ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանն Iravaban.net-ի հետ զրույցում նշեց՝ չնայած նրան, որ օրեսնդրությամբ հստակ սահմանվել է՝ ազատությունից զրկված անձանց կողմից ՄԻՊ-ին ուղղված բողոքները պետք է 24 ժամվա մեջ առաքվեն, սակայն այն դեպքում, երբ փոստային ծառայությունները ՔԿՀ-ներում աշխատում են շաբաթական 2 օր առաքման ռեժիմով, այդ բողոքները ուշացմամբ են ստացվում, ինչը չի բխում աշխատանքի արդյունավետ կազմակերպումից։
«Սա խնդրահարույց է այն առումով, որ կարող է դա լինել վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդում կամ անձի իրավունքների պաշտպանության հրատապ անհրաժեշտություն, որի մասին մենք տեղեկացված ենք լինում ավելի ուշ, առավել ևս, երբ դրանք հաջորդում են ոչ աշխատանքային օրերին»,-նշեց նա։
Մյուս խնդիրը, ըստ մեր զրուցակցի, գրաքննությունն է, երբ բողոքները անձինք ներկայացնում են բաց տեքստով՝ առանց փակ ծրարի, ու այս դեպքում ՔԿՀ-ն ծանոթանում է բովանդակությանը, թե անձն ինչ բողոք է ներկայացրել․ «Դա նաև ենթամշակույթի խնդիր է, որովհետև մարդիկ դեռևս ունեն ազդեցություն ենթամշակութային այնպիսի բարքեր, որ բողոքների քննարկման համար անհրաժեշտ է բաց տեքստով տրամադրել, որպեսզի հասկանան՝ բողոքը ում է վերաբերում և ինչ հարցի շուրջ է»։
Լաուրա Գասպարյանը նշեց, որ այժմ ՄԻՊ թեժ գծին զանգելու ընթացակարգը բավականին արդյունավետ է աշխատում, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ բավականին շատ զանգեր են ստացվում։
«Տարբեր բնույթի բողոքներ ենք ստանում, հիմնականում դրանք քրեական վարույթների շրջանակներում առկա խնդիրների, առողջության պահպանման իրավունքի, խցային պայմանների հետ կապված խնդիրներ են, նաև առաջանում են թարգմանչական ծառայություններից օգտվելու դժվարություններ։ Բողոքներ ենք ստացել պայմանական վաղաժամկետի խնդիրների վերաբերյալ։
Ունեցել ենք ահազանգեր նաև սննդի որիակի հետ կապված, կոնկրետ այդ օրը սնունդ բավականին վատ որակի է եղել, իհարկե, անմիջապես կապ ենք հաստատել ծառայության հետ, քայլեր են ձեռնարկվել»,-ասաց Գասպարյանը։
Նա մեզ հետ զրույցում նաև խոսել է ՄԻՊ-ՔԿՀ համագործակցության, դատաիրավական ռազմավարությամբ սահմանված գործողությունների, մյուս խնդիրների մասին։
Նրա խոսքով՝ 2023-2026 թթ․ ՄԻՊ ազգային ռազմավարությամբ նախատեսվում է անանուն բողոքների ներկայացման ընթացակարգ, որի հետ կապված այս պահին դժվարություններ կան․ «Դեռևս վերջնական ընթացակարգ մշակված չէ, միայն նախագծեր են ստացվել, որ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ կոնկրետ իրավական ակտերում, որտեղ ամրագրվելու է անանուն բողոքներ ներկայացնելու հնարավորության մասին, բայց դրանք ինչ ընթացակարգեր ենթադրում, ինչ կանոնակարգեր և մեխանիզմներ, դեռևս պարզ չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտադիտարկում է իրականացնում՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին։ Մշտադիտարկման շրջանակներում Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ոլորտի մասնագետների օգնությամբ վերլուծում և լուսաբանում է ինչպես ամբողջությամբ կատարված, այնպես էլ մասնակիորեն իրականացված կամ ընդհանրապես չկատարված գործողությունները՝ անդրադառնալով նաև դրանցում արձանագրված բացթողումներին, խոչընդոտներին ու պատճառներին։