Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արարատ Թորոսյանը բանակ է զորակոչվել 2019-ի հունվարի 25-ին։ Ծառայել է Մարտունի 3-ում։
«Տագնապով իմացանք, որ պատերազմ է ու բարձրացանք դիրքեր։ 4 օր դիրքերում եմ եղել, վիրավորում ստացել եմ հոկտեմբերի մեկին։ Դիտակետում էի։ Արկը, երբ եկավ, դիրքում կարծեմ 7 հոգի էինք։ 2 հոգի զոհվեցին ԱԹՍ-ի հարվածից։ Երեքս ստացել ենք տարբեր աստիճանի վիրավորում։ Ամեն ինչ հիշում եմ, թե ոնց եղավ»,-Iravaban.net-ի «Արցախյան երկրորդ պատերազմ․ ապրող և ապրեցնողները» շարքի շրջանակներում պատմում է Արարատը։
Նրա վիրավորումը շատ ծանր է եղել։ Արարատը կորցրել է ոտքերը։ Նրա խոսքով՝ անգամ բժիշկներն են զարմացել, թե ինչպես է նա փրկվել և գրեթե ամբողջ ընթացքում գիտակցությունը տեղն է եղել։ Երբ արկը խփել է, սկզբում կտրվել է նրա ոտնաթաթը, հետո տեսել է, որ մյուս ոտքն էլ է կտրված։
«Տարել են տարբեր տեղեր, տարել են դիահերձարանի նման մի տեղ, ամբողջը մարմիններ էին տարբեր կտրվածքներով, ձեռք, ոտք․․․․կլինիկական մահ եմ տարել, մտածել են՝ մահացած եմ, տարել են այտեղ։ Հետո տեղափոխել են Գորիս։ Գորիսում գիտակցությունս կորցրել եմ։ Գիտակցության են բերել և ուղարկել են Երևան։ Ուղղաթիռի մեջ արթնացա, ասացի՝ չմեռանք, ուղղաթիռ էլ նստեցինք»,-պատմում է նա ու ժպտում։
Արարատն ասում է, որ իր համար ծանր է եղել, բայց գիտակցել է, թե ինչի համար է արել և հաղթահարել է այդ ամենը։
«Կյանքը շարունակվում է, կյանքը գեղեցիկ է։ Շատ մարդ կերազեր, որ ուղղակի ապրեր, կապ չունի, թե ոնց, ուղղակի ապրեր»,-նշում է նա։
Պրոթեզների արժեքը, որոնք կրում է Արարատը, 50 միլիոն դրամ է։ Ասում է, որ պետությունն է այն իրեն տրամադրել, սակայն մեծ դժվարությամբ։
«Հիմա ես ունեմ այս պրոթեզները, բայց շատ զինհաշմանդամներ կան, որ չունեն ու այնպես չէ, որ մի քանի հազար հոգի են, որ պետությունը չի կարողանում բոլորին ապահովել պրոթեզներով»,-ասաց մեր զրուցակիցը։
Նա անդրադարձավ նաև այն խնդրին, որ զինհաշմանդամները, որոնք ունեցել են հաշմանդամության 1-ին խումբ, 2-րդ խումբ են տեղափոխվել։
«2 տարի առաջին խումբ ենք եղել, երկու տարի հետո խումբը փոխեցին։ Այստեղ գումարի հարցը չէ, այլ կոնկրետ մեզ չհարգել է դա։ Ասում են՝ առողջացել ես, քայլում ես, բայց իրենք անգամ գաղափար չունեն, թե ոնց ես քայլում։ Ես տեղյակ եմ, որ դա շատ զինհաշմանդամների ապրելու միջոց էր, իսկ պետությունը զրկում է մեզ այդ միջոցից»,-ասաց Արարատը։
Նա անդրադարձավ նաև այն խնդրին, որ քաղաքի մի շարք մասերում չկան թեքահարթակներ, եղածն էլ անհարմար է։ Նա ևս ընկել է։
Չնայած բոլոր դժվարություններին, Արարատը տարբեր նախագծերի է մասնակցել։ Ասում է, որ փորձում են հաշմանդամության մասին կարծրատիպեր կոտրել։ Վերջերս մասնակցել է նաև հումորային մի ծրագրի, որում հաշմանդամություն ունեցող մի քանի տղաներով որպես թիմ են ներկայացել ու հենց հաշմանդամության հետ կապված էլ կատակներ արել։ «Այսօր Հայաստանում շատերը մտածում են, որ եթե ինչ-որ մեկը խնդիր ունի, իր հետ չես կարող այդ խնդրի վերաբերյալ հումոր անել, բայց մենք ցույց տվեցինք, որ մենք ինքներս կարող ենք հումոր անենք ու դա նորմալ է։ Հուսով եմ, ինչ-որ չափով այդ կարծրատիպը կոտրել ենք»,-ասում է նա։
Արարատը հաշմանդամություն ունեցող տղաներին հորդորում է չփակվել, չդառնալ ինքնամփոփ․ «Դա հարց չի լուծելու։ Դու ապրում ես, պետք է շնորհակալ լինես։ Պետք է տանը չփակվել։ Պիտի դուրս գաս, որ դու էլ ուրիշին ցույց տաս, որ կարող ես։ Խորհուրդս այն կլինի, որ սիրեն կյանքը։ Հաստատ գնալու եմ մինչև վերջ, որ էլ ավելիին հասնեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան