2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից 9 օր առաջ Կամսար Բախշիյանը մարտական առաջադրանք կատարելիս ստացել է վիրավորում, որի հետևանքով զրկվել է ստորին վերջույթից։
Iravaban.net-ի «Արցախյան երկրորդ պատերազմ․ ապրող և ապրեցնողները» շարքի շրջանակներում նա պատմեց, որ 2016 թվականից զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։
«Սեպտեմբերի 10-ին դեպի զորամաս էի գնում, խնդիր ստացա վերադաս հրամանատարությունից, որ հակառակորդը մեր մարտական դիրքերի միջտարածությունում է և փորձում է դիվերսիոն գործողություն կատարել։ Խնդիրը ստանալուց հետո, իմ ենթակա ստորաբաժանման հետ մեկնեցի այնտեղ։ Հասնելով տվյալ տեղամասը, ոտքով գնալուց դեպի նշված տեղը իրականացրեցի մարտական խնդիրը, որի ժամանակ ականի վրա պայթեցի։ Պայթյունից հետո, որ զինվորներս ուզում էին մոտենալ, չթողեցի, քանի որ չգիտեի՝ ինչ քանակությունով ու ինչ կա։ Ասացի՝ տեղում մնացեք, ես երկու ձեռքով, ինձ հրելով, սողեսող հասա ավելի ապահով տեղ։ Ես իմացա, որ ոտնաթաթս չկա ու վատ իրավիճակ է, բայց 2020 թվականին, որ ամեն ինչ տեսել էինք, մոտս շատ խուճապ չկար, այդ էտապն արդեն անցել էի։ Ամպուտացիայից հետո ուշքի եկա, շատ վատ զգացողություններ ունեի»,-պատմում է Կամսարը։
Մեր զրուցակիցը հիվանդանոցում ոտքի ամպուտացիայից հետո առաջինը հանդիպել է կնոջը, որի հայացքն էլ իրեն ապրելու ուժ է տվել։
«Լավ չէի, մի կերպ ինձ զսպում էի, որ չլացեմ, երբ հարազատներս եկան, առաջին հերթին կնոջս էի նայում, որ նայեցի՝ ո՛չ խղճահարություն, ո՛չ կոտրվել իր դեմքին չնկատեցի, մեջս ուժ արթնացավ, որ կարող ենք ապրել, կարող ենք դժվարություն հաղթահարենք»,-ասում է Կամսարը։
Կամսար Բախշիյանը հիվանդանոցում է եղել, երբ թշնամին հերթական ագրեսիան սկսեց Արցախի դեմ, որի հետևանքով օկուպացվեց և հայաթափվեց Արցախի Հանրապետությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան