Հակակոռուպցիոն դատարանում 2023 թվականից Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի վերաբերյալ առանձին քրեական գործը, որը գտնվում է դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում։
Մեղադրյալ Սուսաննա Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ 2023 թվականի օգոստոսի 25-ին վարույթ ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշում է կայացվել, գործում որպես պաշտպան ներգրավվել են փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը։
2023 թվականի սեպտեմբերի 8-ին կայացված նախնական դատական նիստին մեղադրյալ Սուսաննա Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնվել է անփոփոխ։
2024 թվականի փետրվարի 20-ին կայացած դատական նիստին պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու կամ այն փոփոխելու վերաբերյալ։
Քննության առնելով ներկայացված միջնորդությունը՝ դատարանն այն բավարարել է, մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելը վերացվել է, որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել գրավ՝ 1 միլիոն դրամի չափով։
2024 թվականի փետրվարի 27-ին նշանակված դատական նիստը չի կայացել, մարտի 5-ին նշանակված նիստը նույնպես՝ մեղադրյալ Սուսաննա Գասպարյանի կողմից ՀՀ-ից բացակայելու հիմքով։
Մարտ ամսից հետո կայացվել է ընդամենը 6 դատական նիստ։
2025 թվականի առաջին նիստը նշանակվել է այսօր՝ հունվարի 30-ին, և չնայած նրան, որ մինչ այդ նիստերը կայացել են դռնբաց ռեժիմով, այսօրվա նիստը լինելու է դռնփակ։
Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Սուսաննա Գասպարյանին
Iravaban.net-ին «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից հայտնի է դարձել հետևյալը․
Մեղադրական եզրակացությամբ նշվում է՝ Սուսաննա Գասպարյանն օժանդակել է 1997-2010 թվականներին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի, այնուհետև՝ 2010 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցրած, ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքով սահմանված կարգով ՊՆ ռազմական ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնելու լիազորությամբ օժտված, մշտապես իշխանության ներկայացուցչի կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ,
- իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վլադիմիր Գասպարյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույքի հափշտակություն կատարելուն:
Բացի այդ, Սուսաննա Գասպարյանը միջոցներ է տրամադրել, խոչընդոտներ վերացրել, օժանդակել 2011-2018 թթ․ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական դիրքի չարաշահմանը:
Սուսաննա Գասպարյանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2000 թվականի մայիսի 11-ից մինչև 2008 թվականի հուլիսի 24-ը զբաղեցրել է ՀՀ ՊՆ ՌՈ վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի, մեկ այլ հրամանով` 2008 թվականի հուլիսի 24-ից մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի ավագ սպայի, մյուս հրամանով` 2010 թվականի հուլիսի 1-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ ՌՈ զորամասերից մեկի՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալքության դեմ պայքարի բաժանմունքի ավագ սպայի պաշտոնները, այնուհետև՝ պաշտպանության նախարարի 2011 թվականին տրված հրամանով տեղափոխվել է ոստիկանության կադրերի վարչության տրամադրության տակ:
- Վլադիմիր Գասպարյանը, քաջատեղյակ լինելով, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Սուսաննա Սարդարյանը /Գասպարյանը/ ավելի քան 21 տարի՝ 2000 թվականի մայիսից մինչև 2011 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, 2000-2010 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը վատնման եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, նշված ժամանակահատվածում ստորագրել է ՀՀ ՊՆ ՌՈ տարեկան ծախսերի նախահաշվի նախագծերը, ամսական հայտ-հաշվարկները, Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրերը, որոնցում ընդգրկված է եղել նաև Սուսաննա Սարդարյանի տվյալները:
Նշված փաստաթղթերում ընդգրկված տվյալների հիման վրա իրականացվել է ՊՆ ռազմական ոստիկանության ֆինանսավորումը, որի արդյունքում այդ ժամանակահատվածում Սուսաննա Գասպարյանին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17 միլիոն 275 հազար 721 դրամի չափով գումար։
Բացի այդ, Սուսաննա Գասպարյանը Վլադիմիր Գասպարյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով աշխատանքի չհաճախելու և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելու պայմաններում ստացել է որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ տրամադրված գումարներ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: