«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Տեր Տիգրան քահանա Բադիրյանի հետ զրուցել է մեղք գործելու, հանցագործության և պատիժ կրելու մասին։
-Ի՞նչ է հասկանում եկեղեցին, ասելով՝ մեղք գործել։
-Երբ մենք խոսում ենք մեղքի մասին, պետք է կարողանանք տարբերակել մեղքը գնահատելու մեխանիզմները, որ ունի քրիստոնեությունը և ունի եկեղեցին։ Ուրեմն, երբ խոսում ենք մեղքի մասին, նախ և առաջ պետք է հասկանանք՝ դատելու իրավասությունն ում է պատկանում։ Հետաքրքիր է, որ դատելու իրավասությունն, ըստ քրիստոնեության՝ պատկանում է հենց այն մարդուն, ով մեղք է գործում, որովհետև մեղքը ոչ թե արարք է իր էությամբ, այլ Աստծո ու մարդու սուրբ տարածության, շփման խզումը, այս խզումը կարող է զգալ միայն այն մարդը, ով ապրում է այդ հարաբերությունների ճգնաժամում։
-Արդյո՞ք եկեղեցին տարբերակում է մեղքի աստիճանը։
-Երբ մենք խոսում ենք մեղքի մասին, որպես աստվածաբանական եզր, տրամաբանությունը մարդու և Աստծո միության մեջ է, իսկ, երբ մեղքը աստիճանավորում ենք, նշանակում է՝ մենք սյուբեկտիվ դատողություն ենք տեսնում դրա մեջ, որովհետև աստիճանավորողը ինքը՝ մեղք գործողը, չի կարող լինել, բայց եկեղեցին ունի իր ավանդությունը, այսինքն՝ եկեղեցու ապրած կյանքը, սուրբ հոգու ներգործությունը եկեղեցու մեջ և այս կյանքի փորձառությունը թույլ են տալիս եկեղեցուն որոշելու, թե որևէ արարք, որևէ միտք, որևէ իրողություն, որքանով է խզում Աստծո ու մարդու մեջ կապը։ Այս համատեքստում այո, կարելի է չափավորել մեղքը, նիշ դնել։
-Ինչպե՞ս մարդը կարող է իմանալ, որ ինքը իր որևէ մեղքի համար դատվեց, ո՞վ է մեզ դատում։
-Մեղքի մասին խոսելիս՝ կարևոր է հասկանալ հենց դատողությունը, թե ով է անում։ Ավետարանում մենք հանդիպում ենք տիրոջ այն խոսքերին, որ ասում է՝ ով մարդ, ով ինձ ձեր վրա դատավոր կարգեց։ Ուրեմն՝ Աստծո դատաստանը ոչ թե պատժի դատաստան է, այլ արդարացման դատաստան է։ Մեր աղոթքներում «ահավոր դատաստանը» ոչ թե ահավոր է նրանով, որ այլևս մեզ հնարավորություն չի տալիս արդարանալու, այլ ահավոր է նրանով, որովհետև մեզ հնարավորություն է տալիս վերջին անգամ տիրոջ ողորմությունը ժառանգելու, որովհետև այս դատաստանի ժամանակ Աստված ոչ թե որպես դատախազ է հանդես գալու, այլ որպես մեր փաստաբանը, այսինքն մեզ արդարացնելու։ Տերը շատ միանշանակ է խոսում այս մասին, երբ ասում է՝ Մովսեսն է ձեզ դատելու, այսինքն Աստված արդարացնող է և եթե այդպես չլիներ Աստծո զոհաբերությունը՝ խաչելությամբ մահը, իմաստ չէր ունենա, եթե Աստված էլ պետք է դատեր մեզ։
-Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն ինչպե՞ս են ապաշխարհում։
-Ժամանակակից աշխարը տպավորություն է տալիս, որ ապաշխարհությունը և օրինակ, բանտում պատիժ կրելը միևնույն բաներն են։ Ուրեմն, եթե մենք մեղքին վերաբերում ենք, որպես Աստծո ու մարդու հարաբերությունների խզում, ուրեմն ապաշխարհությունն էլ, ոչ թե պատժի կրել է այլ մարդու փոխակերպում։ Մեղքը լույսի ճամփին այն ստվերն է, որ մեզ խանգարում է մեր շփումն իրականացնել Աստծո հետ։ Ուրեմն Աստծո հետ մեր շփումը վերականգնելու համար մենք խավարից լույս պետք է դառնանք, պիտի ոչ միայն ուղղակի պատիժ կրենք, այլ պետք է փոխակերպվենք։ Մենք պետք է խավարից դառնանք լույս։ Մեղքի ու հանցագործության կարևոր տարբերություններից մեկն էլ այն է, որ, եթե հանցագործությունը առերևույթ է, այսինքն կարելի է տեսնել, գնահատել, իսկ հակառակ դեպքում չի կարելի հանցագործություն համարել, մեղքն ավելի ներհայեցողական բնույթ ունի, այսինքն մեղքը գործող մարդուց ավելի, որևէ մեկը չի կարող ասել, որ այս մարդը մեղք է գործել։
-Ինչպե՞ս հասկանալ, որ մարդն ապաշխարհել է։
-Իրականում ապաշխարհած մարդուն ճանաչելը շատ ավելի հեշտ է, քան հասկանալ, թե արդյոք պատիժը կրելուց հետո հասարակական կարգը վերականգնվել է, թե ոչ կամ պատճառված վնասը վերականգնվել է, թե ոչ, որովհետև ապաշխարհած մարդը նոր ծնված մարդն է, փոխված մարդն է։ Մկրտության խորհուրդը հենց այս մասին է, որ Քրիստոսի մեջ ծնվելու համար հին մարդը պետք է մեռնի։ Այսինքն մարդը ոչ միայն հրաժարվում է իր որևէ արարքից, այլ հրաժարվում է այն միջավայրից, որի մեջ ինքը գործել է այդ արարքը։ Եթե հանցագործությունը սերտորեն առնչված է հասարակական ընկալումներից, ժամանակի քաղաքական, մշակութային իրավիճակից, մեղք գործեը ու Աստծո հետ հարաբերությունները ամբողջովին անկախ են նման ընկալումներից։
-Կա՞ տարբերություն, որ մարդը մեղքը գործում է չգիտակցված, չհասկանալով, որ դա մեղք է։
-Պողոս Առաքյալը հռոմեացիներին ուղղված թղթում շատ մանրամասն բացատրում է տարբերությունը օրենքի և շնորհի։ Շնորհը մարդու և Աստծո կենդանի շփումն է, Աստծո ամեն վայրկյան ներկայությամբ մարդու կյանքում։ Այս հարաբերությունները վեր են, քան մարդու մշակութային, ազգային և հասարակական պատկանելիությունը։ Ոչ այնքան ցավալի է այն մարդը, ով գողություն է արել, ինչ որ անծանոթ մեկից, քան այն մարդը ով գողացել է իր սեփական հորից։
-Կա՞ որևէ տարբերություն, երբ նույն մեղքը գործում է մկրտված կամ չմկրտված անձը։
-Քանի դեռ մարդը ժառանգակից չի Քրիստոսին, քանի դեռ իր կամքով չի դարձել տիրոջ զավակը և չի մտել այն արքայության մեջ, որ Տերը տվեց մեզ, ըստ էության այդ մեղքերը մեղք համարել քրիստոնեկան տեսակետից չի կարելի ուղղակի, որովհետև մարդը որևէ շնորը վերցնելու պարտավորությունն էլ չունի իր մեջ։ Մեղքը գոյություն ունի միայն այն մարդկանց մոտ, ովքեր շփում ունեն։ Եթե մարդը չունի հայր, այսինքն ժառանգակից չէ Քրիստոսին, ուրեմն քրիստոնեական առումով մեղք չի էլ կարող գործել, այսինքն Աստծո հետ իր շփմանը խզում չի կարող առաջացնել։ Սա չի նշանակում, որ մարդը բարոյականության դեմ մեղքեր չի կարող գործել։ Շատ ժամանակ բարոյականությունը և հավատքը, որպես հոմանիշներ են ընկալվում, բայց սրանք ամենևին հոմանիշներ չեն, որովհետև բարոյական նորմերը ժամանակի ընթացքում փոխվում են, բայց մարդու ու Աստծո հարաբերությունները ժամանակ չեն ճանաչում։ Ամենբապարզ օրինակը՝ ժամանակին կարճ մազրեով կանայք անբարոյաան էին համարվում, բայց հիմա որևէ մեկի մտքով չի անցնի անգամ, մտածել, որ կարճ սանրվածքով մարդիկ անբարոյական են։
-Երբ մարդկանց հետ որէ վատ բան է պատահում, ասում են՝ Աստված պատժեց․ ինչպե՞ս կբացատրեք սա։
-Աստված երբեք չի պատժում մարդուն, երբ մենք խոսում ենք պատժի տրամաբանության մասին, թվում է, թե Աստված մի ոստիկան է և սպասում է, որ մենք ինչ որ խախտում անենք և մեր վրա ակտ գրի, որ մենք էլ այդ պատիժը կրենք։ Աստված մեր հայրն է, բայց Աստված մեր հայրը լինելով հանդերձ, հարգում է մեր ազատությունը։ Երբ մենք խոսում ենք մեծ աղետների, պատերազմների, երեխաների մահերի մասին, շատ ժամանակ հարցնում ենք՝ ինչո՞ւ է Աստված թողնում, որ պատերազմներ լինեն, երեխաները մահանան։ Մեր հետ պատահած դեպքերը մեր արարքների հետևանքներն են և այդ արարքների հետևանքները շատժշատ բնական են, ուղղակի ամեն մարդ չէ, որ կարողանում է շատ հստակ տեսնել պատճառահետևանքային կապը իր արարքների և այն իրավիճակի, որն ունի մարդը։ Ինչ որ լինում է մարդու կյանքում, անգամ ամենամեծ դժբախտությունը՝ երեխայի մահը, սա մարդու փրկության համար է լինում։
-Հաճախ Աստծուն ասում են նաև Դատավոր։
-Այս, Աստված դատավոր է, բայց Աստծո դատողությունը ողորմության դատողություն է, ոչ թե պատժի։
-Ի՞նչ է արդարությունը։
-Աստծո սերը։
-Ի՞նչ է բարոյականությունը։
-Աստծո ներկայությունը կենցաղում ապրելու փորձին։
-Ի՞նչ է հավատքը։
-Աստծո ներկայությունը։
-Որքանո՞վ են արդարությունը, բարոյականությունը և հավատքը իրար հետ փոխկապակցված:
-Այնքանով, որքանով Աստված ներկա է անհատի, հասարակության, ժողովրդի և պետության կյանքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան