Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ ապրիլի 25-ին, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, շարունակվեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրեն Աբովյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պաշտպանության կողմի ներկայացրեց միջնորդություն՝ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Փաստաբան Արտակ Ոսկանյանը հայտնեց՝ այս գործում առկա բոլոր գրավոր ապացույցները հետազոտվել են, հարցաքննվել են մեղադրական եզրակացության մեջ նշված և առաջադրված մեղադրանքի հիմքում դրված բոլոր վկաները, այսինքն՝ վկաների հարցաքննության ավարտված լինելու պայմաններում Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ պահելու հիմքը դարձել է առարկայազուրկ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլևս առկա չէ գործով անցնող վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքը, նման վկաների բացակայությամբ պայմանավորված միջնորդում եմ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, վերանել և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել «ստորագրություն չհեռանալու մասին»»,-ասաց պաշտպանը։
Նշենք նաև, որ այս գործով կային ևս երկու մեղադրյալներ, որոնց նկատմամբ ի սկզբանե ընտրված է եղել այդ նույն խափանման միջոցը, իսկ պաշտպանության կողմը նախկինում միջնորդել էր, որպեսզի կալանքը փոխարինվի գրավով։
Այս ամենից ելնելով՝ փաստաբանը նշեց, որ նույնիսկ գրավի կիրառումը դառնում է անիմաստ, բայց եթե դատարանը նման որոշում կայացնի, քննության առարկա կդարձնեն որպես խափանման միջոց ընտրել գրավի կիրառման հնարավորությունը։ Գրավի չափը՝ 2 միլիոն դրամ։
Ամբաստանյալ Մամիկոն Ասլանյանը միջնորդության քննարկման ժամանակ նշեց՝ ինքը կանխակալ վերաբերմունք չունի դատարանի և դատախազի մասնագիտական կարողությունների նկատմամբ, բայց որոշումը պետք է լինի աներկբա, օրենքների կիրառումը և այն որոշումները, որոնք պետք է բխեն օրենքից, դրանց կայացվեն ճիշտ ու առանց երկմտանքի։
«Սա հանրային հնչեղության այնպիսի գործ է, որ ես, լինելով նաև համաքաղաքացիների կողմից ընտրված համայնքապետի թեկնածու, ինքնս ցանկացած փուլում միշտ՝ սկսած նախաքննությունից, վերջացրած այս փուլով, առանց որևէ երկմտանքի կարող եմ հայտարարել, որ այնպիսի արարք իմ գործունեության ցանկացած ժամանակաշրջանում չեմ կատարել, որ որևէ կերպ կա՛մ լինեմ կալանքի տակ, կա՛մ ամաչեմ, կա՛մ իմ քաղաքացիների մոտ հիասթափություն առաջացնեմ»,-ասաց Ասլանյանը։
Պաշտպանության կողմի մյուս մասնակիցները ևս միացան միջնորդությանը՝ արձանագրելով վկաների հարցաքննության ավարտված լինելու հանգամանքը։
Քննարկվեց նաև մեղադրյալի վարքագիծը կալանքի տակ գտնվելու պայմաններում։ Պաշտպանության կողմից ընդգծեցին, որ 2 տարի 4 ամիս և ավելի ժամանակահատվածում անձը գտնվում է անազատության մեջ, և իրենք չեն ստացել որևէ ահազանգ մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, քրեակատարողական հիմնարկներում որևէ խախտում թույլ տալու մասին։
Հանրային մեղադրողը ներկայացված միջնորդության վերաբերյալ հայտնեց իր դիրքորոշումը՝ ասելով, որ միջնորդության լուծման համար դատարանի առջև բարձրացված իրավական հարցն այն էր, թե նվազել են արդյոք ամբաստանյալ Մամիկոն Ասլանյանի կալանքի տակ պահելու հիմքերը կամ արդյոք այս ընթացքում ի հայտ են եկել կալանավորման նոր հիմքեր։ Նարեկ Մովսիսյանն առարկեց խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդության դեմ։
Դատախազի գնահատմամբ՝ նշված ապացույցների հետազոտման արդյունքը մեծապես հավանական է դարձնում Մամիկոն Ասլանյանի դատապարտումը։
«Առաջին հայացքից կարող է կարծիք ձևավորվել, թե վերացել են ամբաստանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը, բայց պետք է դատարանի ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքին, որ դատարանում հետազոտված ապացույցների արդյունքը հիմք են տալիս մեղադրանքի կողմի համար, որ դրանք մեծապես հավանական են դարձնում ամբաստանյալի դատապարտումը, ինչը վկայում է այն մասին, որ ամբաստանյալը, մնալով ազատության մեջ, կխուսափի քրեական պատասխանատվությունից և նշանակվող պատժից՝ այդ կերպ խոչընդոտելով դատարանի կողմից կայացվող դատավճռի կատարմանը»,-ընդգծեղ հանրային մեղադրողը։
Մամիկոն Ասլանյանը դիմելով հանրային մեղադրողին՝ ասաց, որ դատավարության փուլերի ընթացքում վերջինս զբաղված է իր նկատմամբ քաղաքական պատանդառությամբ, որովհետև մարդու անքակտելի իրավունքներից մեկը՝ կյանքը, ազատությունը, դրանց նկատմամբ ոտնձգություններ է իրականացնում «բոլշևիկյան ցինիզմով»։
«Մենք մինչև քաղաքական ինչ-որ պատվերի վերջնակետին չհասնենք, ես չեմ նահանջելու»,-ասաց Ասլանյանը։
Հանրային մեղադրող Նարեկ Մովսիսյանը հորդորեց դրսևորել պատշաճ վարքագիծ, հարգանք կամ առնվազն օրինակ վերցնել մեղադրող կողմից, թե ինչպես կարելի է հարգալից լինել դատավարության մասնակիցների նկատմամբ։ Նա խնդրեց դատարանից սանկցիաներ կիրառել։
Դատավորն ասաց՝ եթե նախագահողը որոշի, որ կողմերից յուրաքանչյուրի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել դատավարական սանկցիաներ, ապա անմիջապես դրանք կկիրառվեն։
Միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 26-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան