2016 թվականի հունվարին բանակ զորակոչված Ռոլանդ Սահակյանը մասնակից է դարձել Ապրիլյան քառօրյա պատերազմին: Հայրենի գյուղում՝ Այգեշատում, հողագործությամբ է զբաղվել, իսկ Մատաղիսում որպես վարորդ է ծառայել:
«Հրաման եմ ստացել, որ պոստեր չբարձրանամ, հրամանը չկատարելով ասել եմ՝ որտեղ ընկերներս, այնտեղ էլ ես ու կամավոր գնացել եմ պոստեր»,-պատմում է Ռոլանդ Սահակյանը:
Նա նշում է, որ ապրիլի 4-ին Թալիշ գյուղում հրաման է ստացել կամավորներին իր մեքենայով դիրքեր տանել, սակայն կամավորների ջոկատի վրա արկ է ընկել, ինչի հետևանքով էլ ծանր վիրավորում է ստացել:
Ռոլանդը լողալ է սիրել, ցանկացել ծառայությունից հետո ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Այժմ նրա նպատակներն ու երազանքները փոխվել են. «Առաջին երազանքս է՝ շուտ ոտքի կանգնեմ, ընտանիքիս կողքին լինեմ»,-նշում է նա:
Ռոլանդ Սահակյանը նշում է, որ թեպետ հիմա չգիտի ինչպես է, բայց հնարավորության դեպքում բանակում սնունդն ամբողջությամբ կփոխեր:
Ռոլանդն այժմ վերականգնողական կուրս է անցնում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Նրա խոսքով, կենտրոնը մեծ օգնություն է զինհաշմանդամների համար, սակայն փրկություն չէ, քանի որ մեկ կենտրոնը քիչ է Հայաստանում եղած բոլոր վիրավոր տղաների համար, իսկ արտերկրում վիրահատվելու, բուժում անցնելու համար միջոցները չեն բավականեցնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ալիսա Չիլինգարյան