2019 թվականի հունվարի 19-ին գնացել եմ բանակ, 22 ամիս ծառայելուց հետո սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախյան երկրորդ պատերազմ․ ապրող և ապրեցնողները» շարքի շրջանակներում պատմեց Շահեն Բաբայանը։
«Երկու օր առաջ մենք բարձրացել էինք Ջրականի կրակային դիրքեր։ Համար մեկով միշտ էինք բարձրանում, բայց այդ անգամ լրիվ ուրիշ համար մեկ էր։ Սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7-ին տեսանք, որ անօդաչուն մեր գլխի վերևով թռնում էր։ Նման բան դեռ չէինք տեսել։ Մինչև հրաման տալը մեզ վրա 6 հատ դրադի սնարյադ ընկավ։ Միայն կինոներում էինք նման բան տեսել։ 2-3 օր այդտեղ մնալուց հետո տեղափոխվեցինք պահեստային կրակային դիրքեր։ Կամաց-կամաց հետ էինք նահանջում։ Հոկտեմբերի 10-ին եկանք Հադրութ։ Լույսը բացվելուն պես տեսանք, թե ոնց են ռմբակոծում Հադրութ քաղաքը։ Երևի մի հազար հոգի կլինեին թուրքերը, մտան Հադրութ։ Մի կերպ ենք շրջափակումից դուրս եկել»,-ասաց նա։
Շահենի խոսքով՝ իրենք գնացել են Մարտունու շրջան և սկսել են կրակային դիրք կառուցել։
«Արդեն հոկտեմբերի 28-ն էր։ Բահ կար մեզ մոտ, հերթով լցնում էինք հողը։ Երեկոյան ժամը 7-ն էր, «բռոնի ժիլետս» ու «կասկես» հանել էի, որ մի վայրկյանով հանգստանայի։ Ընկերս ասաց՝ հագի ժիլետս, հագա ու անկախ ինձնից վերև նայեցի, շվվոցն ու ընկնելը մեկ է լինում։ Ձախ ոտքս տեղում կտրվեց, աջս՝ հիվանդանոցում են կտրել։ Տղաներն են ինձ փրկել, որ արնաքամ չլինեմ։ Ինձ հացրել են Գիշի գյուղ»,-ասաց Շահենը։
Նա ասում է, որ երբ տեղափոխվել է Հայաստան, սկսել է բժիշկների հետ վիճել, թե ինչու հենց իր հետ նման բան պատահեց։
«Իրենք ինձ փրկում էին, ես իրենց մեղադրում էի։ Կամաց-կամաց ընտելացա իմ կարգավիճակին։ Իմ մեջ ուժե եմ գտել, որ դիմացինս տեսնի, չնեղվի։ Հիվանդանոցում պառկած էի, ծնողներս եկան, դժվար էր ինձ համար իրենց նայելը։ Չէի ուզում, որ ինձ այդպես տեսնեին։ 22 օր պառկել եմ հիվանդանոցում, հետո եկա տուն, ժողովուրդը գալիս էր ինձ տեսնելու, ոնց որ չուզենայի, որ ինձ այդպես տեսնեին»,-ասաց նա։
Շահենը հիշում է, որ իրենց տուն հյուր է գնացել Սարգիս Ստեփանյանը։ Նա այդ հանդիպումից հետո ոգեշնչվել է։ Տեսնում էի, թե նա պրոթեզներով ինչեր է անում։
«Ամեն օր տեսանյութեր էի նայում, թե ինքն ինչ է անում։ Արդեն չէի համբերում, թե երբ եմ դնելու պրոթեզները։ 3 ամիս հետո արդեն ձեռնափայտով քայլում էի»,-ասաց մեր զրուցակիցը։
Շահեն Բաբայանը զբաղվում է բազկամարտով։ Նա գրանցել է մի շարք հաղթանակներ։ Պատրաստվում է Աշխարհի առաջնությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան