«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արագածոտնի թեմի Օհանավանի Սբ․ Հովհաննավանք եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հետ զրուցել է խոստովանության մասին։
-Տեր Արամ, ի՞նչ է խոստովանությունը և ինչպե՞ս է այն կատարվում։
-Խոստովանությունն ամենաանձնական վիճակներից մեկն է, որ մարդը կարող է ունենալ և այն բխում է ապաշխարհության խորհրդից։ Ապաշխարհել նշանակում է մտքի փոփոխություն ունենալ, եթե այս բառը մենք հին հունարենից փորձենք հասկանալ, հենց առաջին իմաստը մտքափոխ լինելն է, այսինքն՝ հասկանալ, որ դու սխալ ճանապարհի վրա ես եղել և ցանկություն ունես այդ ճանապարհից վերադառնալ դեպի ճշմարիտ ճանապարհ և իհարկե արդեն դրանից բխող գործողությունը խոստովանությունն է։ Ավետարանում Քրիստոս Պետրոսին ասում է՝ այն, ինչ որ կապես երկրի վրա, կապված կլինի նաև երկնքում և այն, ինչ որ արձակես երկրի վրա, արձակված կլինի նաև երկնքում։ Նա սրանոց շնորհ տվեց առաքյալին, որպեսզի նա կարողանա մարդկանց մեղքերի թողությունն անել։ Խոստովանելու ժամանակ հենց այդ կապելու և արձակելու կարգն է տեղի ունենում։ Հավատացյալը հասկանալով իր մեղքերը, դարձ ունենալով իր մեղքի համար, մոտենում է քահանային և խնդրում է, որ իրեն իր «հիվանդությունից» բուժի։
Պատարագից առաջ մարդիկ գալիս են եկեղեցի և խոստովանվում են։ Հայ եկեղեցու պրակտիկան հետևյալն է, որ խոստովանությունը երկու կերպ է տեղի ունենում՝ անհատական խոստովանություն և ընդհանրական խոստովանություն։
-Արդյո՞ք բոլոր քահանաները կարող են խոստովանահայր լինել։
-Խոստովանահայր լինելու համար նաև կարևոր է այդ քահանայի անցած ճանապարհը, թե նա ինչ հաղթանակներ ունեցած կլինի։ Երբ ես խոսում եմ հաղթանակներից, նկատի ունեմ պայքարը չարի դեմ։ Հետաքրքիր է, որ ասում է՝ Աստված քահանայությունը կամ խոստովանահայրությունը չտվեց հրեշտակներին, որովհետև հրեշտակները մեղանչական չէին։ Աստված այն տվեց մարդուն, որովհետև միայն մեղքը ճաշակած, մեղքի համը զգացած մարդը կարող էր իր նմանին օգնել, որ ինքը այդ ճաշից երբևէ չճաշակի։ Այդ իսկ պատճառով էլ Աստված խոստովանահայրությունը տվեց քահանաներին, որպեսզի հոգևորականները հաղթահարած լինելով մեղքը կարողանան իրենց նմանի համար այդ ճանապարհը գծել։
-Ինչպե՞ս է հավատացյալն ընտրում խոստովանահորը։ Մարդիկ հաճա՞խ են դիմում հոգևորականին խոստովանության համար։
-Ես՝ լինելով հոգևորական, ինքս էլ իմ խոստովանահայրն ունեմ և ինձ համար կարևոր է, որ լինի մեկը, որ աղոթական կյանք ունենա, հոգևոր ապրում ունենա։ Շատ կարևոր է, որ այդ հոգևորականը, որ Աստծուն է ներկայացնում և ավետարանական խոսքն է ներկայացնում, ինքն իր կյանքի մեջ այդ խոսքը գործադրի։ Շատ կարևոր է, որ հոգևորականը քեզ համար լինի այն մեկը, ում դու կվստահես, ում վրա կարող ես նաև հենվել։
-Հավատացյալը կարո՞ղ է փոխել իր խոստովանահորը։
-Չի խրախուսվում խոստովանահորը փոխելը, բայց եթե կլինեն դեպքեր, որ կզգա, որ ուրիշ խոստովանահայր է իրեն պետք․․․գիտեք, այսպես ասեմ․ հայրերին չեն փոխում, ինչքան էլ որ հայրերը մեր սրտով չեն լինում։ Վերջին տարիներին, գոնե ինձ մոտ, շատացել են այն մարդիկ, որ խոստովանելու կարիք ունեն։ Ես շատ դրական եմ այս ամենին նայում, որովհետև այն մարդը, ով գալիս է խոստովանության, ինքը նաև գիտակցում ունի, որ ինքը մեղավոր է։
-Կա՞ ինչ-որ ճանապարհ, որին հավատացյալը պետք է հետևի և գա այն գիտակցության, որ խոստովանի իր մեղքերը։
-Ամենաառաջինը ապաշխարհությունն է։ Այո, այն ինչ արել եմ՝ սխալ է եղել, ես իմ մեղքի հետևանքով իմ հորը՝ Աստծուն, նեղացրել եմ։ Մեղքն է պատճառը, որ մարդ և Աստված հարաբերությունները խզվում են։ Իսկ, եթե ես իմ հորը նեղացրել եմ, հետևություն՝ նաև որոշակի բաներից զրկված կլինեմ։ Իսկ Աստված մեզ շնորհից է զրկում։
-Հավատացյալի համար խոստովանությունը պարտադի՞ր պայման է։
-Հավատացյալի համար խոստովանությունը պարտադիր է, որովհետև, գիտեք, նախ ձևը խոստովանության գնալու, դու պետք է քո մեղքը գիտակցես, դու քո մեղքը պետք է հասկանաս՝ որն է։
-Խոստովանությունից հետո ինչպիսի՞ն են քահանայի գործողությունները։
-Խոստովանությունից հետո, մեր առաջին մտածումը խոստովանազավակին պատժելը չէ, այլ նրան օգնելն է, որովհետև եթե այս մարդը խնդիր չունենար, մեզ մոտ չէր գա։ Գրկաբաց պետք է նրան ընդունենք և սիրո դեղերը դնենք նրա սրտի մեջ։
-Ի՞նչ պետք է անի հավատացյալը մեղքերի թողության արժանանալու համար, արդյոք անկեղծ խոստովանությունը կարող է բավարար լինել։
-Ամենաառաջինը պետք է մտքի փոփոխություն ունենա, հասկանա, որ ինքը սխալ է, զղջում պետք է ունենա, դարձ պետք է ունենա և ցանկություն՝ այդ հիվանդությունից ազատվելու։
-Քաղաքացիական կյանքում, երբ դատարանում անձն ընդունում է մեղքը, դատավճռի կայացման ժամանակ դա հաշվի է առնվում։ Արդյոք խոստովանահայրը ևս հաշվի է առնում, որ մարդն ընդունել է իր մեղքը և պատասխանատվության ավելի մեղմ տարբերակներ է կիրառում։
-Պետք է կամավոր լինի այդ խոստովանությունը։ Ստիպված խոստովանությունն անգամ Աստծուն դուր չի գա, դա բռնության խոստովանությունն է և այդ պարագային մարդը իր հանցանքը չի զգում։ Մենք խրախուսում ենք կամավոր խոստովանությունը, որ մարդը գիտակցված ուզենա իր կյանքի մեջ փոփոխություն մտցնել։
-Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական-խոստովանահայրը որպես վկա չի կարող հարցաքննվել այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ: Որքանո՞վ է արդարացված այս կարգավորումը։
-Ժամանակին դատական համակարգը հենց եկեղեցունն էր և Հին Կտակարանից մենք տեսնում ենք, որ Աստված ժողովրդի իմաստուններից նաև դատավորներ ընտրեց, մարդկանց ներքին կյանքը կարգավորելու նպատակով և հոգևորականը, ինքը ևս լինելով համայնքի մի շատ կարևոր մասնիկը, համայնքի արդարության գործում իր ներդրումը պետք է ունենա։ Բայց այդ որոշումները կայացնելիս հոգևորականը պետք է հիմնվի Սուրբ գրքի վրա, որովհետև միակ ճշմարիտ և արդար դատավորն Աստված ինքն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան