բայց սա նրանց որոշումն է: Ես ուզում եմ նշել, որ ընտանիքն ու աշխատանքը տարբեր աշխարհներ են, չպետք է հավասարություն դնել: Վերջին ժամանակահատվածում ես ընտանիքիս հետ լինելու բավականին քիչ ժամանակ եմ ունենում: Այնուամենայնիվ փորձում եմ ժամանակ հատկացնել և ընտանիքում լինել սիրող մայր և կին:

Մեզ հետաքրքրում է նաև Ձեր նախասիրությունները` ընթերցանության, երաժշտության և կինոյի հարցում, ի՞նչ գրքեր եք սիրում ու կարդում, ի՞նչ երաժշտություն լսում ու ֆիլմեր դիտում:

Վերջին ժամանակահատվածում, իհարկե, չեմ հասցնում գիրք ընթերցել, բայց որպես այդպիսին իմ սեղանի գիրքն է Անդրե Մորուայի աշխատանքները, ես գնահատում եմ իր մոտեցումը կյանքին, սիրով կարդում եմ նրա գաղափարները, հաճախ հանգստանում եմ` նրա աշխատանքներն ընթերցելիս: Նաև սիրում եմ ընթերցել հոգեբանական գրքեր: Սիրում եմ ունկնդրել դասական երաժշտություն, իսկ ֆիլմերից նախընտրում եմ դիտել կենսագրական և դոկումենտալ ֆիլմեր:

Իսկ հոբբի ունե՞ք:

Ազատ ժամանակ հաճախ ասեղանագործում եմ, չգիտեմ դա կհամարվի հոբբի, թե՞ ոչ: Ասեղնագործելիս նաև հանգստանում եմ, բացի այդ սիրում եմ լողալ:

Հարցազրույցը` Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի

Լուսանկարներից մի քանիսը`  Հասմիկ Հարությունյանի անձնական արխիվից 

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Կարդացեք նաև`

«Կարելի է ասել, որ միայն քահանայի ու նոտարի մոտ է քաղաքացին իր սիրտը բացում». Գյումրիի նոտար

«Նոտարը կեղծ գործարքներ կնքելու և գումարներ աշխատելու համար չէ». Աստղինե Սարգսյան

«Նոտարն ավելի մեծ առաքելություն ունի, քան կնիք դնելն է». Մարինե Մանուկյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել