Հետախուզման մեջ գտնվող նախկին դատավորի կինը՝ դատարանում․ «Ֆինանսական ծանր դրության մեջ ենք հայտնվել, գործով որևէ փաստաբանի չենք կարողացել ներգրավել»

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունվարի 5-ին, մեկնարկել է նախկին դատավոր Սամվել Ուզունյանին և կնոջը՝ Ալլա Հարությունյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Հիշեցնենք՝ նախկինում Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը քննել է 1999թ. «Հոկտեմբերի 27»-ի գործը:  2019թ. դեկտեմբերի 20-ից նա մեղադրյալի կարգավիճակում է։ Դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն, Ուզունյանը հատել է ՀՀ պետական սահմանը և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա նիստի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Միհրան Բուլղադարյանը դատարանում հրապարակեց ներկայացված հայցադիմումը։

Այսպիսով, հայցվորը պահանջում է պատասխանողներից բռնագանձել շուրջ 17 միլիոն 745 հազար դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, շուրջ 195 միլիոն դրամ, որը չի հիմնավորվել Սամվել Ուզունյանի օրինական եկամուտներով։ Բացի այդ, պահանջ է ներկայացվել բռնագանձել նրա կնոջ՝ Ալլա Հարությունյանին պատկանող, Արագածոտնի մարզի Ուշի համայնքում գտնվող առանձնատունը։ Անհնարինության դեպքում դատախազությունը պահանջում է Սամվել Ուզունյանից բռնագանձել առանձնատան միջին շուկայական արժեքի չափով գումար։ Ըստ հայցվորի՝ Ուզունյանին պատկանող միայն ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների հանրագումարը կազմում է 213 միլիոն 400 հազար դրամ։

Նշենք, որ դատարանում ներկա էր Ալլա Հարությունյանը, ով չառարկեց դատական նիստը տեսանկարահանելու և լուսանկարահանելու դեմ։ Բացի այդ, նիստից հետո Հարությունյանը պատասխանել է Iravaban.net-ի մի քանի հարցերի, սակայն մինչ այդ դատախազը որոշակի հետաքրքրական մանրամասներ է ներկայացրել դատարանում։

Օրինակ՝ Ուշի համայնքում գտնվող առանձատունը գնվել և ի սկզբանե գրանցված է եղել Ուզունյանի զոքանչի, այնուհետև՝ քենու, իսկ վերջում՝ կնոջ անվամբ։ Գույքը Էմմա Սիմոնյանը ձեռք է բերել 2002-ին, 6300 դոլարով։

«Հատկանշական է այն փաստը, որ նշված գույքի գրավադրումների արդյունքում Սամվել Ուզունյանը 2013-ին, երբ նրա կինը դեռ չէր հանդիսանում գույքի սեփականատեր, այնպես էլ 2016-ին, կնոջ կողմից գույքի սեփականատեր դառնալուց հետո, ստացել է 197 միլիոն դրամ ընդհանուր ծավալով 2 վարկ։ Գույքը ձեռք բերելիս Էմմա Սիմոնյանը կենսաթոշակառու է եղել, ամսական 44 հազար 825 դրամ կենսաթոշակ է ստացել, հետևաբար նա չէր կարող տիրապետել նշված գույքի ձեռք բերման համար անհրաժեշտ միջոցներին»,-դատարանում հայտնեց Միհրան Բուլղադարյանը։

Դատախազը ասաց նաև, որ նշված գույքի վրա տարբեր ժամանակներում կատարվել են էական բարելավումներ։ 2002-ին 6300 դոլար արժողությամբ գույքը 2013-ին գնահատվել է շուրջ 141 միլիոն դրամ, սակայն բարելավումների ծավալն ու արժեքը պարզել դեռ չի հաջողվել։ Ըստ նրա՝ դատախազությունը տվյալներ է ստացել այն մասին, որ Ուզունյանը 2007-2009 կատարել է էական բարելավումների, որի մասին հայտնել են նաև նրա հարևանները և շինարարություն իրականացրած անձինք։ Նշված անձինք նշել են, որ տունը պատկանում է Ուզունյանին․ «Տան շինարարական աշխատանքներին մասնակցած անձանցից մեկը նշել է, որ տան բաղնիքի և լողավազանի վրա խեցեգործական աշխատանքներ են կատարվել։ Նա չի կարողացել հայտնել՝ ինչ ծավալի և արժեքի, սակայն նշել է, որ նշված ժամանակահատվածում նմանատիպ աշխատանքների  արժեքը կազմել է 250 հազար դրամ՝ 1 քմ-ի համար։ Համադրելով փաստերը կարելի է փաստել, որ տան միայն այդ հատվածի վրա կատարված աշխատանքը կարող էր շուրջ 10 միլիոն դրամ արժենալ»։

Ուսումնասիրության ժամանակ նշված առանձնատունը գնահատվել է շուրջ 38 միլիոն դրամ, սակայն դատախազը խոսքով՝ փորձագետը հնարավորություն չի ունեցել ուսումնասիրել տան ներքին և արտաքին հարդարանքները, ուստի նա դատաքննության հետագա փուլերում միջնորդություն կներկայացնի նոր փորձաքննություն իրականացնելու համար։

Սամվել Ուզունյանի կինը դատարանում հայտնել է, որ առանձնատունը պատկանում է իրեն, մինչև այդ պատկանել է իր մորը, իսկ մայրը բավարար միջոցներ ունեցել է տունը գնելու համար։ Ալլա Հարությունյանի խոսքով՝ դատախազությունը հաշվի չի առել այն փաստը, որ իր մորաքույրը բնակվում է Ֆրանսիայում և պարբերաբար օգնել է քրոջը․ «Անշարժ գույքի ձեռք բերման և կառուցապատման ընթացքում իմ ամուսնու մասնակցությունը եղել է որպես տղամարդկանց հետ վարվող խոսակցությունների մասնակից, քանի որ հայրս մահացած էր այդ ժամանակ։ Սամվելն է ներգրավվել այս գործերի մեջ, մորս հետ ինքն է միշտ պայմանավորվելու, առուծախ անելու գնացել։ Այդ է պատճառը, որ գյուղի բնակիչների կողմից նա կարող էր դիտվել որպես տան տեր»։

Պատասխանողը նշեց նաև, որ այժմ էլ տունը գրավադրված է «Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունում։ Նա նշեց, որ տվել է իր համաձայնությունը գույքն իրացնելու և պարտքը մարելու համար։ Ալլա Հարությունյանը հայտնել է նաև որ իրավաբանական գիտելիքներ չունի, ֆինանսական ծանր դրության պատճառով էլ փաստաբանի չի ներգրավել։

Միհրան Բուլղադարյանը նշեց, որ պատասխանողի դիրքորոշմանը ծանոթ եղել է, հնարավորության սահմաններում ներկայացված տվյալները ստուգվել են, որոշ փաստական հանգամանքներ արժանահավատ չեն գնահատվել։ Միևնույն ժամանակ դատախազը բանավոր միջնորդություն ներկայացրեց «Գլաձոր» ՈՒՎԿ-ին որպես 3-րդ անձ գործում ներգրավելու համար։

Միջնորդության վերաբերյալ որոշումն առանձին դատական ակտի ձևով է կայացվելու և այդ պատճառով նիստը հետաձգվեց։

Նիստից հետո Iravaban.net-ը մի քանի հարց ուղղեց Ալլա Հարությունյանին։ Պատասխանողը պնդեց, որ իր ամուսինն առողջական խնդիրներով պայմանավորված 2019-ի դեկտեմբերին լքել է Հայաստանը ու դրանից հետո ինքը կապ չի հաստատել նրա հետ։

Նախկին դատավորի կինը հայտնեց նաև, որ ֆինանսական ծանր դրության մեջ են հայտնվել ամուսնու՝ երկրից հեռանալուց հետո։ Ալլա Հարությունյանի խոսքով՝ Սամվել Ուզունյանի երկրից մեկնելը պլանավորված է եղել ու համընկել է քրեական գործով պայմանավորված իրադարձությունների հետ։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել