«Հաշմանդամությունը մենք յուրահատկություն ենք որակում, պետք չէ հանձնվել»․ 44-օրյա պատերազմի մասնակից

2020 թվականի սեպտեմբերին Հայաստանում էի, երբ լուր ստացա, որ պատերազմ է սկսվել։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախյան երկրորդ պատերազմ․ ապրող և ապրեցնողները» շարքի շրջանակներում ասաց Սամվել Սարյանը։

«Նույն օրը գնացի Արցախ։ Սեպտեմբերի 28-ին մամայիս ծնունդն էր, գնացի մեր տուն, մեքենան թողեցի, չհասցրեցի նույնիսկ շնորհավորել մայրիկիս։ Գնացի զինկոմիսարիատ, կամավորագրվեցի և մեր խմբով գնացինք Մատաղիս։ Մարտի մեջ էինք մինչև հոկտեմբերի 3-ը, հոկտեմբերի 3-ից արդեն դուրս եկանք Մատաղիսից՝ վիրավոր և զոհ տալով։ Հոկտեմբերի 13-ին հրամանատարը մեզ տեղեկացնում է, որ պետք է թեժ պայքարի մեջ մտնենք, մի կարևոր դիրք կա։ Հենց իջնելու պահին արդեն տեսանք, որ հրթիռային հարվածներ են, չենք հասցրել դիրքավորվել, հենց այդ դաշտի մեջ անօդաչու թռչող սարքի հարվածից ծանր վիրավորում ստացա։ 17 հոգի զոհվեցին, 6 հոգի վիրավորում ստացան։ Պապայիս ընկերը մեզ հետ էր։ Հիշում եմ, որ եկավ ու զրահաբաճկոնից քաշեց։ Այդ ժամանակ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, ծուխ էր, ոչ մի բան չէի տեսնում, բայց ցավից գոռում էի, տենց ինձ գտել են։ Գիտակցում էի, որ ոտքիս շրջանում մեծ վերք կա»,-պատմում է Սամվելը։

Պատերազմի մասնակիցն ասում է, որ մի քանի րոպեների ընթացքում ողջ կյանքը վերհիշել է ու մտածել՝ գուցե սա վերջն է։

«Տղերքից մեկը գոտին հանել է ու ոտքս կապել, որ արնահոսությունը կանգնի։ Երևի մի կես ժամվա ընթացքում շտապ օգնության մեքենաները մոտեցել են։ Տեղափոխեցին Մարտակերտի հիվանդանոց, բայց այդ ընթացքում մեզ մի չորս անգամ հանել են ավտոներից, որովհետև թշնամին միշտ թիրախավորում էր վիրավոր տեղափոխող մեքենաները»,-պատմում է Սամվելը։

Նրան ծայրահեղ ծանր վիճակում բերել են Երևան։ 4 վիրահատությունից հետո որոշում է կայացվել, որ Սամվելի ոտքը պետք է ամպուտացվի։

«Պետք է առաջ շարժվել, պետք է ամեն ինչ անել, որ այս նոր պայմաններին հարմարվենք, որովհետև ուրիշ տարբերակ չունենք ու մեկս մյուսին օգնենք։ Միտք եկավ, որ պետք է հարթակ օգտագործել։ Սկզբում բացեցի TikTok, հետո Instagram, որպեսզի մեր վերականգնողական պրոցեսը նկարենք, տեղադրենք և ինչու չէ, ինքներս կյանքին»,-ասում է Սամվելը և ընդգծում, որ դրական արձագանքներ են ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել