Սահմանադրական դատարանը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշում է կայացրել։
Գործի քննության առիթը Ստեփանյանի՝ 2025 թվականի հունվարի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, իսկ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարին հասցեագրված հաղորդումը։
Հաղորդման կից ներկայացվել են համապատասխան փաստաբանի դիմումները՝ ուղղված Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արթուր Ստեփանյանին։
Արդարադատության նախարարի կողմից միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2024 թվականի հուլիսի 9-ին հրապարակվել է խորհրդի որոշման եզրափակիչ մասը, որով որոշվել է դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել, վերջինիս լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
Ի՞նչ դիրքորոշում է հայտնել դիմողը
Դիմողը նշել է՝ հունիսի 17-ին կայացած նիստին մասնակցել են ԲԴԽ բոլոր 10 անդամները, սակայն դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման քվեարկության ընթացքում հաշվի են առնվել միայն 8 անդամների ձայները: Ավելին՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման բովանդակությունից հետևում է, որ ԲԴԽ-ն այդ որոշումը կայացրել է ամբողջական կազմով՝ բոլոր 10 անդամների մասնակցությամբ:
«Թեև դատական նիստին մասնակցել են տասը անդամները, օգտվելով դատավորին վերապահված բոլոր իրավունքներից, այդ թվում՝ հարցեր տալու, ինչը կարող էր ազդել նրանց դիրքորոշումների ձևավորման վրա, ձայների հաշվարկի հիմքում դրվել է 8-ը:
Բացի այդ, ԲԴԽ-ն քվեարկության նիստին մասնակցած բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու հնարավորություն ունենալով, չի ստեղծել նման պայման, իսկ ձայների հաշվարկի նպատակով անտեսել է դատական նիստին մասնակցած 2 դատավորներին»։
Ի՞նչ դիրքորոշում է հայտնել պատասախնողը
Պատասխանողը նշել է. «Ակնհայտ է, որ կոլեգիալ մարմիններում որոշումների կայացման համար միաձայնության պահանջն անխուսափելիորեն հանգեցնելու է որոշումների կայացման անհնարինության և տվյալ մարմնի գործունեության համար անհաղթահարելի խոչընդոտների: Բարձրագույն դատական խորհրդի պարագայում օրենսդիրը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման կայացման համար նախատեսելով նիստին մասնակցող խորհրդի անդամների մեծամասնության, բայց ոչ պակաս քան խորհրդի անդամների առնվազն կեսի ձայնի առկայություն, գտել է, որ նշված քանակությամբ ձայների առկայությունը բավարար է խորհրդի կողմից լեգիտիմ որոշում կայացնելու համար:
Ընդ որում, ՀՀ օրենսդրությունը որևէ պարագայում տարբերակված մոտեցում չի ցուցաբերում կոլեգիալ մարմինների որոշումների միջև կախված այն հանգամանքից, թե տվյալ մարմնի քանի անդամներն են կողմ եղել որոշման կայացմանը: Այսինքն, առավելագույն ձայների առկայությամբ կայացված որոշումն իրավական առումով ունի նույն լեգիտիմությունն ու իրավաբանական ուժն ինչ նվազագույն պահանջվող ձայների քանակությամբ կայացված որոշումը»:
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ օրինադրույթով սահմանված ընթացակարգի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ խորհրդի որոշումը կարող է ընդունվել խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն՝ 5 կողմ ձայներով։
Որոշմամբ ՍԴ-ն արձանագրել է՝ «Դատավորի կարգավիճակը» վերտառությամբ 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է (…)»: Վերոնշյալի համատեքստում խորհրդի կողմից «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում ընդունելու այնպիսի ընթացակարգը, որի պայմաններում դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կողմ ձայներով, լրջորեն վտանգում է դատավորի անկախության սկզբունքը, քանզի տեղի է ունենում ոչ իրավաչափ միջամտություն դատավորի հետագա պաշտոնավարմանը։
ՍԴ-ն պնդել է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները պետք է իրականացվեն դատական վարույթներին առաջադրվող սահմանադրաիրավական և դատավարական սկզբունքների խստիվ պահպանմամբ։
Հարկ է ընդգծել, որ որոշումն ընդունելիս ՍԴ-ն նույնիսկ անհրաժեշտ չի համարել անդրադառնալ դիմողի կողմից վկայակոչված 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված համապատասխան կարգավորման իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հարցին:
ՍԴ-ն որոշել է․
1․ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշումների ընդունման համար այնպիսի կարգավորում նախատեսելու մասով, որի պայմաններում որոշումը կարող է ընդունվել ԲԴԽ անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն՝ հինգ կողմ ձայներով, ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին հակասող:
2․ Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետին, 19-րդ մասին և 69-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով՝ դրանում նշված օրենսդրական կարգավորման մասով, Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի հուլիսի 1-ը՝ հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին այն համապատասխանեցնելու սույն որոշմանը:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։