«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի հետ խոսել է Մեծ պահքի մասին։
-Խնդրում եմ՝ ներկայացնեք, թե առհասարակ պահքն ինչ խորհուրդ ունի Հայ Առաքելական եկեղեցում, որտեղի՞ց է գալիս այն։
-Եթե բացենք Ծիսական օրացույցը, կտեսնենք, որ այդ օրացույցը բաժանված է երկու մասի․ այն օրերը, որտեղ կարելի է տարբեր կերակուրներ ճաշակել և այն օրերը, որտեղ այդ կերակուրի քանակը սահմանափակված է։ Հայ եկեղեցում կա պահոց երեք տեսակ։ Կա սովորական պահք, որի ժամանակ մենք օգտագործում ենք բուսական կերակուր, կա սրբապահք, որի ժամանակ օգտագործում ենք աղ, հաց և ջուր և կա ծոմապահք, երբ 24 ժամ որևէ սնունդ և ջուր չի օգտագործվում։ Ես շատ կցանկանամ, որ պահեցողությունը երբեք չլինի ինչ-որ մի բանին տուրք տալ, պահեցողությունը պետք է լինի իրապես։ Անձը տկարացնել, հոգին բարձրացնել` առ Աստված ճանապարհդ շտկելու համար։ Պահեցողությունը մեզ պատրաստում է Տիրոջն ընդառաջ գնալու, դիմավորելու։ Պահքի միջոցով տկարացնելով մեր անձը, հոգևոր կյանքով ապրելով, մենք պատրաստում ենք մեզ, մեր հոգիները Տիրոջ ներկայության։ Ես շատ կցանկանամ, որ մեր հայորդիներն այդ շրջանը, երբ պետք է սկսեն պահք պահելը, գան եկեղեցիներ, ստանան հոգևորականի օրհնությունը, ուղեցույցը պահեցողության այդ ճանապարհն անցնելու համար, որը շատ կարևոր է։ Միայն կերակրով չի սահմանափակվում պահքը, եթե ես կերակուր չուտեմ, բայց զբաղվեմ այլ-այլ հարցրով, դա պահեցողություն չի լինի։ Եթե ես բուսական կերակուր ուտեմ և ամբողջ օրը մտածեմ կերակուր պատրաստելու մասին և հոգևոր կյանքը չկարևորեմ, պահեցողությունը դառնում է անիմաստ և անտեղի։ Դրա համար շատ կարևոր է ստանալ հոգևորականի օրհնությունը։ Մեծ պահքի շրջանը սրբապահքն է։
-Ովքե՞ր չեն կարող պահք պահել։
-Պահքը մարմնի տկարությունն է։ Նրանք ովքեր ունեն առողջական խնդիրներ, արդեն իրենց մարմինը տկարացած վիճակի մեջ է։ Պահեցողություն չեն պահում նաև նրանք, ովքեր պատճառավոր են, այսինքն հղի կանայք, ովքեր կյանք են կրում իրենց ներսում։ Մնացած բոլորը կարող են պահեցողության շրջանն անցնել։
-Տեր Զենոն, կներկայացնեք, թե ի՞նչ չի կարելի անել այդ շրջանում։
-Քրիստոնյան քրիստոնյա է 24 ժամ և բնականաբար Մեծ պահքը դադարի, աղոթական կյանքի խորհուրդ ունի։ Այսինքն, երբ դու մի պահ քո առօրյայից դադար ես տալիս և պահեցողությանը, հոգևոր կյանքին ավելի զարկ տալով ուժեր ես հավաքում տարվա ընթացքում՝ քայլելու Քրիստոսի ճանապարհով։ Մեծ պահքը պատրաստում է նաև Տիրոջ հարությունը դիմավորելու համար։
-Եթե մարդը պահքի կեսից հրաժարվում է` մե՞ղք է։
-Ամեն քրիստոնյա պետք է ունենա հոգևոր առաջնորդ հոգևոր կյանքում, որ անցնի այդ ճանապարհը։ Կարող են լինել տարբեր պատճառներ և այդ պատճառների լուծումը մարդը կարող է ստանալ իր հոգևոր առաջնորդից։ Դրա համար շատ կարևոր է ունենալ հոգևոր առաջնորդ։
-Կա՞ն հատուկ կերակուրներ, որ այդ շրջանում պատրաստելը պարտադիր է։ Նաև խնդրում եմ ներկայացրեք միջինքի խորհուրդը։
-Մեծ պահքի շրջանը աղ ու հացի շրջան է, այստեղ ամենակարևոր կերակուրն աղը, հացը և ջուրն են։ Բնականաբար հատուկ կերակուրներ չկան, միայն բուսական կերակուրները։ Միջինքի ամբողջ իմաստն այն է, որ Մեծ պահքը կիսվում է երկու մասին։
-Պահքի շրջանում պսակադրությունները թույլատրելի՞ են։
-Իհարկե ոչ։ Պահքի շրջանում պսակադրությունները թույլատրելի չեն։ Բայց կան բացառություններ, դրանցից է նաև, երբ ժամանակին Վազգեն Վեհափառի կարգադրության համաձայն Մեծ պահքի շրջանում, բացառությամբ ավագ շաբաթը, թույլատրեցին պսակադրություն կատարել։ Բայց մենք փորձում ենք բացատրել, որ շատ ավելի լավ կլինի, որ թույլ տաք այս շրջանն անցնի։ 100-ից 90 տոկոսն իրենց պսակադրությունը հետաձգում են։
-Ինչու են փակվում եկեղեցու խորանի վարագույրները։
-Մեծ պահքն ապաշխարհության շրջան է և պատարագի ժամանակ սարկավագից հրահանգ կա, որ ասում է՝ նրանք ովքեր չմկրտված են, ովքեր ապաշխարհության շրջանի մեջ են, թող դուրս գան գավիթ։ Ժամանակին եկեղեցիները գավիթ են ունեցել, որը փակվել է դռներով և նրանք, ովքեր ապաշխարհության շրջանի մեջ են եղել, անցկացրել են գավիթի մեջ, հաղորդության մասին իրենք չեն մասնակցել։ Եվ հիմա քանի որ եկեղեցիները հիմնականում գավիթ չունեն, փակում ենք վարագույրները։
-Ի՞նչ է արդարությունը։
-Օվսեի մարգարեության մեջ է, ասում է՝ ես քեզ չեմ պատժի, որովհետև ես Աստված եմ և ոչ թե մարդ։ Նայած՝ մենք ինչ խոշորացույցի տակով ենք նայում արդարությանը։
-Ի՞նչ է բարոյականությունը։
-Բարոյականությունը բարիք գործելու և աստվածային ներկայության մեջ ապրելու մասին է։
-Ի՞նչ է հավատքը։
-Հավատքն այն ուժն է, որ մարդուն մոտեցնում է Աստծուն և Աստծուն մոտեցնում է մարդուն։
-Որքանո՞վ են արդարությունը, բարոյականությունը և հավատքը փոխկապակցված:
-Քրիստոնյան առանց այդ երեք ստորոգելիների՝ չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան