Հակակոռուպցիոն դատարանում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով ևս 5 վկաներ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 5-ն էլ դատարանում վկայություն տվեցին դրվագներից մեկով, որը վերաբերում է Ռազմական ոստիկանության զինծառայողներին, ովքեր ծառայության չեն ներկայացել։
N զորամասի զինծառայողներ Խաչիկ Բադեյանը (2001թ․-ից), Նելսոն Սարոյանը (2004թ․-ից), Արման Մովսիսյանը (2009թ․-ից) հրամանագրված լինելով ՊՆ ռազմական ոստիկանության ռազմական ոստիկանի պաշտոնին, ունենալով ենթասպայի կոչում, նշանակման օրվանից չեն ներկայացել զինվորական ծառայության, փոխարենը կատարել են զինծառայողի կարգավիճակից չբխող աշխատանք։ Նելսոն Սարոյանն աշխատել է որպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ Խաչիկ Բադեյանը և Արման Մովսիսյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ։
Վարդան Նադարյանի հարցաքննությունը
ՊՆ ՌՈ հատուկ նշանակության գումարտակի արդեն նախկին հրամանատարը դատարանում հայտարարեց, որ դատավարության մասին իմացել է ԶԼՄ-ներից։ Նա նշեց, որ նախաքննության ընթացքում իրեն ոչ ոք չի ստիպել ցուցմունք տալ, հայտնել է այն, ինչ իմացել է․ «Նախաքննությանը հայտնել եմ, որ ունենալով մոտ 400 հոգի անձնակազմ՝ չէի կարող ինքս հսկողություն սահմանել ամեն աշխատակցի մասով։ Երբ իմացել եմ այդ 3 անձանց վերաբերյալ, ունենալով 3-4 տեղակալ, ասել եմ, որ տեղակալներից որևէ մեկը զեկուցել է՝ որոշ մարդիկ շարքում չեն։ Միգուցեև զեկուցել եմ վարչության ղեկավարությանը։ Քննիչը հարց է տվել՝ վարչության պետը (Վլադիմիր Գասպարյանը-խմբ․) տեղյա՞կ է եղել։ Ես ասել եմ, որ բացարձակ ոչ մի անգամ չեմ զեկուցել վարչության պետին, տվյալ հարցի շուրջ երբևէ խոսակցություն չի եղել մեր մեջ։ Զեկուցել եմ վարչության պետի տեղակալներից մեկին, հիշում եմ՝ պիտի որ զեկուցած լինել առաջին տեղակալ Հայկ Ստեփանյանին»։
Վարդան Նադարյանը նշեց՝ չի իմացել, որ զինծառայողները «գործուղված» են եղել ՀՀ 3-րդ նախագահի եղբայրների մոտ։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը հետաքրքրվեց՝ ինչ իրավունքներ ու պարտականություններ է ունեցել նա իր պաշտոնավարման ժամանակահատվածում, որ նորմատիվ իրավական ակտերով են կարգավորվել այդ հարաբերությունները։
«Ղեկավարվել ենք Սահմանադրությամբ, ՊՆ նախարարության և վարչության ակտերով, օրենքներով, մյուսով-մյուսով, հրամաններով։ Դատավորը շարունակեց․
-Ո՞ր օրենքներով, օրինակի համար։ Կասե՞ք մի օրենք, որով ղեկավարվել եք։
-Իմ իրավունք-պարտականությունները սահմանված են եղել ՊՆ նախարարության հրամաններով, հրահանգներով, նորմատիվ ակտերով։
-ՊՆ նախարարության ո՞ր հրամանով է Ձեր՝ գումարտակի հրամանատարի իրավունք-պարտականությունները սահմանված։
-Ես հստակ չեմ կարող հիշել։
-Դժվար է պատկերացնել՝ ՊՆ նախարարը պետք է հրաման արձակի՝ գումարտակի հրամանատարի իրավունք-պարտականությունների վերաբերյալ։ Նորություն եք ասում։ Ես էլ եմ երկար տարիներ Զինված ուժերում ծառայել, էդ գնդապետի ուսադիրներից ես էլ եմ կրում, մի քանի տարի առաջ եմ դուրս եկել ԶՈւ-ից։ Նենց բաներ եք ասում, ինձ թվում է՝ էս մի 2 տարվա մեջ, կամ մի կես ժամվա մեջ բանա փոխվել, ես տեղյակ չեմ։
Վարդան Նադարյանն այդպես էլ չկարողացավ որևէ կոնկրետ օրենքի կամ հրամանի անվանում ասել։ Հարցին՝ ի վերջո ինչ պարտականություններ է ունեցել գումարտակի հրամանատարը, Նադարյանը պատասխանեց․ «Պարտականություններ եմ ունեցել գումարտակի բնականոն աշխատանքը կանոնակարգելու, ղեկավարելու, հրաման-հրահանգները կատարելու․․․Տարբեր, բազմաթիվ գործառույթներ եմ ունեցել»։
Նախագահող դատավորը հայտարարեց դատական նիստերը նաև ուսուցողական նշանակություն ունեն և ընթերցեց գումարտակի հրամանատարի պարտականությունները․ «Կվերհիշեք, եթե իմացել եք»։
Վարդան Նադարյանը դատավորի հարցերին ի պատասխանեց հայտնեց նաև, որ պաշտոնը ստանձնելիս անձնակազմում բացակա անձինք չեն եղել։ Նա չհիշեց՝ երբ է իմացել այդ 3 զինծառայողների գործուղման մասին, կոնկրետ ով է նրան զեկուցել այդ մասին։
«Եթե ժամանակին ՌՈ-ում աշխատած չլինեի, Ձեր ցուցմունքից տպավորություն կլիներ, որ համատիրություն եք ղեկավարել, ոչ թե ՌՈ հատուկ նշանակության գումարտակը։ Ոտքի վրա Ստեփանյան Հայկին եք զեկուցում, հետո Ձեզ են Ձեր տեղակալները բանավոր զեկուցում, հետո վերադասի հրամանները չեք քննարկում, բայց այդ նույն պայմաններում գործուղման հրամանները չեք նայում։ Դուք իսկապե՞ս զինվորական հիմնարկում եք աշխատել, զինվորական հիմնարկ եք ղեկավարել 2 տարի»,-հարցրեց դատավորը։
Ի պատասխան դատավորի հայտարարած Վարդան Նադարյանի կողմից թույլ տրված բացթողումների, գումարտակի ղեկավարը հայտարարեց․ «Գումարտակն իմ հրամանատարության օրոք իր դեմ դրված բոլոր խնդիրները, գործառույթները կատարել է պատվով, նորմալ միավոր է եղել»։
Դատավորը այս հայտարարության վերաբերյալ հայտարարեց՝ վկայի հայտարարությունը իրեն ոչինչ չասաց․ «Ինձ բացարձակ չի հետաքրքրում՝ Ձեր ղեկավարության ժամանակ Ձեր զորամասը ինչ խնդիրներ է կատարել։ Ինձ հետաքրքրում է այն, թե ես ի վերջո ինչ դատավճիռ եմ կայացնելու նշված նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ խորհրդակցական սենյակում։ Ուզում եմ հասկանալ՝ ինչու Ձեր զորամասում սոցիալական արդարություն չի պահպանվել, ինչո՞ւ ներքին կանոնակարգի դրույթները չեն պահպանվել Ձեր զորամասում, ինչո՞ւ 3 զինծառայողներ զինվորական ծառայություն չեն իրականացրել»։
Այս ամենին ի պատասխան Վարդան Նադարյանն ասաց․ «Թերացել եմ, պարոն դատավոր»։
Կարևոր է նշել, որ հարցաքննված բոլոր վկաները դատարանում 100 տոկոսանոց վստահությամբ նշեցին․ իրենք անմիջապես Վլադիմիր Գասպարյանին այդ 3 զինծառայողների բացակայության վերաբերյալ որևէ տվյալ չեն հայտնել, չեն զեկուցել։ Իսկ վկաներից նրանք, ովքեր զեկուցելու պարտականություն չունեին, նշում էին, որ չեն կարող հարցին պատասխանել։
Վարդգես Սարգսյանին վկային հարցրեց՝ կցանկա՞ արդյոք, որ իր ցուցմունքը դրվի Վլադիմիր Գասպարյանի ենթադրյալ դատապարտման հիմքում։
-Ի՞նչ առումով կարա այդպիսի բան լինի։
-Ես այս հարցը տալիս եմ Ձեր ցուցմունքի արժանահավատությունը գնահատելու համատեքստում։
-Դա ինձ վերաբերվող բանա։
Վարդան Նադարյանի՝ շուրջ 50 րոպե տևած հարցաքննությունն անցավ այս մթնոլորտում։
Հրաչյա Կարապետյանի հարցաքննությունը
Նա ղեկավարել է այն դասակը, որտեղ հաշվառված է եղել Նելսոն Սարոյանը։ Նա նշեց, որ դասակի հրամանատար դառնալուց և զինվորների ցուցակներին ծանոթանալուց հետո հարցրել է վաշտի հրամանատար Արթուր Թորոսյանին՝ տվյալ անձն ով է, ասել են՝ գործուղված է։ Թե որտեղ է գործուղված, ինչ գործով է զբաղվում, այդ մասով տեղեկություն չի ունեցել․ «Եթե իմ անմիջական հրամանատարն ասում է՝ գործուղված է, ես ծառայությունս կազմակերպել եմ մնացած ծառայողների հետ»։
Վկայի խոսքով՝ երբ հարցրել է, նման պատասխան է ստացել։
Դատավոր Վարդգես Սարգսյանի հարցին՝ զինվորը երբևէ տագնապների ժամանակ զորամաս այցելե՞լ է, դասակի հրամանատարը նշեց, որ չի այցելել։
Արմեն Սիմոնյանի հարցաքննությունը
Նա զբաղեցրել է հատուկ նշանակության գումարտակում անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը։ Սիմոնյանը հայտնեց՝ քննիչից է իմացել, նախաքննության ընթացքում, որ նշված 3 զինծառայողները ծառայության չեն ներկայացել։ Նա նշեց, որ վերակարգում գտնվող զինծառայողների վերաբերյալ տվյալներ ինքը չի ունեցել․ «Դրանով զբաղվել է տվյալ դասակի, վաշտի հրամանատարը։ Ուրիշ ոչ մեկ»։
Դատավորը փորձեց պրոյեկտել իրավիճակը։
-Պարոն Սիմոնյան, համարենք, որ ես ծառայում եմ նշված զորամասում։ Արթնացել եմ այսօր, որոշել եմ ծառայության չգալ, ինձ այդպես է հարմար։ Հիմա, ի վերջո, ով է հայտնաբերում, ով է արձանագրում բացականերին։
-Չեմ կարող Ձեր հարցին ամբողջական պատասխան տալ, չեմ կարող։
Արմեն Սիմոնյանը նշեց նաև, որ զեկուցել է միայն արտակարգ դեպքերի մասին, ոչ թե բացակայությունների։ Նա նույնպես նշեց, որ անձնակազմի համալրման, կադրերի հարցով զբաղվել է Հայկ Ստեփանյանը։ Դատավորի հարցին՝ կարո՞ղ էին լինել զինծառայողներ, որոնք 7 տարի աշխատանքի չներկայանային և այդ հանգամանքը մնար զորամասի ներսում․ «Այսինքն, գումարտակը պահեր այդ հանգամանքը և վերադասին չզեկուցեր»։
Արմեն Սիմոնյանը նշեց, որ չի բացառում, սակայն չի կարծում, որ այդպես է եղել։ Դատավորի հարցին՝ ո՞վ է համակարգել գումարտակը՝ վարչության պետը, թե նրա տեղակալները, վկան պատասխանեց՝ չի հիշում։
Նորայր Կարապետյանի հարցաքննությունը
Վկան շուրջ 23 տարի ծառայել է Ռազմական ոստիկանությունում։ Հատուկ նշանակության գումարտակում եղել է նաև վաշտի հրամանատար, այնուհետև գնացել է թոշակի։ Կարապետյանը նշեց, որ այդ 3 զինծառայողներին չի տեսել ու չի ճանաչում։ Կարապետյանի խոսքով՝ ինքը տեղեկացել է, որ նշված 3 անձինք գործուղված են եղել ոստիկանության վարչություն․ «Հրամանատարությունն ասում էր՝ գործուղված են, ես ի՞նչ հարցնեմ»։
Նա նշեց, որ չի հիշում այնպիսի դեպք, երբ նշված զինծառայողները ներկայացած լինեն զորամաս։ Դատավորը հարց ուղղեց վկային, կարելի է ասել՝ հռետորական․ «4 տարի գործուղման մեջ լինելը ընդունված պրակտիկա՞ է։ Տենց «լավ գործեր» կան, եկել՝ դատավոր ենք աշխատում։ Գնամ, գործուղման մեջ մտնեմ»։
Դատարանում Նորայր Կարապետյանը հայտարարեց նաև, որ գումարտակի հրամանատարը բնականաբար պետք է տեղյակ լիներ բացակաների մասին։ Դատավորը նաև հետաքրքրվեց՝ ինչպես Կարապետյանը կբնութագրեր Վարդան Նադարյանին։ Վերջինս նշեց՝ սովորական, «բնութագրելու բան չունի»։
«Լավ, բոլա։ Որ ասեցիք՝ սովորական, իմ համար արդեն պարզ է»,-նշեց դատավորը և հարցաքննությունը ավարտված համարեց։
Գրիգոր Խեչոյանի հարցաքննությունը
«Գործուղված» անձանց մասին վաշտի հրամանատարը նշեց, որ երբ նշանակվել է պաշտոնում՝ նրանք գործուղված են եղել, երբ ազատվում էր, դեռ գործուղման մեջ էին։
«Պարոն Ենոքյան, հարցեր տվեք։ Իմ առողջությունն էլ չի դիմանում»,-դիմելով հանրային մեղադրողին ասաց նախագահող դատավորը։
Նշված զինծառայողների՝ գործուղված լինելու հանգամանքի մասին նա իմացել է «վաշտն ընդունելուց»։
Խեչոյանը դատարանում հայտարարեց, որ չի հիշում որպես վաշտի հրամանատար ինչ պարտականություններ է ունեցել։ Դատավորի հարցին՝ գումարտակի հրամանատարը կարո՞ղ էր չիմանալ, որ ցուցակներում անձինք կան, որոնք գործուղման մեջ են, չեն ներկայանում ծառայության, Խեչոյանը նշեց՝ «կարողա»։
-Կարողա՝ հա, կարողա՝ ոչ։
-Այսինքն, գումարտակի հրամանատարը կարող էր չիմանա՞լ։
-Ինչ իմանամ։
-Բա, ո՞վ կիմանա։
-Ով կիմանա, իրան հարցրեք։
-Ես մտածում եմ՝ Դուք կիմանաք։
– Ոչ։
-Ձեր տեսքը ներկայացուցչական է, ինձ թվում էր՝ Դուք զորամասում ամեն ինչի տիրապետում էիք, պարոն Խեչոյան։
Դատավորի մի քանի այլ հարցերից հետո Խեչոյանը նշեց, որ ինքը հիշողության հետ կապված պրոբլեմներ ունի։ Հարցին՝ ինչի՞ց են առաջացել այդ պրոբլեմները, վկան պատասխանեց․ «Տարիքից, ընդամենը տարիքից»։
«Մեր պրոցեսը կապ չունի, չէ՞։ Որովհետև լինում են դեպքեր, երբ գալիս, մտնում են, ասում են՝ մտա․․․Առավոտը հիշում էի, արթնացա, կնոջս հետ խոսեցի, գալիս էի, որ սաղ պատմեի։ Հասա էս ամբիոնին․․․մոռացա։ Ինձանից չի էլի, ուզում եմ ասեմ»,-նշեց դատավորը։
Այնուհետև Վարդգես Սարգսյանը վկայից հետաքրքրվեց՝ նրա համար միևնո՞ւյն է Վլադիմիր Գասպարյանի ճակատագիրը։
-Դա իմ անձնական հարցնա, որին կարամ չպատասխանեմ։
-Այ, հենց դա է, որ Դուք չեք կարող չպատասխանել։ Ձեզ միևնո՞ւյն է Գասպարյանի ճակատագիրը։
-Ոչ։
-Դուք կցանկանա՞ք, որ Ձեր ցուցմունքը դատարանը դնի պարոն Գասպարյանի հնարավոր դատապարտման հիմքում։
-Ոչ։
-Ես արդեն սկսում եմ հասկանալ չհիշելու պատճառները։ Ճիշտ է՝ սև է մեր պատմուճանը, սպիտակ չի։ Բժիշկ չեմ, վերջում ռեցեպտ չեմ կարող գրել, բայց հասկանում ենք։
Դատավորը հարցաքննությունը ավարտված համարելուց հետո Գրիգոր Խեչոյանին և նրա հիշողությանը մաղթեց լավն ու բարին․ «Էլ չգաք էս նիստերին»։
Վկան գլխով արեց Վլադիմիր Գասպարյանին և ուրախ տրամադրությամբ լքեց նիստերի դահլիճը։
Այսօր այլ վկաներ չէին ներկայացել, դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին։
Եվգենյա Համբարձումյան