«Խնդրում եմ ձեռնպահ մնալ նման արտահայտություններից․ օրինակները բերելուց շատ զգույշ եղեք»․ Հովիկ Աբրահամյանի գործով դատավորը՝ փաստաբանին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ նոյեմբերի 17-ին, շարունակվեց ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստը նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ վերջինս կողմնակալ է։ Փաստաբանի պնդմամբ՝ ինքը դեռևս սեպտեմբերի 29-ին դատարանին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 22-ից 29-ը գտնվելու է արձակուրդում։ Նա ակնկալել է, որ այդ օրերին դատական նիստ չպետք է հրավիրվի, սակայն հոկտեմբերի 26-ին դատական նիստ է հրավիրվել․ «Այլ գործերի շրջանակներում տարբերվող վարքագիծ է դրսևորվել։ Գտնում եմ, որ դատարանը նման կերպ է դրսևորել իր կողմնակալ վերաբերմունքը դատավարության մասնակցի ներկայացուցչի նկատմամբ, ինչի արդյունքում խախտվել է կողմերի հավասարության սկզբունքը»։

Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը սակայն հայտարարեց, որ դատական ակտերը չեն կարող բացարկի հիմք հանդիսանալ, այդ թվում՝ նիստի օր նշանակելու վերաբերյալ ակտերը․ «Ձեր միջնորդությունը քննության ենթակա չէ»։

Դատավորը փաստաբանի համար նաև պարզաբանեց, որ նախորդ դատական նիստերում հարցը մի քանի անգամ քննարկվել է։ Հովիկ Աբրահամյանը ունի 4 ներկայացուցիչ․ «Դուք խնդրել եք Ձեր բացակայության պայմաններում չքննել, ևս 2 փաստաբանի լիազորություններ պարոն Աբրահամյանը դադարեցրել է, սակայն 4-րդ ներկայացուցչի լիազորությունները չէին դադարեցվել։ Դատարանն այդ ամեն հաշվի առնելով շարունակել է գործի քննությունը։ Սա Ձեզ ի գիտություն»։

Վարազդատ Ասատրյանը փորձեց հակադարձել․ դատարանի համար պետք է պարզ լիներ, որ ինքն է «հիմնական» ներկայացուցիչը։ Կարապետ Բադալյանը պնդեց․ կա լիազորագիր, որի հիման վրա 4 փաստաբաններ էին գործում․ «Դա Ձեր աշխատանքի կազմակերպման, ոչ թե դատարանի խնդիրն է»։

Փաստաբանի պնդեց՝ մյուս 3 փաստաբանների ինքնությունը դատարանում չի ստուգվել, նրանք չեն ներգրավվել գործով։

Այնուհետև Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանի կողմից արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվեց։ Դատախազությունն իր հայցադիմումի մեջ բռնագանձման ենթակա գույքերի մի մասը համարել է օրինական։ Որոշ դեպքում 1 միավոր գույքի մի մասը համարվել է օրինական, մյուս մասը՝ ապօրինի ծագում ունեցող։ Գասպարյանի խոսքով՝ նշված դեպքում հայցվորը ամբողջ գույքը բռնագանձելու պահանջ է ներկայացրել․ «Մենք այս միջնորդությամբ ներկայացնում ենք այն դիրքորոշումը, որ հայցն անհիմն է այն պատճառաբանությամբ, որ իրավական և փաստական հիմքեր նշված գույքերի մասերի՝ բռնագանձման ենթակա լինելու վերաբերյալ չկան։ Այս միջնորդության ներկայացումը չի նշանակում հայցապահանջի մնացած մասով դատախազության դիրքորոշման կամ հայցի ընդունում։ Խնդրում եմ կիրառել արագացված դատաքննություն և հայցապահանջը մերժել ամբողջությամբ»։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը հայտարարեց, որ արագացված դատաքննություն կիրառելու մասին Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով չեն կարող գործել։

«Բացի այդ, ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ որոշումից հետո պատասխանող կողմը կարող է ներկայացնել այնպիսի տվյալներ, որոնք էական ազդեցություն կունենան բռնագանձման ենթակա գույքի անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող մասը որոշելու տեսանկյունից։ Այսինքն, հնարավոր է իրավիճակ, երբ պատասխանողի ներկայացրած ապացույցները դատարանի կողմից ընդունվելու և վկայակոչած փաստերը հաստատվելու դեպքում փոփոխվի նշված գույքը ձեռք բերելու համար անձին մոտ առկա օրինական միջոցների չափը»,-նշեց դատախազը՝ հավելելով, որ հայցվորը կաշկանդված չէ հիմքերի առկայության պարագայում ինչ-որ մասով հրաժարվել հայցից։

Գործով ներգրավված փաստաբաններից Սմբատ Մինասյանը նշեց, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման։ Փաստաբանին չբավարարեց Տիգրան Ենոքյանի այն պատասխանը, որ ամբողջ գույքի վրա է կալանք դրվում, քանի որ դատավարության ընթացքում կարող է դրա մի մասի օրինականությունը վիճարկվել։

«Էդ տրամաբանությամբ, եկեք փաստաբանների գույքի վրա էլ կալանք դնենք, «նավսյակի»։ Կարող է քննության ընթացքում հիմնավորվի, որ իրենց վստահորդների գույքը չի բավականացնում․․․»,-այստեղ Սմբատ Մինասյանին ընդհատեց դատավորը։ Նա նշեց, որ փաստաբանների գույքի վրա կալանք դնելու Մինասյանի արտահայտությունը հայցվորի դիրքորոշման վերաբերյալ հեգնանք ու ծաղրանք է պարունակում․ «Դատարանն է այդպես գնահատում։ Խնդրում եմ ձեռնպահ մնալ նման արտահայտություններից։ Օրինակները բերելուց շատ զգույշ եղեք։ Նման արտահայտություններն անթույլատրելի են»։

Փաստաբանը նշեց, որ իր վստահորդի միայն մի գույքի վրա կալանք չի դրվել և եթե ինքը առաջարկի դրա վրա էլ կալանք դնել, դա նույնպես որպես «սարկազմ» կդիտարկվի՞․ «Ստացվում է, որ ես դատարանում խոսելու, իմ կարծիքն արտահայտելու իրավունք չունե՞մ։ Ես գտնում եմ, որ հայցվորը հանգամանքներ նշեց, որոնք դուրս են հայցի առարկայից, հայցի հիմքից»։

Գործով ներգրավված պատասխանողների ներկայացուցիչները միացան արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ Դավիթ Գասպարյանի ներկայացրած միջնորդությանը։

Դատավոր Կարապետ Բադալյանը գտավ սակայն, որ սա այն գործը չէ, որը կարելի ու պետք է արագացված դատաքննության կարգով քննել՝ հաշվի առնելով դրա բարդությունը, մասնակիցների թիվը և ներկայացված փաստաթղթերի ծավալը․ «Դատարանը որոշում է միջնորդությունը մերժել»։

Այնուհետև Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը ներկայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի մի շարք հոդվածների սահմանադրականության հարցի հետ կապված Բարձր դատարան դիմելու մասին իր միջնորդությունը։ Փաստաբանի համար խնդրահարույց է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում 2022-ին կատարված փոփոխությունը, որով «հետադարձ ուժ է տրվել» ուսումնասիրության առավելագույն ժամկետը 2-ի փոխարեն 3 տարի սահմանելու վերաբերյալ նորմին։ Նշված օրենքն անդրադարձել է նաև Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ սկսված ուսումնասիրության ժամկետների վրա։ Փաստաբանը կարծում է նաև, օրենքում կատարված փոփոխությունները վատթարացրել են իր վստահորդի իրավական վիճակը։

Հատկանշական է, որ նույն հիմքով նման միջնորդություններ մեկ անգամ չէ, որ ներկայացվել են ինչպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման այլ վարույթներով, այնպես էլ հենց Վարազդատ Ասատրյանի կողմից՝ այլ վարույթի շրջանակներում։ Փաստաբանը նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գործով, որը մակագրված է դատավոր Լիլի Դրմեյանին։ Այն մերժվել է։ Նույնաբովանդակ միջնորդություն է ներկայացվել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գործով, որը նույնպես մակագրված է Կարապետ Բադալյանին։ Միջնորդությունն այս անգամ այլ փաստաբան է ներկայացրել, Վարազդատ Բադալյանը։ Այն դատավորի կողմից նույնպես մերժվել է։

Վերոգրյալը հաշվի առնելով դատախազ Տիգրան Ենոքյանի պնդումը, որ միջնորդությունը ներկայացվել է նիստերն անհիմն ձգձգելու համար, չափազանցված չի թվում։ Փաստն այն է, որ այսօր 15։00-ից մինչև 18։00-ն նիստերի դահլիճում քննարկվել են միայն այս 3 միջնորդությունները, դատավարական այլ գործողություններ չեն կատարվել։

Վարազդատ Ասատրյանը սակայն դատարանում պնդեց, որ պատասխանող կողմը գործի քննությունը ձգձգելու միտում չունի․ «Դատական պրոցեսը, իմ տրամաբանությամբ, ձգձգվել է այն պայմաններում, երբ ուսումնասիրությունը 2 տարուց ավել է տևել, կամ հայց հարուցելուց հետո հայցի հիմքի փոփոխություն է եղել, 3-րդ անձ է ներգրավվել։ Բայց մենք երբեք մեզ թույլ չենք տվել մեզ որակել, որ դատական պրոցեսն եք ձգձգում»։

Նրա կարծիքով՝ սա դատավարության այն փուլն է, որտեղ նման միջնորդությունները պետք է սպառվեն․ «Այս փուլն է դրա համար նախատեսված, բա էլ ե՞րբ անենք»։

Ամեն դեպքում, դատավոր Կարապետ Բադալյանը ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը մերժեց։

Վկայակոչված նորմերի հետ կապված հիմնավոր կասկած դատարանը չուներ․ «Դատարանն ինքը կարող է եզրակացության հանգել որոշակի օրենքի մի մասի կամ ամբողջի Սահմանադրությանը հակասելու հարցով»։

Նշենք, որ Բարձր դատարանը բազմիցս իր որոշումներով արձանագրել է, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի, վերջիններիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավասությունը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է եռաստիճան դատական համակարգին։ Դրա մասին են փաստում նաև ՍԴ-ի աշխատակարգային որոշումները, որոնցով դատարանների կողմից ներկայացված տարբեր դիմումների քննությունը մերժվել է։

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվեց։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել