Աշխատանքի ընդունելիս տարիքային և սեռային խտրականությունը Սահմանադրության խախտում է

Հաճախ ենք հանդիպում այսպիսի հայտարարությունների. «Պահանջվում են 20-30 տարեկան, բարետես արտաքինով աղջիկներ՝ անգլերենի պարտադիր իմացությամբ»: Միջազգային փորձի համաձայն, զարգացած երկրներում այս հայտարարությունը կդիտարկվեր որպես տարիքային խտրականություն:

«Ներկայումս տարածված է այն պրակտիկան, որ գործատուները ավելի շատ ցանկանում են երիտասարդների հետ աշխատել: Շատ ցավալի իրավիճակի առաջ ենք մենք կանգնել, որովհետև օրենսդրությամբ կոնկրետ կարգավորում այս հարցի վերաբերյալ, որը պատասխանատվություն կսահմանի գործատուների համար, չկա»,-նշում է փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածը սահմանում է. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Սահմանադրությունը պահանջում է, որպեսզի տարիքը հիմք չլինի աշխատանքի ընդունելուց:

Փաստաբանի խոսքով՝ ճիշտ կլիներ, որ խտրականության վերաբերյալ կարգավորում լիներ նաև աշխատանքային օրենսգրքում, սակայն  օրենսգրքում այս մասին խոսվում է միայն  այն դեպքում, երբ կողմերը մտնում են աշխատանքային հարաբերությունների մեջ:

Աշխատանքային օրենսդրության սկզբունքներում նշվում է, որ աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասար են` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:

Փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը խոսում է նաև այն դեպքերի մասին, երբ խտրականությունը կարող է «թաքուն» դրսևորվել:

«Օրինակ, գործատուն կարող է հայտարարել, որ փնտրում է աշխատող և ուղղակի աշխատանքի չընդունի այն թեկնածուներին, որոնք իր սահմանած տարիքային ցենզը չեն բավարարում: Չի սահմանի տարիքային պահանջ, սակայն, եթե նրա մոտ աշխատանքի ընդունվելու գան 20 և 50 տարեկան երկու քաղաքացի, ապա 20 տարեկանին կասի, որ նա համապատասխանում է իր պահանջներին, իսկ 50 տարեկան անձին կարող է ասել, որ դու չես համապատասխանում: Եվ այս դեպքում գործատուից պահանջել բացատրություն, թե՝ ինչո՞ւ դու 50 տարեկանին աշխատանքի չընդունեցիր, շատ դժվար է»,-նշում է նա:

Փաստաբանի խոսքով՝ դժվար է կարգավորել դաշտը, երբ  հստակ պատասխանատվություն չկա նախատեսված, սակայն պետք է հաշվի առնել, որ սահմանադրական նորմերն ունեն անմիջական կիրառություն և այս դեպքում պարտադիր են բոլորի համար:

«Շատ բարդ հարց է, քանի որ մի կողմից մենք խոսում ենք գործարար հարաբերություններում գործատուների շահերի պաշտպանության մասին, մյուս կողմից խոսում ենք քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին: ՀՀ օրենսդրության մեջ տարածված է հետևյալ բացը. կա կարգավորում, բայց դրա համար պատասխանատվություն նախատեսված չէ: Իրավագիտակից երկրներում չեն նայում պատասխանատվության առկայությանը, որպեսզի կարգավորմանը հետևեն, իսկ Հայաստանում եթե պատասխանատվություն նախատեսված չէ, ուրեմն կարելի է նաև չհետևել օրենքին»,-նշում է Գրիգոր Բեքմեզյանը:

Եվգենյա Համբարձումյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել