«Իմ հոգին զույգ հենարաններ ունի` Աստված և հայրենիք»․ Գարեգին Նժդեհի այս խոսքերը հաճախ էր սիրում կրկնել Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյանը։
Նա 2006 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 2010 թվականին ավարտել է և գործուղվել ներկայումս օկուպացված Արցախի Հանրապետություն։ Ծառայել է Իվանյանում, տանկային զորամասում։
«Այնտեղ ծառայել է մինչև վերջ՝ 12 տարի։ Փոքր ժամանակ գնում, նայում էր զինվորների վարժություններին ու այդպես իր մեջ ծագեց սերը դեպի զինվորական գործը։ Սկզբում դեմ էի, բայց տեսա, որ ինքը գնում է, հետո այդ տարիներին այդտեղ սովորելը պատիվ էր նույնիսկ»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց մայրը՝ Լիդա Առուշանյանը։
Տիկին Լիդան իր միակ որդուն 1992 թվականին Շահումյանի շրջանից ոտքով, գրկած բերել է Հայաստան։
«Այդ կյանքը ես միշտ պատմում էի, որոշ բաներ ինքը նույնիսկ հիշում էր ու միշտ ասում էր՝ մամ, երևի մենք կազատագրենք, մի վհատվիր։ Մի քանի անգամ գործուղվել էր Եղնիկներ։ Այնտեղից զանգում, ասում էր՝ մամ, քո հայրենիքը երևում է, ձեռքդ մեկնես՝ կհասնի։ Ինքը նվիրված էր իր զինվորներին»,-պատմում է մայրը։
4 երեխաների հայրը ոչ մի վայրկյան չի երկմտել ու անգամ վիրավոր վիճակում, հերոսաբար կռվել է մինչև վերջին շունչը ու մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամուն։
«Արեգա սարի գրոհի ժամանակ նահանջի հրաման է ստացել, բայց ինքը չի ենթարկվել նահանջին, չի ենթարկվել ու գնացել է։ Ասել է՝ նահանջի տեղ չկա, հետևում Արցախն է»,-ասում է տիկին Լիդան։
Մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել թշնամու 4-ից ավել զրահատեխնիկա և մեծ քանակությամբ կենդանի ուժ։ Իր մարտական մեքենան խոցվել է, ինքն էլ վիրավորվել, բայց Արցախի հերոսը խուճապի չի մատնվել։ Նա դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և շարունակել մարտը մինչև վերջին արկը։ Այդ ՀՄՄ-ի զինամթերքը վերջացել է, բայց նա չի լքել մարտի դաշտը, մտել է 3-րդ ՀՄՄ-ն և շարունակել մարտը՝ մխրճվելով թշնամու կենդանի ուժի մեջ։ Այդ ժամանկ էլ զոհվել է։
«Թուրքերը երեխուս դին գերի էին վերցրել, հետո վերադարձրել են։ Զորամասում ինձ ասացին՝ որպես հարգանքի նշան, թուրքերը սպիտակ սավանով փաթաթած են բերել։ 2021 թվականի մայիսի 14-ին տարել ենք Եռաբլուր»,- պատմեց Լիդա Առուշանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան