«Ես կյանքը շատ եմ սիրում»․ պատերազմում ոտքերը կորցրած Սարգիսը՝ գրանցած հաղթանակների և նպատակների մասին

Մտածում էի՝ չմահանամ։ Ես կյանքը շատ եմ սիրում ու փորձում եմ ապրել։ Iravaban.net-ի «Արցախյան երկրորդ պատերազմ․ ապրող և ապրեցնողները» շարքի շրջանակներում ասում է Սարգիսը։

Սարգիս Հարությունյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է։ Պատերազմի հետևանքով կորցրել է ոտքերը։

«Ծառայում էի Մարտակերտում։ 1․5 տարվա ծառայող էի, երբ սկսվեց պատերազմը։ Սեպտեմբերի 27-ին զորամասում էի, վաշտի հերթապահ էի։ Առավոտյան ժամը 7։15-ի կողմերը սկսեց տարօրինակ ձայներ գալ։ Արդեն հասցրել էի տղաներին արթնացնել, գումարտակը արթուն էր։ Որ սկսեցին զորամասի վրա հրետակոծությունը, շատ խուճապ չի եղել։ Ճարտար գյուղից քիչ հեռու, Ուլիան սար կոչվող տեղամասում ենք եղել։ Մինչև հոկտեմբերի 28-ը մասնակցել եմ մարտական գործողություններին։ Լույսը բացվելու վրա էր, որ հրետակոծում էին մեզ։ Ստացել էինք թաքստոց մտնելու հրաման։ Երբ հրետակոծությունը դադարել էր, դուրս եկա, զգացի, որ արկ է գալիս, նորից փորձեցի մտնել թաքստոցի մեջ։ Հենց պառկեցի, արկն ընկավ վրաս ու պայթեցի, ոտքերս տեղում կտրվել է։ Հողի տակ եմ մնացել։ Ընկերներս օգնել են, հանել են հողի տակից։ Գիտակցությունս տեղն է եղել։ Մարտունու հիվանդանոցում սրսկեցին, նոր քնեցի»,-ասաց Սարգիսը։

Նրա խոսքով՝ չի գիտակցել պահի լրջությունը, չի մտածել, թե հետագայում ինչ պետք է լինի, միակ միտքը եղել է՝ չմահանա։

«Վաշտի հրամանատարը և ովքեր եղել են ինձ հետ, ամեն ինչ արել են, որ ինձ հասցնեն հիվանդանոց։ Շատ քչերին է հաջողվել հասնել հիվանդանոց։ Ես երեք մեքենա եմ փոխել, որ հասնեմ հիվանդանոց։ Առաջին մեքենան կողաշրջվել է, չենք հասել հիվանդանոց։ Երկրորդ մեքենան փչացել է, երրորդ մեքենայով հասանք հիվանդանոց»,-հիշում է Սարգիսը։

Նա ասում է, որ երեք ամիս սայլակին նստած երազել է պրոթեզավորման մասին։

«Գիտակցել եմ, որ միակ քայլելու միջոցը պրոթեզավորումն է։ Պրոթեզավորվելուց հետո օր ու գիշեր աշխատանք եմ տարել, որ կարողանամ քայլել։ Սկզբում քայլակով էի քայլում, հետո երկու ձեռնափայտով, հիմա առանց ոչ մի բանի կարողանում եմ քայլել»,-ասաց նա։

Սարգիսը սկսել է սպորտով զբաղվել։ Արդեն մեծ հաջողությունների է հասել բազկամարտում։ Դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով թուրք մրցակցին։ Անթալիայում մասնակցել է աշխարհի առաջնությանը, զբաղեցրել է 3-րդ տեղը։ 2023 թվականի մայիսին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և դարձել է չեմպիոն՝ կրկին հաղթելով թուրք մրցակցին։ Օգոստոսին նորից մասնակցել է Աշխարհի առաջնության և դարձել աշխարհի չեմպիոն։ Հիմա Սարգիսի երազանքն է Օլիմպիական չեմպիոն դառնալը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել