«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արագածոտնի թեմի Օհանավանի Սբ․ Հովհաննավանք եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հետ զրուցել է սին հավատալիքների մասին։
-Հայ ժողովուրդը 301 թվականից ընդունել է քրիստոնեությունը, բայց մարդկանց մեջ դեռ արմատացած է սին հավատքը։ Ինչու՞, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը։
-Այն կապված կամ պայմանավորված չէ քրիստոնեության հետ։ Մինչև այդ էլ հեթանոս հայը սնահավատության դրսևորումներ ուներ, բայց նաև քրիստոնեության ընդունումից հետո մենք տեսնում ենք, որ եղան այնպիսի դրսևորումներ, որ մարդիկ քրիստոնությունը լավ չպատկերացրնելով սկսեցին այլ բաների հավատալ կամ պաշտել։
-Սնահավատությունը մարդկանց մոտ տարբեր կերպ է դրսևորվում։ Խոսենք ամենատարածվածներից։ Հատկապես եկեղեցիների մոտ հանդիպում են ծառեր, որոնց վրա կապում են թաշկինակներ, մազեր և այլ զանազան իրեր, սրա խորհուրդը ո՞րն է, հայ առաքելական եկեղեցին ի՞նչ վերաբերմունք ունի այս երևույթի հանդեպ։
-Ծառի նկատմամբ պաշտամունքը հայ ժողովրդի կյանքում մշտապես եղել է և, եթե ընթերցենք Մովսես Խորենացու Հայոց պատմությունը՝ այնտեղ կտեսնենք, որ հայը մեծ հավատալիք ուներ ծառերի նկատմամբ և որոշակի ուժ էր վերագրում բարդիների ծառերին, սոճիների ծառերին և փորձում էր այդ ամենի մեջ աստվածայինը տեսնել։ Աստվածաբանության մեջ մի հետաքրքիր միտք կա, ասում է՝ եթե Աստված չստեղծեր մարդուն, ապա մարդն իր ահից կստեղծեր Աստծուն։ Եվ անգամ աթեիստը, որ անհավատ է, ինքն էլ է հավատում, որ Աստված չկա, ի տարբերություն քրիստոնյայի։ Սնահավատ մարդը փորձում է ամեն իրի մեջ զորություն տեսնել։ Եկեղեցիների տարածքներում նմանատիպ թաշկինակները, ինչ-որ բաներ կապելը սրանք ևս նմանատիպ հավատալիքների արդյունք են, որ մարդիկ էլի քրիստոնեությունը լավ չեն պատկերացնում, սուրբ գիրք չեն ընթերցում, որովհետև այս ամենը հստակ իր պատճառն ունի՝ Սուրբ գրքից հեռու լինելը, եկեղեցուց հեռու լինելը, եկեղեցական խորհուրդներից հեռու լինելը։ Երբ մարդկանց հետ խոսում են քրիստոնեությունից, շատ տարածված սուտ կա՝ ես իմ Աստվածն ունեմ, երբ որ հարց ես տալիս, թե ինչպիսի՞ն է քո Աստված, դու ինչպե՞ս ես իրեն պատկերացնում, հասկանում ես, որ մարդն Ավետարանը չի կարդացել։ Եվ ինքն իր Աստծուն է կերտել, որը հաճախ Աստվածաշնչի հետ առհասարակ կապ չունի։ Այդ ուժերը կան, չարի ուժը կա, բարու ուժը կա, նայած, թե մարը որ ուժին է ապավինում։
-Մարդիկ ասում են, որ եկեղեցիներում հոսող կամ կաթացող ջրերը բժշկում են, սա համարվու՞մ է սնահավատություն։
-Առհասարակ, երբ մենք մկրտություն ենք կատարում, մենք օրհնում ենք այդ ջուրը, հետո սրբալույս մյուռոնով օծում ենք, նաև հավատում ենք, որ ինչպես Քրիստոսի մկրտության պարագային, ասում է՝ լսվեց Հայր Աստծո ձայնը, որը ասաց՝ դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը և նաև ասում է՝ Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ նրա վրա կամ այդ ջրերի վրա։ Ուրիշ է, երբ որ այդ ջրերը կօրհնվեն։ Ես հավատում եմ նաև, որ եթե մի բանի մեջ Աստված կա և Աստծո ներկայությունը կա, արդեն իսկ այն սրբված, մաքրված և սրբագործված է։ Եթե մարդը հավատով մոտենա եկեղեցու մեջ եղած ջրին, այն եկեղեցու, որի մեջ որ Աստված է բնակվում, այդ հավատով ինքը կմաքրվի, կբուժվի։
-Թերևս սնահավատության ամենից տարածված դրսևորումը աչքի հուլունք կախելն է, հիմնականում մանկահասակ երեխաների հագուստին են կպցում, կա՞ «չար աչք» հասկացություն և այդ հուլունքներրը որքանո՞վ են այսպես ասած՝ «պայքարում» դրա դեմ։
-Ես հիշեցի «Վարպետը և Մարգարիտան» գործը։ Ասում է՝ երբ Սատանան մտավ քաղաք, լսեց, որ երեք մարդիկ իրար հետ զրուցում են և նրանց խոսակցության նյութն էր՝ Աստված չկա։ Թվում է՝ Սատանան պետք է ուրախանար այդ լսելով, բայց իր կյանքում երբևէ այդքան չէր բարկացել և մոտենալով մարդկանց ասում է՝ եթե Աստված չկա, ուրեմն ես էլ չկամ։ Ուրեմն իր գոյությունը հաստատում է կամ կապում է Աստծո գոյությամբ։ Եթե մենք հավատում ենք, որ Աստված կա, պետք է նաև հավատանք, որ հակառակ ուժը կա, հակառակորդը կա։ Բայց հետաքրքիր է, որ ազդեցություն չունի մարդու մտքի կամ ուղեղի վրա։ Այ, մարդն Աստծո պատկերով և նմանությամբ է և դա նշանակում է նաև՝ մարդն ազատ է իր ընտրության մեջ։ Այդ մենք ենք ընտրում՝ Աստծո հետևից ենք գնալու, թե չարի հետևից ենք գնալու։
-Մարդիկ մայիս ամսին հիմնականում խուսափում են ամուսնությունից, ասում են՝ «մայիս-վայիս»․ եկեղեցին այս մասով ի՞նչ մեկնաբանություն ունի։
-Շատ ու շատ հավատալիքների ծագումը քրիստոնեական է։ Ոչ միայն քրիստոնեության հետ կապ չունի, այլ նաև ծագումը քրիստոնեական է։ Բայց 21-րդ դարի քրիստոնյան, ինքը լավ չպատկերացնելով քրիստոնեությունը, դա կարող է կապել անգամ չարի հետ, ասելով՝ եթե այդ ամսին ամուսնանաք, ապա հաջող ամուսնություն չի լինի։ Հինանց շրջանը, որ այդ 50 օրերը հաջորդում են Հիսուսի հարությանը, շատ գեղեցիկ և ուրախալի օրեր են և մեր ժողովրդի համար ավելի մեծ ուրախություն չկար, քան տոնելը մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հարությունը։ Հիմնականում մայիս ամիսն ընկնում է այդ 50 օրերի մեջ և դա այսօրվա հայի մտածած «մայիս-վայիսի» հետ որևէ կապ չունի։
-Ինչպե՞ս կարող են մարդիկ ազատվել սնահավատությունից, ինչ-որ քայլեր կա՞ն։
-Մենք այդ սնահավատության դրսևորումները հիմնականում ունեցել ենք սովետական միության 70 տարվա անհավատության տարիներին, որ փորձ էր արվում պետական մակարդակով Աստծուն մարդկանց միջից հանել, և բնականաբար այս ամենը նաև իր հետևանքները պետք է ունենար։ Եկեք չմոռանանք, որ 1915 թվականից հետո հայը՝ վտարանդի լինելով, իր հոգևոր կյանքը չուներ և եկեղեցուց մարդիկ կտրվեցին։ Այս ամենը դարձյալ ապացույցն է այն բանի, որ մարդը շարունակում էր հավատալ և ուզում էր, որ ինչ-որ բան լինի իր կյանքում, մի զորություն, մի բան, որին ինքը կապավինի։
-Նկատելի է, որ սնահավատությունն ավելի շատ մեծահասակների մեջ է մտած։ Օրինակ՝ երիտասարդ մայրիկը պատրաստ է երեխայի հետ դուրս գալ, հյուրեր ընդունել, բայց տան մեծահասկը թույլ չի տալիս։ Ինպե՞ս եք սա բացատրում։
-Ես գալիս եմ հաստատելու ձեր ասածը, որովհետև, երբ որ ջահել հարսները գալիս են այստեղ իրենց երեխաների հետ, միշտ ասում են՝ այ, սկեսուրս նման բան ասաց, ի՞նչ անեմ։ Կամ ասում են՝ տատիկս երեխայիս գլխի տակ դանակ էր դնում։ Այս ամենը գալիս է հենց այն վախերից, որ մենք Աստծուն չենք ունեցել մեզ հետ։ Քառասունքն ընդամենը մոր մաքրման համար է, երեխային տաճար ընծայելու։ Այսինքն երեխայի քրիստոնեական կյանքի մասին եկեղեցու հայրերն արդեն իսկ 40-րդ օրից մտածում են։
-Ի՞նչ է արդարությունը։
-Արդարությունը հասարակության մեջ Աստծո ներկայությունն է։
-Ի՞նչ է բարոյականությունը։
-Ես այս հարցին շատ արագ չեմ կարող պատասխանել, որովհետև մի ամբողջ Աստվածաշունչ պետք է բերեմ։ Բարոյականությունը դա բարոյական նորմերով հաստատված հասարակության կողմից ընդունելի համարվող օրենքների շղթա կարող եմ ասել, որի մեջ դարձյալ պետք է լինի Աստված։ Ինձ համար չկա բարոյականություն առանց Աստծո։
-Որտեղի՞ց է գալիս հավատքը, Աստծո կողմի՞ց է տրվում, թե մարդն ինքնուրույն է հասնում դրան։
-Այն Աստծո կողմից դրված է մարդու մեջ, ինչպես որ սերը, ըստ իս։
Մանրամսները՝ տեսանյութում