Ընտանեկան օրենսգրքի հոդված 20-ը սահմանում է ամուսնությունն անվավեր ճանաչելը։
Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դրա պետական գրանցման պահից՝ դատարանի կողմից։
Անվավեր է ճանաչվում սույն օրենսգրքի 10-րդ (ամուսնության կնքման պայմանները), 11-րդ հոդվածներով (ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները) և 12-րդ հոդվածի 3-րդ մասով (եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի (ընդ որում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաև հոգեկան հիվանդության և թմրամոլության, թունամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի ամուսնությունն անվավեր ճանաչելու համար դիմելու դատարան) նախատեսված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):
Դատարանն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին: