Նորություններ

«Մի շնացիր» պատվիրանի չկատարումը խախտում է մարդու ամբողջ հոգևոր,  բարոյական դաշտը. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Կյանքի, սեփականության, խոսքի ազատության և մի շարք այլ հիմնական իրավունքներ սահմանվում են են սուրբ գրքում՝ Աստծվածաշնչում և քրիստոնեություն դավանող երկրների իրավական համակարգի հիմքում հենց աստվածաշնչյան օրենքներն ու պատվիրաներն են. այս մասին մեզ հետ զրույցում նշում է Ռուբեն վարդապետ Զարգարյանը: «Եկեղեցին և իրավունքը» շարքի շրջանակներում վարդապետը ներկայացնում է Աստվածաշնչի և ներկայիս իրավական համակարգի ընդհանրություններն ու տարբերությունները:

-Խնդրում եմ ներկայացրեք Աստվածաշնչի և ներկայիս իրավական համակարգի ընդհանրություններն ու տարբերությունները:

-Քրիստոնյա աշխարհի,  քրիստոնեական մշակույթ ունեցող երկրների իրավական համակարգի,  օրենսդրության հիմքում քրիստոնեական արժեքներ են դրված: Միայն Տասնաբանյայի վրա աչք գցելով տեսնում ենք իրավական կարգավորումներ: Բայց  մի տարբերություն ունի սուրբ գիրքը աշխարհիկ կյանքի օրենքներից: Կան արարքներ, որոնք սուրբ գրքում մեղք են համարվում, սակայն աշխարհիկ օրենքներով չեն արգելվում: Օրինակ, սուրբ գրքում հարբեցողությունը, զայրույթը, շնությունը մեղք են համարում: Իսկ օրենսդրության տեսանկյունից՝ մարդն իրավունք ունի և խմելու, և հարբելու, և զայրանալու… Ինչու՞ է աստվածաշունչը կոչ անում մարդուն հեռու մնալ զայրանալուց կամ հարբելուց: Կոչ է անում մարդուն հեռու մնալ այդ ամենից, քանի որ դրանք են նպաստելու է այլ մեղքեր գործել՝ սպանության, թմրամոլություն, և այլ արարքներ, որոնք պետական օրենքներով պատժելի են:  Սուրբ գիրքը մարդուն կոչ է անում մնալ այնպիսի հավասարակշիռ վիճակում, որպեսզի իր արարքները կատարի և ազատ կամքով, և բանակությամբ:

Սուրբ գիրքը, բնականաբար, իրավական ձեռնարկ չէ: Այստեղ մենք հանդիպում ենք Աստծո խոսքին: Ավելի լայն ձևակրեպմամբ՝ այն դաշինքի, ուխտի պատմություն է՝ Աստծո և մի ամբողջ ժողովրդի միջև: Նոր կտակարանն արդեն պատմություն է Աստծո և մարդու միջև ուխտի:

Երբ մենք նայում ենք գիտություններին, հատկապես բնական գիտությություններին, տեսնում ենք, որ այնտեղ չկա որևէ հորինվածք: Ինչ կա կա, պարզապես հայտանագործում է եղածը:

Նույնը պիտի լինի իրավագիտության մեջ.  քանի որ մարդն արդեն իսկ ստեղծված է , մարդու մեջ և մարդկային հարաբերությունների մեջ եղածը պետք է միայն բացահայտել: Եվ հորինումները  վտանգավոր են:

-Կարո՞ղ եք  այդ հորինվածքների օրինակ բերել:

-Խորհրդային միության, Սահմանադրության 6-րդ  հոդվածով սահմանված էր, որ պետք է գոյություն ունենա միայն մեկ կուսակցություն: Սա հորինվածք էր, սա մարդկային հարաբերությունների և կառավարման իվերուստ տրվածի խեղաթյուրումն էր: Մեկ այլ օրինակ. երբ կանանց իրավունքները առանձնացնում ենք, ապա կանանց իրավունքները մարդու իրավունքներից դուրս ենք բերում, որը դարձյալ հորինվածքի պես մի բան է:

-Միգուցե կանանց իրավունքները ընդգծվում են, քանի որ դրանք ավելի հաճախ են խախտվում:

-Իսկ մի՞թե նույն օրենսդրությունը չի կարգավորում այդ իրավունքները: Այլ խնդիր է, որ դրանով փորձ է արվում կանանց ուշադրությունը կենտրոնացնել իրենց իրավունքների վրա, բայց դրա համար պարտադի՞ր է օրենք ընդունել:

Եվ այստեղ ևս մի կարևոր հանգամանք հաշվի չի առնվում: Սովորույթը, մշակութաձևը շատ կարևոր է: Կան օրենքներ, որոնք գործում են, օրինակ Միացյալ Նահանգաներում, սակայն այստեղ չեն կարող գործել:  Եվ այստեղ կան օրենքներ, որոնք այնտեղ չեն կարող գործել: Մենք ունենք օրենքներ, որոնք ավելի հումանիստական են, քան շատ այլ երկրներում: Օրինակ, բանտում երկարատև տեսակցությունը, որ կինը գա ամուսնու  մոտ և երկու գիշեր մնա, ԱՄՆ-ում չկա, չկա նաև Մեծ Բրիտանիայում: Բրիտանիայում 9 տարեկան երեխան դատապարտվում է ցմահ ազատազրկման:

Կամ վերջերս այդքան քննարկվող ընտանեկան բռնության մասին օրինագիծը: Իհարկե, բռնությունը դատապարտելի է ընտանիքում, թե ընտանիքից դուրս, սակայն այդպես մենք օրինականացնում ենք ոստիկանության մուտքը ընտանիք: Պետք չէ պատճենել այդ օրենքները: Միայն օրենքով չես կարող խնդիրը լուծել, կարևոր է  բարոյական նորմերի սահմանումը:  Տարիներ  շարունակ ցույց տալ մարտաֆիլմեր, կաթիլ-կաթիլ պատանիների շրջանում սովորական դարձնել բռնությունները, հետո օրենք ընդունել, որպեսզի ընտանիքում տարածում գտած չլինի այդ բռնությունը, անհեթեթություն է:

Կա Վիշինսկու տեսությունը. նա ասում էր, թե ինքնախոստովանությունը ապացույցների թագուհին է:  Մարդուն տանում, ծեծում են, վախից, բռնության ցավից ելնելով խոստովանում է մի բան, որը չի արել, և այդ խոստովանությունը համարել ապացույցների  թագուհի… Դրա  հետևանքները տեսել ենք, թե խորհրդային տարիներին ինչքան մարդիկ են: Սրանք են հորինովի բաները, որ ներմուծվում են իրավական դաշտ:

-Աստվածաշնչյան տեսանկյունից իրավունքը ո՞րն է:

-Մարդու մեջ իվերուստ դրված են հատկություններ, որոնք նա անկախ իրենից ունի և դրանք պետք է օգտագործի:  Եվ հենց դրանք օգտագործելու հնարավորությունն է իրավունք:  Բնական իրավունքը այն է, որ քո բնական  հատկություններն ես կարողանում օգտագործել: Հիմա սա կրոնական  եզրաբանությամբ կոչվում է աստծո պատկեր, այսինքն, մարդը  ստեղծվել է աստծո պատկերով և բոլոր այդ հատկությունների հանրագումարը Աստված մարդու մեջ է դրել՝ իր արարչագործության ժամանակ:

Երբ մարդը ծնվում է, ձեռք է բերում կյանքի իրավունք: «Մի սպանիր»-ը հենց կարգավորում է կյանքի իրավունքը: Երբ ասում է՝ մի սպանիր, նշանակում է, որ ոչ միայն դու, այլև մյուսն ունի այդ կյանքի իրավունքը:

Մեկ այլ իրավունք՝  մարդն ունի բանականություն, որով տարբերվում է մյուս արարածներից: Կերտելու, ստեղծելու հնարվորություն ունի, հետևաբար, ունի սեփականության իրավունք: Եվ սուրբ գիրքն ասում է՝ մի գողացիր, ոչ միայն դու իրավունք ունես ինչ-որ բան ունենալու,  այլև պիտի հարգես դիմացինիդ սեփականություն ունենալու  իրավունքը:

Եթե նայենք պատվիրանները, կտեսնենք, որ բոլոր հիմնական իրավունքները պահպանված են: Եվ մյուս բոլոր իրավունքները ածանցվում են այս հիմնական իրավունքներից:

Կան մի քանի պատվիրաններ, որոնք ավելի խորը իմաստ ունեն: Օրինակ, շատ երկրներ կան, որոնք ազատ արտահայտվելու իրավունք չունեն, մենք ոչ միայն ունենք, այլև չարաշահում ենք: Սուրբ  գրքում այս իրավունքը տրված է ճշմարտությունը  փնտրելու համար: Եվ Աստծո նախախնամության մեջ մնալով է, որ  ճշմարտությունը կարող ես բացահայտել, որովհետև բացարձակ ճշմարտությունը Աստծո խոսքն է: Ու եթե քո  որոնումների արդյունքում հանգում ես մի բանի, որը հակասության մեջ չէ աստվածայինի հետ, ուրեմն քո խոսքը, միտքը  արտահայտելու ազատությունը համընկնում է սուրբ գրքում տրված ազատությանը:

Սուրբ գիրքը շատ է կարևորում  խոսքի, մտքի արտահայտվելու ազատությունը և դրա  սահմանափակումը կապում է սատանայի  գործունեության հետ, նրա կողմից խոսքի խեղաթյուրման հետ: Սուրբ գիրքը բացվում է հենց խոսքով  և ավարտվում է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգության  քննադատությամբ:  Եվ բացվում է ստով ու փակվում է ստի դատապարտմամբ:

Երբ մենք դիտարկում ենք առանջին մեղքի պատմությունը՝ որպես մոդել, պատկերացնում ենք, որ ամբողջ հիմքում սուտն է ընկած: Աստված մարդուն տվել էր ընդարձակ իրավունքների դաշտ: Ասում է՝ բոլոր ծառերի պտուղներից կարող եք ուտել (այսինքն այդքան իրավունք ունեք դուք), բայց չարի ու բարու գիտության ծառից մի կերեք, քանի որ այն օրը երբ ուտեք, մահկանացու կդառնաք:  Այսինքն, եթե իրավական տերմինաբանությամբ ասենք, ապա նախ սահմանվում են իրավունքները, դրվում է օրենսդրական սահմանափակում և նաև օրենքը խախտելու համար սանկցիան է դրվում:

Նույնիսկ առաջին դատավարությունը դրախտում տեղի ունեցավ, երբ մարդը մեղք գործեց: Եվ Աստված հարցաքննեց նրան՝ ինչ արեցիր: Թեև դրա կարիքն Աստված  չուներ, գիտեր, սակայն հարգում է մարդու  խոսքի իրավունքը, ինչպես դատարաններում է արվում: Եվ, ի դեպ, խորհրդային շրջանից մենք բազմաթիվ դատավարություններ գիտենք, երբ ամբաստանյալին խոսքի, պաշտպանական ճառի իրավունք չի տրվել:

Այստեղ կա նաև «մի գողացիր»-ի խախտումը, երբ դա քոնը չէր, արգելված էր, բայց վերցրեց և կերավ:

Եվ անդրադառնալով այն մասին, երբ օձը շշնջում է, գայթակղեցնում, փոխում է խոսքի տրամաբանությունը և ասում. «Ճի՞շտ է, որ Աստված հրամայել է դրախտի բոլոր ծառերի պտուղներից չուտել»: Մինչդեռ այդպես չէր Աստծո տված ձևակերպումը, նա լայն իրավունքներ էր տվել մարդուն: Չարի տրամաբանությունը հետևյալն է՝ եթե դու մեկ սահմանափակում ունես, ուրեմն ազատ չես:

Կա նաև դատավորների օրենքը՝ բոլոր դատավորները անկախ են և ենթարկվում են օրենքին: Թվացյալ հակասություն է: Քրիստոնեությանը մեղադրել են, թե այն ազատության կրոն չէ, սակայն ճիշտ հակառակն է, քրիստոնեության մեջ է ազատությունը: Եվ որպեսզի այդ ազատությունը չվերածվի քաոսի, կան կանոններ:  Պատկերացնու՞մ եք երթևեկությունը չկարգավորվի:  Այդ կարգավորումը նաև բնության մեջ կա: Եթե մարդը հնարավարություն չունենար այդ սահմանափակումը  շրջանցելու, ազատ չէր լինի: Եվ պետք է հասկանալ, որ այո, սահմանափակումներն էլ ուղղված են այդ իրավունքների պաշտպանությանը:  

Ընդամենը մեկ օրենք կա, որի հիման վրա էլ սկսվել է մարդու իրավունքների հաղթարշավը տանել խեղաթյուրման, և որի վերջնակետը ընտանիքի քայքայումն է:  Խոսքը «Մի շնացիր» պատվիրանի մասին է: Բոլոր  պատվիրաններն էլ մարդ-մարդ հարաբերությունների վերաբերյալ ընդունելի են գրեթե բոլորի համար: Սակայն ես իմ փորձառության մեջ շատ եմ հանդիպել, երբ ասում են «Դե ես բոլոր պատվիրանները պահում եմ, էդ մեկը չեմ կարողանում պահել»: Հատկապես տղամարդիկ են դա ասում:  Մեր կանայք էլ սիրով համաձայնվում են, որ իրենց տղամարդիկ այդ պատվիրանը չպահեն: Որովհետև իրենց համար այդ արարքի միջից մեղքի զգացողությունը հանված է:  Մի շատ կարևոր բան կա, որ մենք մոռանում ենք. այդ պատվիրանի չկատարումը խախտում է մարդու ամբողջ հոգևոր,  բարոյական դաշտը և դրանից հետո հեշտ է  խախտել բոլոր պատվիրանները:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Շարքի մտահղացման հեղինակներ՝

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ՝ Կարեն Զադոյան

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու՝ Տեր Եսայի քահանա Արթենյան

Կարդացեք նաև՝

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել