Արդյո՞ք նորապսակները պետք է առանձին ապրեն. քահանան՝ ընտանիքի, ամուսնալուծության, ընտանեկան բռնությունների մասին

«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Տավուշի թեմի Իջևանի սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ խոսել է ընտանիքի դերի և նշանակության մասին։

Տեր Աբելը 40 տարեկան հասակում է ձեռնադրվել քահանա։ Ասում է, որ շատ հետաքրքիր շրջադարձ էր իր կյանքում։

Զրույցն անցկացրել ենք Հաղարծին վանական համալիրում։ Այն ընդունված է համարել Կոնսերվատորիա, որտեղ ստեղծվել են գեղեցիկ գոհարներ, դա է վկայում Խաչատուր Տարոնացու գլուխգործոցը՝ «Խորհուրդ խորին» շարականը։ Ըստ ավանդազրույցի՝ Հաղարծնի մայր եկեղեցին օծելու ժամանակ արծիվ է եկել և սկսել խաղալ երկնքում, ասել են՝ արծիվը խաղաց։ Տավուշի բարբառով խաղ բառին ասում են՝ հաղ և եկեղեցական համալիրը կոչել են Հաղարծին։

-Որո՞նք են ընտանեկան ավանդական արժեքները։

-21-րդ դարում մի քիչ ավելի հստակեցնելու խնդիր է առաջացել՝ ինչ բան է ավանդական և ինչ բան է քրիստոնեական, որովհետև ավանդականի մեջ շատ ինքնագործունեություն է մտել նաև և շատ անգամ բուն քրիստոնեական ընտանիքի մոդելի և վերաբերմունքի հետ կապված մի փոքր շեղումների մեջ ենք հայտնվել։ Ինձ համար ավանդական ընտանիք ասվածը քրիստոնեական ընտանիքն է, որտեղ շատ հաստակ են բոլորի դերերը, որտեղ թագավորում է սերը, երջանկությունը և եթե որևէ մեկը ցանկանում է երջանիկ ընտանիք ունենալ, ինքը քաջ գիտակցում է, որ առանց սիրո ներկայության, առանց Աստծո ներկայության անհնարին է ունենալ երջանիկ ընտանիք։

-21-րդ դարում ընտանեկան ավանդական արժեքներն ի՞նչ մարտահրավերների առջև են։

-Ավանդական արժեքները հետզհետե իրենց տեղը զիջում են։ Ես ավանդականը և քրիստոնեականը որ առանձնացնում եմ, դա չի նշանակում որևէ մեկի դերի բարձրացում կամ մյուսի դերի նվազեցում։ Ավանդական ընտանիքում շատ գեղեցիկ սովորություն ունեինք, որ երբ հարսները գալիս էին տուն, հարսներին ասում էին՝ որպես խոնարհության և նվիրվածության և ավետարանական խոսքը պահելու շատ կարևոր մի անելիք ունես դու և ո՞րն է դա՝ տան մեծերի ոտքերը լվանալը։ Դա մեր տիրոջ պատվերն էր՝ մեկդ մյուսիդ արեք այն, ինչ որ ես ձեզ համար արեցի։ Եվ ով ցանկանում է մեծը լինել, առաջինը լինել, պետք է ամենախոնարհը լինի։ Հարսը՝ գալով տուն, ցույց էր տալիս, որ ինքը խոնարհությամբ է եկել, ծառայությամբ է եկել, չի եկել, որ քանդի, եկել է, որ ստեղծի։

-Ի՞նչ խորհուրդ ունի եկեղեցով պսակադրվելը։

-Ոչ թե պարտադիր է գալ եկեղեցի, այլ ցանկալի է գալ եկեղեցի։ Ինչո՞ւ է ցանկալի․ որ մարդը իր հիմնարկեքը դնելիս՝ Աստծով է ուզում դա անել։ Փառք եմ տալիս Աստծուն, որ շատ զույգեր ունենք, ովքեր գալիս են, խորը պատրաստություն են անցնում մինչև պսակադրության արարողությունը, որովհետև թվում է թե ամեն ինչ հայտնի է իրենց, բայց մի քանի ուղիղ հարցից հետո տեսնում ես՝ շատ հարցեր կան բաց։ Մի օր զույգերից մեկի հետ հանդիպման ժամանակ ասացի՝ ինչո՞ւ եք ուզում ամուսնանալ։ Ցնցվեցի դստրիկիս պատասխանի անկեղծությունից․ ասաց՝ առանց իրար արդեն չենք կարողանում ապրել։ Սերն իրենից ենթադրում է ինքնամոռացություն։ Ցանկալի է, որ դու քեզ մոռանաս դիմացինիդ նվիրվելու համար, դիմացինիդ կյանքով ապրելու համար։ Սիրո մեջ շաղախված է զոհաբերության իրողությունը, եթե կա իրական սեր, անհնար է՝ զոհաբերություն չլինի։

-Պսակադրելուց քահանան ասում է՝ այն ինչ կապում է Աստված, մարդն անկարող է բաժանել։ Առհասարակ ամուսնալություններին ի՞նչ վերաբերմունք ունի եկեղեցին։ 

-Երբ այդ աղոթքն անում ենք, խոսքս ուղղում եմ նախ երիտասարդներին, որովհետև առաջին բաժանողները իրենք են։ Ասում եմ՝ այս միությունը, որ Աստված օրհնեց, ձեր միությունը բաժանողը նաև դուք եք, և դա տեղի է ունենալու, երբ ձեր դերերի խախտում տեղի ունենա։ Երբ կինը հնազանդությունը և ստրկությունը շփոթի կամ տղամարդը խառնի, շփոթի տեր լինելու շատ կարևոր ֆունկցիան։ Տղամարդն է տան գլուխը ասելով՝ մենք ասում ենք, որ այդ արտաքին ազդակները՝ անձրև, կարկուտ, արև և այլն, և այլն, այդ բոլոր ազդակներից տան ամբողջ միջավայրը պահպանողը դու ես, տերը դու ես դրա, եկած այդ արտաքին դժվարությունները քեզ են հանդիպում, որ դրանց իրական ազդեցությունը չհասնի ներս։

Հետո, խոսքս ուղղում եմ մեր սիրելի զոքանչներին և սկեսուրներին և հարակից բոլոր «ջերմ» բարեկամներին։ Գիտեք, այդ առաջնային փուլում տեսնում ես՝ զանգերի շատությունից մեր փեսաները, ամուսինները սկսում են նեղվել։ Ո՞ւր գնացիք, ի՞նչ արեցիք, ի՞նչ կերաք, ո՞վ եկավ, ի՞նչ բերեցին, ի՞նչ տարան, այսինքն բամբասանքի մթնոլորտը շատ վտանգավոր է նորաստեղծ ընտանիքի կայացման գործում։ Շատ ընտանիքներ նորաստեղ վիճակում էլ հենց փլուզվում են։

-Կա՞ն դեպքեր, երբ եկեղեցին էլ է ընդունում ամուսնալությունը։

-Մեր տերը ասում է, որ եթե կա դավաճանության, որը պոռնկության դրսևորմամբ է, եթե այդպիսին չէ իրավիճակը, աշխատեք բաժանումներ չլինեն։ Ասենք ընտանիքը գալիս է, խոսում են, տեսնում ես կենցաղային ինչ-որ խնդիր է։ Ասում եմ՝ չեղավ, գնացեք։ Ինչի՞ Տեր հայր, ասում եմ՝ նյութ է, ամբողջ ձեր զրույցը նյութ է, ոչ մի հոգևոր բան չասացիք։ Դավաճանությունը ոչ միայն մարմնավոր է, այլ նաև հոգևոր է, եթե այդ տեսակ իրավիճակ չկա, ուրեմն խնդիրը հաստատ նյութական է կամ այդ պահին զգացական խնդիր է, դրանք հեշտ լուծվող են։ Մարդիկ պետք է կարողանան իրարից զատել խնդիրների բնությունը, եթե օրինակ՝ խորքային բռնության դեպքեր կան, որ տևաբար բռնություն է տեղի ունեցել կնոջ նկատմամբ, որը դրսևորվել է ֆինանսական բռնության, հոգևոր բռնության և ֆիզիկական բռնության․․․ տևաբար։ Եվ այդ մարդն այլևս ո՛չ ելք է պատկերացնում, ո՛չ հնարավորություն ու ինքնավնասման վտանգավոր երևույթների պետք է հասցնի, այդ դեպքում մենք անպայման միջամտում ենք և ստիպված ենք լինում իրարից առանձնացնել մարդկանց։

-Ինչպե՞ս է եկեղեցին միջամտում բաժանությանը։

-Մենք, որպես այդպիսին, ընթացակարգ չունենք, բայց որպես այդ ընտանիքում հոգևոր ներկայություն ունեցող անձ, ամենաօպտիմալ լուծումը, եթե բաժանությունն է, որը որ երկարատև աղոթքի, քննության միջոցով ենք հասնում, արդյո՞ք այս ընտանիքը բաժանվի, թե ոչ։ Մենք առաջնորդվում ենք բարությունը չկորցնելու և չարության ճիրաններից դուրս գալու կեցվածքն ընտանիքում։

-Հաճախ ենք լսում, ընտանեկան բռնությունների մասին, եկեղեցին ինչ դեր ունի նման դեպքերը եթե ոչ բացառելու՝ գոնե նվազեցնելու համար։

-Հավատացնում եմ ձեզ, շատ-շատ ընտանիքներում բռնության դեպքերի ժամանակ հիմնականում լուծումը տալիս են քահանաները։ Սոցիալական աշխատողները, հոգեբանները, բոլորը աշխատում են, բայց ինչ-որ մի խորհրդավոր, միստիկ ներկայություն է ապահովում քահանան և շատ խնդիրներ լուծում են ստանում։ Մարդու իրավունքների այդ հիմնարար մոտեցումները, որ բոլոր պետությունների կազմավորման, իրենց սահմանադրությունների հիմքում է դրված, դա վերցված է Աստվածաշնչից։ Բայց, երբ մենք իրենց մեկ մարմին ենք տեսնում, մենք ամուսնուն ասում ենք՝ եթե դու քո կնոջը խփում ես, դու քեզ ես խփում, երբ ամեն ինչ այս տեսանկյունից է գալիս, մարդկանց մոտ ամեն ինչ մի քիչ ուրիշ ընկալում է ստանում։

-Հաճախ զույգերը հրաժարվում են երեխա ունենալ, արդյո՞ք ըստ ընտանեկան ավանդական արժեքների՝ երեխա ունենալը պարտադիր է, եթե իհարկե դա կախված չէ առաողջական խնդիրների հետ։

-Անձնական վերաբերմունք ես ունեմ։ Այսի՞նքն։ Ամուսնության ամբողջ նպատակը որդեծնությունն է, որ մարդիկ իրենց սիրո պտուղը տեսնեն։ Այնքա՜ն իրական է, երբ մարդիկ պտուղը տեսնում են։ Այդ պտուղը գալիս է և իրենց կյանքը վերափոխում է։ Կինը դառնում է մայր։ Տղամարդը դառնում է տեր այդ ընտանիքում։

-Ի՞նչ վերաբերմունք ունի եկեղեցին արհեստական բեղմնավորման, փոխնակ մոր ծառայություններին։

-Առաջին հայացքից շատ դժվար էր եկեղեցու համար այդ հարցերի մեջ դիրքորոշում ձևավորելու և դիրքորոշումն արտահայտելու, բայց ժամանակները եկան, ցույց տվեցին, որ օրինակ՝ փոխնակ մայր իրողությունը երբ որ կյանքի կոչվեց, հասկացանք, որ շատ վտանգավոր թելեր են կապված այդ գիտական զարգացման հիմքում։ Դանակը մի դեպքում կարող է հաց կտրել, մյուս դեպքում՝ սպանել։ Նույնն էլ այս պարագայում, պետք է տեսնել, թե ինչի՞ համար է դա արվում։

-Ի՞նչ է արդարությունը։

-Սեր

-Ի՞նչ է բարոյականությունը։

-Սիրո դրսևորում։

-Ի՞նչ է հավատքը։

-Սեր։

-Որքանո՞վ են արդարությունը, բարոյականությունը և հավատքը իրար հետ փոխկապակցված:

-Իրենց միացնող շաղախը սերն է։ Սեր չունեցանք դատարկ ենք ամեն ինչից՝ արդարությունից, հավատքից, հույսից, ամեն ինչից դատարկ ենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել