Նարեկ Վարդանյանը ագրեսոր Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է․ կամավոր է մասնակցել պատերազմին։
«Ես Բերդի զորամասում պայմանագրային զինծառայող էի, երբ սկսվեց պատերազմը։ Հենց սկզբից ուզում էի գնալ կամավոր, բայց հնարավոր չեղավ, հետո ստեղծվեց հնարավորություն և ես գնացի որպես դասակի հրամանատար»,-Iravaban.net-ի «Արցախյան երկրորդ պատերազմ․ ապրող և ապրեցնողները» շարքի շրջանակներում պատմում է Նարեկը։
Մեր զրուցակիցը նշում է, որ մարտի դաշտում իրեն հուսադրել են այն դեպքերը, երբ լավ կռվող, քաջ տղաներ է տեսել։
«Մենք էլ էինք հավատում ինչ-որ բանի։ Հավատում էինք, որ այդ պահին մեզնից ինչ-որ բան կախված է ու փորձում էինք անել։ ․․․Մի քիչ ստացվել է, մի քիչ չի ստացվել։ Մի քիչ վախեցել ենք, մի քիչ չենք վախեցել, որ ասում եմ՝ ենք՝ նկատի ունեմ իմ ու ինձ հետ, ու ոչ միայն, մարդկանց»,-ասում է նա։
Նարեկը վիրավորում է ստացել գլխի շրջանում, ընկել կոմայի մեջ։ Վիրավորում ստանալու պահը չի հիշում, այդ մասին նրան պատմել են զինակից ընկերները։
Պատերազմի մասնակիցն ասում է, որ երկար կարող է թվել այն շարքը, թե ինչու պարտվեց հայկական կողմը և հավելում, որ հիմա էլ ամեն օր շարունակում է պարտվել։ «Մեկս մեկիս նկատմամբ անհանդուրժող ենք, չենք զիջում, իսկ այն դեպքում, երբ պատերազմ էր և այդ ժամանակ պետք էր անհանդուրժող դառնալ, այդ ժամանակ, ոնց որ թե, անտարբեր էինք ավելի»,-հավելում է նա։
Նարեկ Վարդանյանը գրքի հեղինակ է։ Պատերազմից հետո նա գրել է «Սովորական հայրենիք» գիրքը, որ փաստավավերագրական, գեղարվեստական գիրք է։ Այն նկարագրում է պատերազմի օրերը և պատերազմից հետո բուժում ստանալու փուլը։ Գրքի հերոսները տղաներն են, որոնց հետ Նարեկը կռվել է, և տղաները, որոնց հետ անցել է բուժման բարդ ու երկար փուլը։
«Երկու պատճառ կար, որոնց համար մտածեցի, որ կարող եմ գրել։ Ինձ հետ տղերք էին զոհվել, նրանց մասին մտածում էի, որ պետք է գրեմ, որ իրենք ինչ-որ ձևով լինեն, ինչ-որ տեղ հիշվեն»,-ասում է նա։
Նարեկն ասում է, որ «Սովորական հայրենիքի» վրա կրակում են, քանի որ մտածում են, որ այնտեղ կա ինչ-որ բան, որն իրենք չունեն։
Նրա բուժումը դեռ շարունակվում է, ասում է, որ դեռ երկար կտևի բուժումների փուլը, քանի որ ծանր վրավորում է ստացել։ Սակայն դա չի խանգարում, որ Նարեկն ինտեգրվի կյանքին, աշխատի, զբոսնի, տրոնսպորտ նստի։
Նարեկի երազանքները խաղաղության մասին չեն։ «Այս պահին իրատեսական չեմ համարում խաղաղությունը։ Գոնե երազեմ, որ մի քիչ ավելի բարի լինենք, իրար հանդուրժող լինենք, ավելի անհանդուրժող լինենք հակառակորդի նկատմամբ, վատի նկատմամբ, չարի նկատմամբ, երևի դրա մասին եմ երազում»,-ասում է Նարեկը։
«Հիմա էլ գնալու եմ զրուցեմ տղաների հետ, գրեմ նրանց մասին»․ Նարեկ Վարդանյանն աշխատում է Զինվորի տանը, նա գրում և ներկայացնում է պատերազմի բովով անցած տղաների պատմությունները։
Հասմիկ Սարգսյան
Մանրամասները՝ տեսանյութում