ԶՊՄԿ-ն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված չլինելու մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի պատասխան լրագրողների հարցումների՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ԶՊՄԿ-ի ներառված չլինելու վերաբերյալ, ընկերությունը պարզաբանում է, որ դա նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձի արդյունք է։

«ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ և ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված արժեքի հարկն է։

2024թ.-ի արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն։

Հենց այդ պատճառով առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել ԶՊՄԿ-ի հարկերի մակարդակը հնարավոր չէ, պետք է դիտարկել տարեկան ցուցանիշների կտրվածքով, քանի որ իրական հարկային վճարումներն ամբողջությամբ կերևան տարվա վերջում։ Նախորդ տարվա հարկային կանխավճարների ճշգրտումն ամփոփվում է առաջին եռամսյակում՝ արդեն վերջնական հաշվետվության հիման վրա։

Բնականաբար, հաջորդ եռամսյակում՝ արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով, անկասկած, ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում»,-նշվում է պարզաբանման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել