«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակներում Iravaban.net-ը Արագածոտնի թեմի Արուճի և Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հետ զրուցել է Ավագ շաբաթվա և Սուրբ Հարության տոնի մասին։
-Տեր Մանուկ, խնդրում եմ ներկայացնել Ավագ շաբաթվա օրերի խորհուրդը։
-Մեր տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքի դրվագները, իր քարոզության դրվագները, պատմությունները ավելի խտացված մեր եկեղեցու Սուրբ հայրերը ներկայացրել են մեկ շաբաթվա ընթացքի մեջ, որը կոչվում է՝ Ավագ շաբաթ։
Ավագ երկուշաբթին անպտուղ թզենու խորհուրդն ունի։ Նախ այլաբանորեն բացատրություն կա։ Մեր եկեղեցու Սուրբ հայրերն ասում են՝ ով մարդ, դու ես թզենին, թզենու խորհուրդը դու ես։ Քրիստոս իր առաքյալների հետ միասին ճանապարհ էր գնում, քաղց զգաց, մոտեցավ թզենուն, որպեսզի պտուղ քաղի, տեսավ, որ սաղարթախիտ ծառը ոչ մի պտուղ չունի և անիծեց թզենուն, ծառն իսկույն չորացավ։ Պետք է պատրաստ լինես, որովհետև կգա մի օր և Քրիստոս ինչպես այդ թզենուն մոտեցավ, քեզ կմոտենա, վայ քեզ, եթե դու անպտղաբեր կյանքով կապրես։
Ավագ երեքշաբթին իմաստուն և հիմար կույսերի հիշատակության օրն է։ Եթե դու որքան որ հոգ ես տանում քո ֆիզիկական կեցության համար, այնքան թլ հոգ տանես քո հոգևոր կեցության, դու հիմար կույսերի պես քնած չես մնա, այլ քո ճրագը միշտ վառ կլինի։
Ավագ չորեքշաբթին խորհրդանշում է մեր Տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոսի մատնությունը Գեթսեմանի պարտեզի մեջ։
Ավագ հինգշաբթի առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվում է ապաշխարողների արձակման կարգ, որից հետո մատուցվում է Ս. Պատարագ: Տեր ու փրկիչ Քիսուս Քրիստոսը մեզ առաքյալների միջոցով ավանդեց, ասելով՝ իմ հիշատակի համար պատարագ մատուցեք։ Կտրելով հացը և օրհնելով գինին տվեց իր առաքյալներին։ Եվ այդ հիշատակի խորհուրդի պատարագն ենք մենք մատուցում ավագ հինգշաբթի օրը։ Կեսօրից հետո պատարագին հաջորդում է ոտնլվան։ Երեկոյան տեղի է ունենում խավարման կարգը, չափազանց հուզիչ է լինում։
Ավագ ուրբաթ օրը պատարագ չի մատուցվում, որովհետև այդ օրը Քրիստոսի թաղման խորհուրդն է կատարվում։
Ավագ շաբաթ օրը երեկոյան մատուցվում է Սուրբ Հարության ճրագալույցի պատարագը և պահեցողության մեջ եղողները կարող են այդ օրն իրենց պահքը լուծել։
-Խնդրում եմ ներկայացրեք Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի խորհուրդը։
-Հարությունը կենսական նշանակություն ունի ոչ միայն աշխարհի ողջ քրիստոնյաների համար, այլ համամարդկային տոն է։ Մեր եկեղեցու հայրերն ասում են՝ Քրիստոսի հարությունը եղավ ճիշտ կեսգիշերին և եղավ այնպես, որ որևէ անձ չտեսնի։ Այլ չտեսնելով հավատան և կարողանան Քրիստոսի հարությունը նկարագրել և պատմել աշխարհի մարդկությանը։ Եվ, երբ այգաբաց եղավ, հրեշտակը գլորեց այդ մեծ վեմը և բացվեց գերեզմանը և գերեզմանից արդեն տեսանելի էր թափուր սնարը։ Եվ այսպես եղավ տիրոջ հարությունը։
-Հասարակության շրջանում տոնն առավել հայտնի է Զատիկ, Մեծ զատիկ անվամբ։ Ի՞նչ է սա նշանակում, կապ ունի՞ «զատիկ» միջատի հետ։
-Զատիկ, նշանակում է զատվել։ Պահքն ուտիքից զատվում է։ Ժողովուրդը գույնզգույն զարդերով փորձում է ճոխացնել, բայց այդ ճոխությունը մեր հավատքի հետ կապ չունի։ Միջատն էլ կապ չունի։ Հավկիթը միայն ներկում ենք կարմիր գույնով։
-Ինչպես պետք է նշել զատկական տոնակատարությունը, ե՞րբ է այն սկսում։
-Առավոտյան ժամերգությամբ, Սուրբ Հարության ավետիսով մենք տոնական պատարագի սկիզբն ենք ազդարարում և քահանան պատրաստվում է, որպեսզի խորան բարձրանա և տոնական պատարագը մատուցի։ Ուտեստների հետ կապված եկեղեցին ընդհանրապես կապ չունի, չկա որևէ գրվածք, որ այսինչ ուտեստը պետք է ուտես։
-Տոնը տարբեր կերպ է նշվում, բայց մեծ տարածում ունի ձվախաղը, կխնդրեմ ներկայացնենք, թե ինչ խորհուրդ ունի այն։
-Այն ժողովրդական խորհուրդ ունի, ժողովրդական խաղ է, որ գրեթե բոլոր տեղերում են անում այդպես և լավ է, որ ժողովուրդը կարողանա պահպանել այն։ Բայց հիմնական մասն այն է, որ հավատացյալ մարդը օգուտ քաղի՝ պատարագներին մասնակցություն բերելն է։
-Մեծ թվով հավատացյալներ են մասնակցում հատկապես այս տոնի պատարագներին, բայց նկատում են նաև հերթեր, միմյանց հրել, վիրավորել, անհունդուրժող վերաբերմունք։ Խնդրում եմ՝ ձեր խորհուրդը-կոչը մարդկանց, ովքեր մասնակցելու են պատարագին։
-Առհասարակ եկեղեցիների մեջ տեղի ունեցող միջառումների ժամանակ երբեմն-երբեմն մենք հոգևորականներս էլ տեսնում ենք, որ անպարկեշտություն են ցուցաբերում։ Այդ հավատացյալներին ես ուզում եմ հիշեցնել ավետարանական մի շատ կարևոր խոսք․ «Մարգարիտներդ խոզերի առաջ մի՛ թափիր»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան