«Այսքան հիվանդությունները նորմալ չեն 34 տարեկան կնոջ համար»․ կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյան

Հակակոռուպցիոն դատարանում դեկտեմբերի 18-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվեց կալանքի տակ գտնվող Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցի երկարաձգման հարցը։ Նշենք, որ դատավորը կալանքի տակ է շուրջ 1 տարի և 2 ամիս։ Փաստաբան Անդրանիկ Մանուկյանը միջնորդեց, որպեսզի կալանքը փոխարինվի տնային կալանքով, անհրաժեշտության դեպքում նաև գրավ կիրառվի։

Նշենք, որ Ալեքսանյանին կալանքի տակ պահելու հիմքը վկաների, մյուս ամբաստանյալների վրա ապօրինի ազդեցություն ունենալու հավանականությունն է։ Հանրային մեղադրողը նշել էր, որ միայն վկաների հարցաքննությունից հետո կարելի է դիտարկել խափանման միջոցի փոփոխության հարցը։

Մանուկյանը նշեց՝ չնայած վկաները դեռ չեն հարցաքննվել, սակայն նախորդ անգամ կալանքի ժամկետը երկարաձգելիս կանխատեսելի էր, որ այդ 3 ամսվա ընթացքում նրանք չէին հասցնելու այդ չափով ապացույցներ հետազոտել։ Միևնույն ժամանակ պաշտպանը նշեց, որ դատավարության կողմերը, ինչպես նաև դատավորն ամեն ինչ արել են գործընթացը կազմակերպելու համար․ «Կարծում եմ՝ այս պրակտիկան Սահմանադրության 27-րդ հոդվածի հետ (Անձնական ազատություն) ունի շատ մեծ խնդիր։ «Ոչինչ չի փոխվել» պատճառաբանությունը հնչեցնելիս իմ ասած հանգամանքները նկատի ունեցեք»։

Բացի այդ, փաստաբանը հայտնեց, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում վատթարացել է նրա առողջական վիճակը։

«Գործ ունենք մարդու առողջության հետ, հետևաբար, յուրաքանչյուր օր, ժամ կարևոր է։ Փառք Աստծո, անշրջելի իրավիճակ չունենք, որքանով որ ես տեղյակ եմ, սակայն ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ մի օր էլ օբյեկտիվորեն գոյություն ունեցող դանդաղ ընթացքները չեն հանգեցնելու անշրջելի հետևանքի։ Առողջական վիճակի հետ կապված խնդիրների գերակշիռ մասը կապված է սրտի հետ»,-նշեց Անդրանիկ Մանուկյանը։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հետաքրքրվեց՝ հնարավոր է բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակվեն, Արուսյակ Ալեքսանյանը դե՞մ չէ։ Ամբաստանյալը նշեց, որ դեմ չէ և փաստաբանից հետո ինքն ավելի մանրամասն կխոսի դրանց մասին։

Անդրանիկ Մանուկյանը շարունակեց․ ասաց՝ ինքը գույները չի խտացնում և չի ցանկանում լրացուցիչ հուզական մթնոլորտ ստեղծել, սակայն ստանում են գույժեր նման դեպքերի մասին․ «Օրինակ՝ նախորդ օրը 2 ժամ երգած, 2 ժամ ելույթ ունեցած հայտնի երգիչը (Արա Մարտիրոսյանը-խմբ․) մի օրում սրտի հետ կապված հիվանդության պատճառով կյանքից հեռանում է։ Արձանագրում եմ փաստը»։

Արուսյակ Ալեքսանյանի մյուս պաշտպան Հովսեփ Սարգսյանը նշեց, որ տնային կալանքը ի զորու է ապահովելու ամբաստանյալի պատշաճ վարքագիծը դատաքննության ընթացքում։ Նա առաջարկեց նաև համակցված այլ խափանման միջոց էլ կիրառել, օրինակ՝ անշարժ գույքի գրավը․ «Անշարժ գույքը գնահատված է, գույքը կա։ Պաշտպանության կողմը հաշվի է առնում Արուսյակ Ալեքսանյանի առողջական վիճակը, Դուք ինքներդ եք տեսնում, շատ վատ է։ Կալանքը չպետք է պատիժ դառնա»։

Ավելի ուշ նիստի ժամանակ Սարգսյանը պարզաբանեց․ անշարժ գույքի արժեքը շուրջ 54 միլիոն դրամ է, որը պատկանում է Արուսյակ Ալեքսանյանի մորը։

Այնուհետև դատարանում խոսեց Արուսյակ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ չի ցանկանում իր առողջական վիճակը դրոշակ դարձնել, սակայն դատարանը պետք է իմանա, թե իր առողջության հետ ինչ է կատարվում։ Ամբաստանյալը հայտնեց՝ ինքը շատ ուշադիր է իր առողջության նկատմամբ, ժամանակ առ ժամանակ հետազոտություններ է  անցնում, որովհետև իր ընտանիքում «դառը փորձ» է եղել․ «Վերջին վատթարացումները տեղի են ունեցել 4-5 ամսվա ընթացքում, մինչև այդ ես մշտապես ստուգվել եմ։ Շուրջ 3 ամիս դիմել եմ Առողջապահության նախարարության և Արդարադատության նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ին, 3 ամիս հետո միայն ինձ թույլատրվել է ստացիոնար բուժում անցնել «Աստղիկ» ԲԿ-ում, սակայն բուժումը կիսատ է մնացել»։

Ալեքսանյանը հայտնեց, որ իր մոտ հայտնաբերվել է սրտի ռիթմի խանգարում, սինուսային տախիկարդիա, ինչպես նաև շնչարգելություն։ Նա ասաց, որ նոյեմբերի 23-ի նիստից հետո իր ինքնազգացողությունը ՔԿՀ տեղափոխող մեքենայում վատացել է, ինքն ուշաթափվել է․ «Մինչև «Շտապօգնության» ժամանումը ինձ բուժօգնություն են ցուցաբերել ուղեկցողները և Թբիլիսյան խճուղու վրա գտնվող ավտոսերվիսի աշխատակիցները»։

Ամբաստանյալի խոսքով՝ իր մոտ հայտնաբերվել է նաև զարկերակային հիպերտենզիա, ունի շաքարային դիաբետ․ «Այստեղ արձանագրված են նաև այլ խնդիրներ, կանացի, որոնց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել, սակայն էպիկրիզը կտրամադրեմ Ձեզ։ Եթե ես լինեի 65 կամ 70 տարեկան, մի գուցե իմ կողմից մատնանշված հիվանդությունների ծաղկաբույլը լիներ նորմալ, բայց ես ընդամենը 34 տարեկան եմ։ Կալանավորվել եմ 33 տարեկանում, 1 տարի 2 ամսի է կալանավորված եմ, բայց այսքան հիվանդությունները նորմալ չեն 34 տարեկան կնոջ համար»։

Նա նաև նշեց, որ իր մակերիկամն ընդհանրապես չի գործում կամ դրա վրա ուռուցք է առկա։ Կալանավորված դատավորը հայտնեց նաև, որ իր մայրն էլ լուրջ առողջական խնդիրներ ունի․ «Լավ, հասկացանք։ Ես այս պետության թշնամին չեմ, հարգելի դատարան։ Եթե ես ուղեղ չունենամ ու որոշեմ որևէ մեկին խոչընդոտել, ասեմ՝ մարդու մտքին տեղ լինի։ Եթե ցանկանա խոչընդոտել՝ կխոչընդոտի։ Ուզում եմ հասկանալ՝ դատարանի համար ի՞նչ տարբերություն կա՝ ես ՔԿՀ-ում եմ նստած, թե տանը։ Միևնույն է, իմ հաղորդակցվելու իրավունքը բաց է»։

Նա ևս խնդրեց իր նկատմամբ կիրառել «տնային կալանք» խափանման միջոցը և եթե դա բավարար չլինի, ապա գրավ ևս։ Արուսյակ Ալեքսանյանը նշեց, որ դեռևս սեպտեմբերին դիմել է իր հաշվին հետազոտություններ անցնելու համար։ Գործընթացը ձգձգվել է, տարբեր պատճառաբանություններ են բերվել։ Այնուհետև նրան «Աստղիկ» ԲԿ են տեղափոխել, որտեղ անցել է սրտի հետ կապված հետազոտությունները։ Ըստ նրա՝ այդ ընթացքում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողները ճնշումներ են գործադրել․ «Ասում էին՝ Արուսյակ ջան, գիտես։ Քո գործը նենց գործա, ԱԱԾ-նա քննում, կմտածեմ, թե մենք քեզ օգնում ենք։ Արի, դուրս գրվի։ Դուրս գրվելուց հետո դիմում եմ գրել էնդոկրին համակարգիս հետ կապված հարցերը լուծեմ, մինչ օրս պատասխան չեմ ստացել»։

Ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը միացավ միջնորդությանը։ Նա նշեց, որ իր վրա որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ, առավել ևս՝ Արուսյակ Ալեքսանյանը։ Դատավոր Վահե Դոլմազյանը հետաքրքրվեց՝ ո՞ւմ ազդեցությամբ է վերջինս ներգրավվել Սերգեյ Գրիգորյանի պաշտպան։ Ալեքսանյանը նշեց՝ ոչ մեկի։

Հիշեցնենք՝ Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

«Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ընտրությունը Ձեր նախաձենությամբ եք ներկայացրե՞լ»,-հարցրեց դատավորը։

Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց՝ այո, սեփական նախաձեռնությամբ։

Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը դատարանում հայտարարեց, որ ուսումնասիրել է տրված փաստաթղթերը և պաշտպանական կողմի ելույթներից տպավորություն է ստեղծվել, թե խափանման միջոցի փոփոխման արդյունքում Արուսյակ Ալեքսանյանը կարողանալու է ցանկացած ժամանակ բժշկական օգնություն ստանալ իր նախընտրած բժշկի մոտ, սակայն տնային կալանքը նույնպես ազատության սահմանափակում է ենթադրում։

«Բացի այդ, անձը կարող է կալանքի տակ գտնվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար։ Գտնում եմ, որ Արուսյակ Ալեքսանյանի կողմից 1 տարի 2 ամիս կալանքի տակ գտնվելու և առողջական խնդիրներ ունենալու հանգամանքը բավարար գործոններ չեն, որպեսզի հակակշռեն նրա կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը։ Կալանքի ժամկետը ենթակա է երկարաձգման»,-նշեց դատախազը։

Դատարանը որոշեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորված թողնել ևս 3 ամիս` մինչև 2024 թվականի մարտի 18-ը։

Դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց նաև փորձաքննություն նշանակել` որոշելու համար, թե ինչ հիվանդություններ ունի կալանավորը, ինչպիսին է դրանց բնույթը և արդյոք դրանք համապատասխանում են Կառավարության որոշման մեջ նշված հիվանդությունների ցանկին, որոնց դեպքում անձը չի կարող գտնվել կալանավայրում։

Նիստը հետաձգվեց։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել