«Դադիվանքը չմարսված կտոր էր․ ես ինձ չեմ համարում վերջին վանահայր»․ Հայր Դերենիկ աբեղա Սահակյան

«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի իրավազորության ներքո գործող և պատմամշակութային արժեք հանդիսացող Դադիվանքի, ինչպես նաև Արցախի պատմամշակութային այլ արժեքների ու դրանց կորստի, հայրենիքը գիտակցաբար սիրելու մասին զրուցել է Արցախի հայոց թեմի Դադիվանքի վանահայիր Հայր Դերենիկ աբեղա Սահակյանի հետ։ 

-Կխնդրեմ ներկայացնել Ձեր անցած հոգևոր ճանապարհը և նշել կուսակրոնության ընտրության պատճառները:

-Կուսակրոնությունը առաջին հայացքից դժվարին ուղի է, բայց միևնույն ժամանակ խորհուրդ ունի իր մեջ, որովհետև այլևս որպես ընտանիք, որպես զավակ, որպես տուն քեզ համար լինում է եկեղեցին և քո կյանքի առաքելությունը կայանում է այդ տունը պահելու, պահպանելու, զորացնելու մեջ, այն ուժը, այն սերը ինչը որ պետք է դնեիր ընտանիքիդ համար, պետք է դնես եկեղեցուդ համար և երանի նրանց, ովքեր կարողանում են այդ սուրբ առաքելությունը իրականացնել։ Եվ ամեն մեկս, մեր թերություններով հանդերձ, փորձում ենք հնարավորինս անել այն, ինչը որ շնորհված է, ինչը որ ժառանգված է մեզ։

-Հայր սուրբ, խնդրում եմ պատմեք միջնադարյան վանական համալիր հանդիսացող Դադիվանքի մասին, վանական համալիրի հիմնման հետ կապված ավանդության, վանական համալիրի մեջ մտնող եկեղեցիների և շինությունների, ինչպես նաև իրավունքի խորհրդի մասին։

-Դադիվանքը մեր Արցախ աշխարհի հրաշակերտ կոթողներից մեկն է։ Դադիվանքի համալիրը, երբ նայում ես, հասկանում ես, որ ժամանակին ծաղկուն և զորավոր վանք է եղել։ Գրադարան է եղել, հյուրերի համար եղել են հյուրատներ, մեծ սրահներ են եղել, որտեղ իրականացրել են ժողովներ։ Նաև կա մառան, որը ցույց է տալիս, որ եկեղեցին մնայուն և գործունյա կյանք է ունեցել։ Պատմությամբ և փաստաթղթով հաստատված է, որ ունեցել են հսկայական կալվածքներ։ Դադիվանքի ակունքները գալիս են ավելի հին ժամանակներից, երբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները եկան Հայաստան և ըստ կարգի՝ իրենք ունեին իրենց աշակերտները, ովքեր պետք է տարածեին քրիստոնեական լույսը և Դադին եղավ Թադեոս առաքյալի աշակերտներից մեկը, ով քարոզեց այդ տարածաշրջանում՝ Քարվաճառի շրջանում։ Երբ Դադին նահատակվել է, այնտեղ հետագայում  փայտաշեն ուխտատեղի են կառուցել, հետագայում կառուցել են եկեղեցիներ։ Հաճախ ասում են, թե իբր Դադիվանքի ճարտարապետությունը հայկական չէ, բայց մենք կարող ենք բազում հայկական եկեղեցիներ համադրել և հասկանալ, որ ճիշտ և ճիշտ հայկական ճարտարապետության ոգին և շունչն է պարունակում իր մեջ։ Երբ 1993 թվականին ազատագրվեց Քարվաճառի շրջանը մենք Դադիվանքը գտանք ախոռի կարգավիճակով։ Մեջը կրակ էին վառել, ամբողջ պատերը մրվել էր, անմխիթարության վերջին կետին էր հասել վանքը։ Սա ցույց է տալիս, որ իրենց համար վանքը որևէ արժեք չի ունեցել։ Պարզապես պատեր են եղել, որոնց մեջ ընտանի կենադանիներ են պահել։ Պատմության այդ խունացած էջերը, մուրը, երբ մաքրեցինք, հասկացանք, որ ունենք մի հրաշակերտ կառույց։ Դադիվանքը պատմությունից մեզ հայտնի է նաև մի կարևոր դրվագով՝ Մխիթար Գոշի։ Երբ ինքը աշխատում էր հայտնի Դատաստանագրքի վրա, նա որոշակի ժամանակով առանձնացել է Դադիվանքում՝ իր գործը գրելու համար։ Այստեղ երկու կարևոր կետ կա․ առաջինը այն, որ Մխիթար Գոշը գտել է այն վանքը, որտեղ կարող էր առանձնանալ և հնարավորություն ուներ ստեղծագործելու։ Երկրորդ կարևոր կետն այն է, որ Դադիվանքը հայկական եկեղեցի էր։ Եթե լիներ այլ եկեղեցի, բնականաբար Մխիթար Գոշը չէր ընտրի այդ վանքը։

-Ինչո՞ւ է ադրբեջանական քարոզչամեքենան հենց Դադիվանքը թիրախավորել ու այն ներկայացնում ուդիական եկեղեցի։

-Որովհետև Դադիվանքը պահպանվել է Ամենայն հայոց Կաթողիկոսի խնդրանքով։ Քանի որ Քարվաճառը հանձնվեց, Դադիվանքը կղզյակի պես մնաց։ Եվ սա, այսպես կոչված՝ չմարսված կտոր էր ադրբեջանցիների համար և ամեն ինչ փորձում էին անել, գտնել միջոցը, հայ հոգևորականի, հայի շունչը հանելու Դադիվանքից։

-Դուք հոգևոր ծառայություն եք իրականացրել Դադիվանքում։ Կմանրամասնեք, թե ի՞նչ գրքեր էիք կարդում, հայաթափված Քարվաճառում ինչպե՞ս էիք պատարագներ անցկացնում և արդյոք հայ ուխտավորներ այցելում էին վանական համալիր։

-Երջանիկ օրերի շղթա է եղել Դադիվանքում։ Եվ ինձ չեմ համարում վերջին վանահայր։ Դադիվանքը սպասում է և շատ վանահայրեր պետք է ունենա։ Հայ վանահայրեր պետք է լինեն այնտեղ և հայը պետք է աղոթի իր եկեղեցում։ Սա իմ համոզմունքն է՝ հույսով շաղախված։ Իսկ եկեղեցական կյանքը շատ հաճելի էր։ Եկեղեցու դռները միշտ բաց են եղել, որպեսզի ովքեր ցանկական, գան, աղոթեն և իրենց մեկ մոմը վառեն հայ եկեղեցու մեջ։ Գալով ընթերցանությանը՝ այնտեղ ցավ ի սիրտ շատ բան չէր մնացել, բայց մնացել էին Րաֆֆու հատորները։ Հնարավորություն եղավ դրանք ևս մեկ անգամ կարդալու։ Ավելի խորացված կարդացի «Խամսայի մելիքությունները»։ Ովքեր որ ցանկություն ունեն ճանաչելու Արցախի պատմությունը, և թե որտեղի՞ց եկան ադրբեջանցիները ու հաստատվեցին Արցախում, այս հարցերի պատասխանը մենք կարող ենք իմանալ ականատեսի գրվածքից։ Գրքում նկարագրվում է Շուշիի բերդի կառուցումը։ Նկարագրված է Դադիվանքը։ Ամարասի մասին է խոսում։ Եվ հասկանում ես, որ Արցախը այն ժամանակ ամբողջությամբ հայկականոտ էր։ Վառ վկայությունն է հարյուրավոր եկեղեցիները։ Եթե Արցախում հայերը չեն ապրել, ապա հայ եկեղեցիները ովքե՞ր են կառուցել։

-Կներկայացնեք մի հետարքիր պատմություն՝ կապված Դադիվանքում ձեր ծառայության հետ։

-Մի հետաքրքրական դեպք եղավ, երբ առաջին ու վերջին անգամ հայ ուխտավոր տեսա և դրանից հետո մեկ տարի այլևս հայ ուխտավոր չտեսա։ Որոշել էինք այդ օրը Դադիի գերեզմանի վրա պատարագ մատուցել, օրը մռայլ էր և մտահոգ էինք, որ բացօթյա պատարագը չենք կարող անել, եթե անձրև գա։ Անհամբեր սպասում էինք մեր ուխտավորների այցին։ Երբ եկան, գնացինք եկեղեցի, և սա ոչ միայն ես նկատեցի կամ սարկավագները, այլ հենց ռուս խաղաղապահները այդ մասին խոսեցին։ Ամպամած էր, բայց երկու ժամվա պատարագի ընթացքում անուշ արև էր։ Պատարագը վերջացավ և կես ժամ հետո սկսեց անձրև գալ։ Կարծես բնությունն էլ ուրախակից էր դարձել մեզ։

-Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի իրավազորության ներքո գործող և պատմամշակութային արժեք հանդիսացող ինչ վանքեր և կոթողներ թողեցինք Արցախում։

-Ինքներս մեզ թողեցինք Արցախում, մեր ինքությունը։ Մեր պատմությունը, մեր սրբությունը։ Ճանապարհին, երբ նայում էի խաչքարերին՝ ի՞նչ պետք է լինեն։ Այդ խաչքարերը դնողները ի՞նչ երազանքներ են ունեցել, ի՞նչ հույսեր են կապել։ Այս եկեղեցիները կառուցողները ինչեր են մտածել։ Չէ՞ որ արել են, որ հայը աղոթի։ Մենք ապրում ենք, բայց ես վստահ եմ, որ գիտակից հայը իրեն կորցրած է ապրում, որովհետև ինքը մնաց այնտեղ։ Կարևոր չէ, թե դու որտեղ ես ծնվել։ Հայրենիքը բոլորի ծննդավայրն է։ Մենք ուրիշի հողը չենք ուզում, ուրիշի եկեղեցին չենք ուզում, մենք մերն ենք ուզում։ Իսկ Արցախի «կորուստ» բառը չեմ ուզում գործածել։ Պարզապես այս պահին մենք ֆիզիկապես բաժանված ենք։

-Որն է մեր պայծառ երիտասարդների անմահացման խորհուրդը, ովքեր իրենց կյանքը դրեցին Արցախի և արցախահայության համար:

-Ցավ ի սիրտ, մեր հայոց պատմությունը, երբ կարդում ենք, այո, մենք մեր հողը մեր արյունով ենք պահել։ Մեր սարերը թև կանաչ են, բայց ավելի շատ կարմիր գույնով են ներկված եղել։ Եվ մի մաս էլ կազմեցին արցախյան ազատամարտի մեր հզոր հայորդիները, աղջիկ, թե տղա։ Նրանք գնացին հանուն հայրենիքի, հանուն սրբության, իրենք գնացին իրենց սահմանը պահելու, իրենց բաժին երկինքը պահելու։ Միևնույն ժամանակ իրենք պահելով՝ մեզ էին պահում։ Եվ իրենց արածը երբեք չենք կարող համարել անցյալ, ոչ, եթե մենք այսօր կանք, արդեն իսկ իրենք կան, որովհետև իրենց անցյալի գործով է, որ այս օրը կա։ Այդ տղաները ոռոգեցին, մեր հայոց հողը, որ մեր այգին ու պարտեզը չչորանա։

-Ինչպե՞ս պետք է գիտակցված սիրել հայրենիքը։

-Սերը գոյական է, բայց մենք պետք է վերածենք բայի։ Սիրել, այսինքն գործողություն պետք է անել։ Հայրենիքի նկատմամբ սերը ուղիղ համեմատական է զավակի նկատմամբ սիրուն, ծնողի նկատմամբ սիրուն։ Երբ, դու գործնականում սերդ չես արտահայտում, այդ նվիրումը չես ցուցաբերում, ուրեմն զուր է։ Կատարյալ սերն այն սերն է, որ Քրիստոս իր կյանքը տվեց բոլորիս համար։ Եվ հայրենիքն էլ մեր մեծագույն սերն է։ Պետք է խորապես ճանաչենք՝ ով ենք մենք։ Այստեղից է ամբողջ գաղտնիքը։ Երբ որ դու չգիտես՝ ով ես դու, այո, կարող ես ընկնել տարբեր հոսանքների մեջ, տարբեր գաղափարների մեջ։

-Ինչ դեր ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայրենասիրության տարածման և պետականապաշտպանության գործում։

-Հայ եկեղեցին երբեք իրեն դուրս չի դրել հայոց պատմության որևէ էջից, որովհետև, եթե խոսում ենք հայ եկեղեցու մասին, խոսում ենք հայի մասին։ Ովքե՞ր են այդ հոգևորականները, եթե ոչ հայ։ Մենք դարեր շարունակ եղել ենք մեր հոգևոր սահմանի պաշտպանը։

-Ի՞նչ է արդարությունը։

-Ազատություն։

-Ի՞նչ է բարոյականությունը։

-Բարու ճիշտ ընկալում և գործածում։

-Ի՞նչ է հավատքը։

-Ուժ, կյանք։

-Որքանո՞վ են արդարությունը, բարոյականությունը և հավատքը իրար հետ փոխկապակցված:

-Եթե ազատ կամքով դու բարիք չգործես, դու երբեք չես կարող վավեր մարդ լինել, և դրա համար այս երեքը միավորված են, երբ նայում ես, որ արդարությամբ, բարոյականությամբ և հավատքով այն հենասյուները կարող են լինել, որ դու որպես վավեր մարդ կարողանաս, ստեղծել, արարել և քո հետքը բարի թողնել այս աշխարհում։

Մանրամասները՝ տեսանյութում

Դադիվանքի լուսանկարները՝ Iravaban.net-ի թիմի անձնական արխիվներից

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել