Էդմոնդ Հովակիմյանը 16 տարեկան էր, երբ սկսվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը: Երկրապահ կամավորականների միության մարտական ոգով դաստիարակված պատանին ամեն կերպ փորձել ու միացել է կամավորական ջոկատին և մեկնել Արցախ:
Iravaban.net-ը «Արցախյան երկրորդ պատերազմ․ ապրող ու ապրեցնողները» շարքի շրջանակներում զրուցել է Էդմոնդի հետ՝ խոսելով պատերազմներին ունեցած մասնակցության ու դրա հետևանքների մասին։
Էդմոնդը հիշում է, որ իրենց Վերջին զանգի արարողությունը հետաձգել են, որ ինքն էլ կարողանա մասնակցել:
Արցախյան 44-օրյա պատերազմին նա ևս մասնակցել է որպես կամավոր:
«Մի քանի անգամ գնացի հավաքակայան, բայց հետ ուղարկեցին, հետո վարչապետը կոչ արեց՝ մեզ պետք են այն տղաները, ովքեր նոր են զորակոչվել բանակից ու շատ լավ գիտեն, թե ինչ է պետք այնտեղ անել: Հոկտեմբերի 5-ին շարժվեցինք, 6-ին եղանք Սանասարում»,-պատմում է Էդմոնդը:
Նա հիշում է իր հրամանատարին՝ փոխգնդապետ Աշոտ Չոբանյանին, ով զոհվել է մարտական առաջադրանքի ժամանակ:
«Իր զոհվելուց ու իմ վիրավորվելուց մեկ օր առաջ մենք իրար հետ խոսակցություն ենք ունենում, իրենք պետք է հետախուզման գնային և ես իրեն խնդրեցի, որ ինձ էլ տանի, ասաց՝ ոչ, այստեղ միակ մարդը, որ էս տղերքին կարող եմ հանգիստ թողնեմ իր վրա ու գնամ՝ դու ես, մենք, որ գնանք, հետ չենք գալու, չեմ տանի քեզ»,-հիշում է Էդմոնդը:
Նա վիրավորում է ստացել հոկտեմբերի 11-ին՝ հարազատ եղբոր ծննդյան օրը:
«Էդ «ուռոդներին» «խնդրեցի», ասացի՝ մենակ էսօր ինձ չխփեք, եղբորս ծնունդն է, սպասեք թող անցնի՝ վաղն ինչ ուզում եք արեք: Թարսի պես խփեցին, զանգեցի եղբորս ասացի՝ ծնունդդ շնորհավոր, ձեռքս կտրվել ա արի»,-հումորով ու ժպիտով պատմում է պատերազմի մասնակիցը:
Պրոթեզավորված է նրա ձախ ձեռքը։ Հումորով նշում է, թե հիմա հաշմանդամ ձեռքն իր հերթին հաշմանդամ է, մատներից մեկը ուղարկել են վերանորոգելու։ Երիտասարդին անգամ սա չի խանգարել դուդուկ, դաշնամուր նվագել։
Երբ նրանից հարցրեցինք, թե ինչպես ընդունեց նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագիրը՝ ասաց՝ երազել է պարզապես մեռած լինել. «Լիքը տղերքի կորցնելուց հետո, երբ դու տեսնում ես, որ այդ ամենը եղավ ու տղերքը չկան, ու հողերն էլ տված ա, այդ պահին ամենահեշտ փրկությունը մեռնելն ա»:
Երիտասարդը կիսվում է նաև սիրային արկածներով։ «Վիրահատությունից հետո աչքերս բացում եմ ու մեկը սիրուն աչքերով վրաս է նայում, սիրահարվում եմ․․․»,-պատմում է Էդմոնդը: Սակայն այդ սերը երկար չի տևել, քանի որ աղջիկը վախեցել է հաշմանդամ ընկեր ունենալուց:
«Ես շնորհակալ եմ նրան, որովհետև նա ինձ տվեց կյանքի այնպիսի «պրինցիպ», որ ես պետք է պայքարեմ և հասնեմ նրան, որ ֆիզիկապես լիարժեք մարդ երազի դրա կեսին հասնի»,-ասում է նա: Տղան հիմա նոր սեր ունի, ընկերուհին հասկանում է նրան ու աջակցում։
Էդմոնդը սոցիալական կայքերի միջոցով փորձում է պատերազմի մասնակից տղաներին մոտիվացնել, որ կարողանան պայքարել և հաղթահարել պատերազմը: Նա Tik Tok-ի միջոցով մոտիվացնող տեսանյութեր է ներկայացնում:
«Եթե պատերազմի դաշտում չես վախեցել մեռնելուց՝ իրավունք չունես վախենալ ապրելուց»,-ասում է Էդմոնդը:
Մանրամասները՝ տեսանյութում: